Սերժ Սարգսյանը Գարեգին Բ-ին կանչել է իր մոտ զգաստացնելո՞ւ

Սերժ Սարգսյանը Գարեգին Բ-ին կանչել է իր մոտ զգաստացնելո՞ւ
Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց Գերագույն հոգեւոր խորհրդի հերթական ժողովը: Նշենք, որ մի քանի արտագնա ժողովներից հետո, որոնք անցկացվեցին արտասահմանում, այս ժողովը տեղի է ունենում Մայր Աթոռում, ինչպես որ եղել է միշտ, ընդունված ավանդույթի համաձայն: Ու մինչ հայության հոգեւոր մայրաքաղաքում աշխատանքն սկսեց առաքելական եկեղեցու բարձրագույն մարմիններից Գերագույն հոգեւոր խորհուրդը, հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդին` Համլետ Ներսիսյանը, փորձել է մարդ առեւանգել: Ու զարմանալի էր, որ ժողովի օրակարգում, օրինակ, որպես արտակարգ հարց չներառվեց այն, թե, ասենք, կաթողիկոսն ինչպես է վերաբերվում միջադեպին, արդյո՞ք կարիք չկա, որպեսզի նա բոլոր հավատացյալներից, թեկուզեւ զուտ էթիկայից ելնելով, ներողություն խնդրի իր զարմիկի արարքի համար: Եկեղեցական պաշտոնական լրահոսից այնպիսի տպավորություն կար, թե նման միջադեպ չի էլ եղել:



Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը համառոտ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով օրակարգային ամենակարեւոր հարցերը: Մայր Աթոռում տեղի էր ունենալու խաղաղ բողոքի ակցիա, որի մասնակիցները պահանջելու էին Գերագույն հոգեւոր խորհրդից՝ պատժել Կ. Պոլսի պատրիարքական աթոռն ուզուրպացրած Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: Արդեն օրվա երկրորդ կեսին ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակվեց հաղորդագրություն, որից պարզ դարձավ, որ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամները կաթողիկոսի գլխավորությամբ հրավիրվել են Երեւան` նախագահական նստավայր, եւ հանդիպում է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի եւ ԳՀԽ անդամների ու Գարեգին Բ-ի միջեւ, որի ընթացքում մի շարք բարձրաստիճան եկեղեցականների Սերժ Սարգսյանը պետական բարձր պարգեւներ է հանձնել: Այս ամենը, սակայն, միայն արտաքին շղարշն է կատարվածի:



Հանրապետության նախագահի` այդ հանդիպման ընթացքում ասված խոսքից կարելի էր որոշակի նյուանսներ որսալ, որոնք զգաստացնող նոտաներ էին պարունակում: Մասնավորապես, Սերժ Սարգսյանը բավական բազմանշանակ կերպով ասել է, որ, ունենալով իր տարիքին համեմատ վիթխարի փորձառություն ու իմաստնություն, Գարեգին Բ-ն եւ Գերագույն հոգեւոր խորհուրդն այնպիսի քայլեր կանեն, որոնք ընդունելի եւ ընկալելի կլինեն ժողովրդի լայն զանգվածների կողմից եւ նաեւ կկարողանան եկեղեցու առաքելությունը համապատասխանեցնել ժամանակի մարտահրավերներին եւ ոգուն: Եթե համեմատենք Սերժ Սարգսյանի` առաքելական եկեղեցու մասին արված հայտարարությունները, կարելի է հստակ արձանագրել, որ բառապաշարում կա որոշակի խստացում: Իսկ եթե հաշվի առնենք այն, որ հանրապետության նախագահը պարգեւներ է հանձնել այնպիսի բարձրաստիճան եկեղեցականների, որոնց մեջ նաեւ կան մարդիկ, ովքեր լոյալություն են հանդես բերում Գարեգին Բ-ի հանդեպ, առավել պերճախոս կդառնա, որ Սերժ Սարգսյանը դժգոհ է կաթողիկոսից: Եվ ինչպե՞ս դժգոհ չլինի, եթե, ասենք, Գարեգին Բ-ի եղբայրը` Գեւորգ Ներսիսյանը, արդեն 16 տարի Գարեգին Բ-ի հայրենի Ոսկեհատ գյուղի (Չորրորդ սովխոզի) գյուղապետն է, եղբորորդին` Կորյուն Ներսիսյանը, մարդու առեւանգման փորձ կատարած Համլետ Ներսիսյանի եղբայրը, դատախազ է եւ մի տարի առաջ կրկին հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում, քանի որ դատական նիստի ժամանակ հարձակվել էր փաստաբան Գեւորգ Մելիքյանի վրա եւ հայհոյել նրան, եւ էլի բազմաթիվ դրվագներ, որոնց մասին «Հրապարակը» գրել է իր «Ազգուտակով պաշտոնյա» շարքի` Ամենայն հայոց կաթողիկոսին նվիրված հոդվածում եւ այլ հրապարակումներում:



**ՀԳ․** Երեկ մի շարք ՀԿ-ներ, պաստառներով, կարգախոսներով Թամանյանի արձանի մոտ հավաքվելով, շարժվել են դեպի Մայր Աթոռ, որտեղ ակցիա են արել՝ ընդդեմ Պոլսի պատրիարք Աթեշյանի։ Ակցիային մասնակցած ԱԺ նախկին պատգամավոր **Արագած Ախոյանը** մեզ պատմեց․ «Էնտեղ սկզբից դարպասները փակեցին, հետո ասացին՝ հիմա մեզ կդիմավորեն բարձր մակարդակով եւ մեզ հետ կզրուցեն։ Եկավ Նաթան սրբազանը, ով Մայր Աթոռի արտաքին կապերի պատասխանատուն է, եւ մի ուրիշ սրբազան։ Եվ ասաց, որ պաստառների կարիք չկար, մենք հասկանում ենք, մենք էլ ձեզնից մեկն ենք, մենք էլ ենք անհանգստացած խնդրի շուրջ եւ այլն։ Մենք իրեն ասացինք, որ եկեղեցական խորհրդի նիստին քննարկվելու է իր հարցը, եւ հուսով ենք, որ նորմալ մի պատիժ կնախատեսենք, որ ե՛ւ դաս լինի, ե՛ւ, վերջիվերջո, հայ եկեղեցին իր հոտին տիրություն անի»։ Նա նշեց, որ պաստառների վրա գրված է եղել «Ամոթ Աթեշյանին», «Աթեշյան Պետրոս Գետադարձ», «Ազատեք մեր եկեղեցին սրբապիղծներից»։ Նաեւ, մի ծաղրանկար-պաստառ, որում պատկերված է եղել, թե ինչպես է Էրդողանը ձգում Աթեշյանի ականջը։



**Տիգրան ՎԱՀԱՆԵ**