Ինքնահրկիզվեք, դա հաստատ կօգնի

Ինքնահրկիզվեք, դա հաստատ կօգնի
Եթե մեր ընդդիմությանը կհետաքրքրի իմ համեստ կարծիքն այն մասին, թե ինչ պետք է անել, որպեսզի Սերժ Սարգսյանը հանկարծ վարչապետ չդառնա, ապա կարող եմ ասել, որ ընդդիմությունը նախ պետք է միավորվի: Այստեղից էլ ծագում է երկրորդ եւ ամենակարեւոր հարցը` իսկ ի՞նչ պետք է անել միավորվելուց հետո: Ընդդիմության միավորումը մի երկարուձիգ պրոցես է: Եթե ես էլ չասեմ, նախընթաց միավորումների պատմությունից հայտնի է, թե դա ինչ ճիգ ու ջանք պահանջող գործընթաց է: Երբեմն երկու էշի գարի ջոկելու համար ընդդիմադիրներն այնպիսի խնդիրներ են հարուցում, որ մնում ես ափիբերան` այ մարդ, դուք հավաքվել եք միավորվելո՞ւ, թե՞ իրար միս ուտելու:



Հիշում եմ, թե 2013թ. նախագահական ընտրություններից առաջ ինչպես էին միավորվում մեր ընդդիմադիրները: Այն ժամանակ հարցն այլ կերպ էր դրված` չթողնել, որ Սերժ Սարգսյանը վերընտրվի նախագահի պաշտոնում: Ով ասես, որ չէր եկել միավորվելու` ՀՀ նախագահի մեր մշտական թեկնածուները, ինչպես նաեւ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը»… Խոսում էին միասնական թեկնածուով գնալու մասին: Ովքեր ավելի խելոք ու իմաստուն էին, ասում էին` եկեք նախ համադրենք մոտեցումները եւ հետո միայն որոշենք միասնական թեկնածուին: Առավել անհամբերները պնդում էին հակառակը` չէ, նախ` միասնական թեկնածի անունը որոշենք: Երբ սրանց հարցնում էին` խի՞, չէին կարողանում հիմնավորել, թեեւ պատասխանն ինքնին հայտնի էր:



2013թ․, նախագահական ընտրություններից մոտ 3.5 տարի անց, տեղի ունեցավ Երեւանի ՊՊԾ գնդի գրավումը: Դա հերթական առիթը դարձավ, որպեսզի ընդդիմությունը կրկին խոսի միավորվելու անհրաժեշտության մասին: Խոսեցին, խոսեցին, սակայն մինչեւ Խորենացու փողոցից հասան Ազատության հրապարակ, պարզվեց, օրինակ, որ Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Մարտիրոսյանը նույնիսկ հակառակորդներ են: Եվ նրանց նման շատ այլ ընդդիմադիրներ հեռացան միմյանցից ու դիրքավորվեցին ընդդիմադիր դաշտի հայտնի ու անհայտ անդաստաններում:



Անցյալը փորփրելուց, ինչպես տեսնում եք, օգուտ չկա: Քաղաքականության մեջ որոշիչը ներկան է, եւ հիմա նորից միավորվելու պահանջ կա օդում, բայց ընդդիմադիր գործիչներից ամեն մեկը յուրովի է պատկերացնում այդ միավորումը, ավելի ստույգ` յուրովի է պատկերացնում այս էտապում Սերժ Սարգսյանին խանգարելու տակտիկան:



Նիկոլ Փաշինյանը, որ բոլորից ավելի բաց է, հայտարարել է, թե ձեռքերը ծալած չի հետեւելու Սերժ Սարգսյանի վարչապետացմանը: Եթե զուտ լեզվաբանության տեսանկյունից մոտենանք Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ապա դժվար է որոշել, թե նա ինչպես է հետեւելու գլխավոր գործընթացին` ձեռքերը գրպաններո՞ւմ, փորի տակ մատները ագուցա՞ծ, թե՞ մեջքին կանթած, քանզի այդ դիրքերում ձեռքերը հաստատ ծալված չեն: Մյուս ընդդիմադիրները նկատում են դա եւ նշում, որ մինչեւ Նիկոլ Փաշինյանը առարկայորեն չխոսի, իրենք չեն կարող ասել` կմիանա՞ն, թե՞ ոչ: Իսկ Նիկոլ Փաշինյանն իր ամենամերձավոր գործընկերոջը` Էդմոն Մարուքյանին անգամ չի կարողանում համոզել, որ ոչ թե ձեռքերը ծալած, այլ, առնվազն իր պես պետք է հետեւել Սերժ Սարգսյանի վարչապետացման պրոցեսին: Չգիտեմ, պատճառը, գուցե, այն է, որ Սերժ Սարգսյանն իսկապես վերացրե՞լ է բոլոր խոչընդոտները:



Քանի դեռ մեր ընդդիմադիրները միավորվելու ճանապարհին են, ժամանակը, բնականաբար, աշխատում է Սերժ Սարգսյանի օգտին, եւ նրան կանգնեցնելը դառնում է ավելի ու ավելի դժվար: Ի պատիվ Սերժ Սարգսյանի պետք է ասել, որ ոչ ոք դեռ հաստատ չգիտի` դառնալո՞ւ է նա վարչապետ, թե՞ ոչ: Սա շատ կարեւոր հանգամանք է, ի դեպ, եւ չի կարելի անտեսել: Մեկ էլ կարող է պարզվել, որ այնպիսի մի գործընթաց, ինչպիսին Սերժ Սարգսյանի վարչապետացումն է, ընդհանրապես գոյություն չունի, իսկ ընդդիմությունը փորձում է նրան խանգարել:



Այսուհանդերձ` միավորվելն ավելի լավ է, քան չմիավորվելը: Առջեւում ԱԺ նոր ընտրություններն են, որոնց ընդառաջ ընդդիմությունն արդեն հաստատ կիմանա, թե ում եւ ինչի դեմ պետք է պայքարել, եւ միավորման գործընթացն էլ կընթանա այդ ուղղությամբ: Գուցե հարց դրվի խաչ քաշել կուսակցական ամբիցիաների վրա եւ միասնական դաշինքով գնալ այդ ընտրություններին` թույլ չտալով իշխող ուժին միանձնյա մեծամասնություն կազմել խորհրդարանում: Դա շատ գործնական քայլ կլինի ընդդիմության կողմից, հետեւաբար, այսօրվանից արդեն պետք է սկսեն միավորվել, որպեսզի հետո իրարանցում չսկսվի, ու չկարողանան այդ հասարակ հարցը լուծել:



Դարձյալ գամ հոդվածի սկզբում արծարծված մտքին: Եթե մեր ընդդիմությանը կհետաքրքրի իմ համեստ կարծիքն այն մասին, թե ինչ պետք է անել, որպեսզի Սերժ Սարգսյանը հանկարծ վարչապետ չդառնա, ապա կարող եմ ասել` նախեւառաջ ձեւակերպեք հեռահար նպատակը: Եթե պնդում եք, որ ձեր հեռահար նպատակը Սերժ Սարգսյանին խանգարելն է, ապա մնում է անել միակ քայլը` բոլոր ընդդիմադիրներով հավաքվել հրապարակում եւ ինքնահրկիզվել: Իմ կարծիքով` այս իրավիճակում միայն դա կազդի Սերժ Սարգսյանի վրա ու կստիպի նրան փոխել որոշումը:



**ՀԳ**. Խնդրում եմ այս վերջին միտքը չհամարել ինքնահրկիզման կոչ` ուղղված ընդդիմությանը: Դա ընդամենը տարբերակներից մեկն է:



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**