«Հրապարակ». Մենք չենք ճանաչում գեթ մեկ ուսուցիչ, որ 500 հազար դրամ աշխատավարձ ստանա

Մի քանի օր է՝ Ազգային ժողովում քննարկում են ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Հերթով ելույթ են ունենում ՀՀ վարչապետն ու նախարարները: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին, որը նախորդ տարի առաջին անգամ իրականացվել է էլեկտրոնային ձեւաչափով, եւ տեղեկացրել է, որ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը մեկնարկել է 2021 թվականից: Առաջին տարին իրականացվել է փորձնական կարգով եւ հասանելի է եղել կոնկրետ առարկաների եւ կոնկրետ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար: 2023-ից կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն են ունեցել բոլոր ուսուցիչները: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2024-ին էլեկտրոնային եղանակով իրականացված ատեստավորման ընթացքում լուրջ տեխնիկական խնդիրներ չեն առաջացել․ քննական որոշ կենտրոններում առաջացած համացանցի հասանելիության եւ տեխնիկական բնույթի այլ խնդիրներն անմիջապես կարգավորվել են:
«Էլեկտրոնային եղանակով կամավոր ատեստավորման հաջողությամբ իրականացված գործընթացը ցույց տվեց, որ ուսուցիչների համար էլեկտրոնային տարբերակն ավելի դյուրին է: Նախկինում նրանք ստիպված էին լինում ժամանակ տրամադրել առաջադրանքների պատասխանների թղթային ձեւաթղթում գրանցելու համար: Նշումներ կատարելու ժամանակ նաեւ տեխնիկական վրիպակներ էին թույլ տալիս, ինչը եւս իր ազդեցությունն էր ունենում արդյունքի վրա»,- ասել է Անդրեասյանը եւ ընդգծել՝ այժմ ուսուցիչները հնարավորություն ունեն տեղում պատասխանելու հարցերին եւ ավարտելուց անմիջապես հետո իմանալու արդյունքը: Նաեւ նշել է, որ մինչեւ ատեստավորումն էլեկտրոնային ձեւաչափով ուսուցիչներին տրամադրվել է առաջադրանքների փորձնական տարբերակը, որպեսզի նախապես կարողանան ծանոթանալ համակարգին: Նախարարը տեղեկացրել է, որ հավաքագրվել են նաեւ ուսուցիչների՝ էլեկտրոնային համակարգն առավել դյուրին դարձնելու վերաբերյալ դիտարկումները. «Այժմ նաեւ շրջանառվում է կամավոր ատեստավորման կարգի փոփոխության նախագիծը, որով լրամշակվում են որոշակի ընթացակարգեր՝ գործընթացի առավել արդյունավետ իրականացման նպատակով»:
Անդրադառնալով կամավոր ատեստավորման արդյունքներին՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ ուսուցչական համակազմի 20%-ը կամավոր ատեստավորման արդյունքներով հիմա բարձրացված վարձատրություն է ստանում: «Վարձատրության բարձրացման արդյունքում ունենք ուսուցիչներ, որոնք մինչեւ 595 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Ընդհանուր առմամբ՝ վարձատրության համակարգն էապես բարելավվել է: Այս տարի, կարծում եմ, կունենանք շատ ավելի մեծ մասնակցություն: Վստահ եմ՝ մեր բոլոր ուսուցիչները կկարողանան դառնալ այս համակարգի շահառու»,- եզրափակել է նախարարը:
Անդրեասյանի հատկապես վերջին պնդումներն իրարանցում են առաջացրել համացանցում: Մարդիկ զարմանում ու տարակուսում են, թե ինչու է ԿԳՄՍ նախարարը նման հայտարարություններ արել` Հայաստանում մանկավարժները չնչին աշխատավարձեր են ստանում եւ մի կերպ գոյատեւում, ոչ ոք չի ճանաչում 500-600 հազար աշխատավարձ ստացող ուսուցիչների:
Իջեւանի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցիչներից մեկը «Հրապարակին» հայտնեց, որ իրենց դպրոցում ընդամենը մեկ ուսուցիչ է ատեստավորվել, որը ստանում է 200 հազար դրամ աշխատավարձ: Մեր զրուցակիցը պնդեց, որ ինքը լավատեղյակ է` Իջեւանում չկա գոնե մեկ ուսուցիչ, որը 500 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Մեր զրուցակիցն ասում է` Ժաննա Անդրեասյանը կա՛մ ստում է, կա՛մ` չափազանցնում:
Զրուցեցինք նաեւ Մասիս համայնքի տարրական դասարանների ուսուցչուհի, զոհվածի մայր Ելիզավետա Օհանջանյանի հետ: Օհանջանյանը, անդրադառնալով նախարար Անդրեասյանի հայտարարություններին, ասաց. «Վայ, էդ հիմարություններին ո՞նց կարելի է հավատալ: Մենք ունենք ուսուցիչներ, ովքեր ատեստավորվել են, սակայն նախարարության նշած գումարները չեն ստանում, թեպետ ես երբեք չեմ հետաքրքրվում, թե ով ինչքան գումար է ստանում, բայց հաստատ գիտեմ, որ նման թիվ չկա: Ես չգիտեմ` ով քանի տոկոս է հավաքել, սակայն այդ տոկոսները որոշակի են ազդում աշխատավարձի վրա: Գիտե՞ք, հարցը նրանում է, որ խոսում են կրթվելուց, ուսուցիչներից էլ չգիտես, թե ինչեր են պահանջում, իսկ իրականում տգիտություն են քարոզում: Օրեր առաջ լսեցի՝ իշխանական մեկը պնդում էր, որ, անկախ այն բանից, թե ինչ գնահատականներ է ստանում երեխան, միեւնույն է` վերջում պիտի ատեստատ ստանա: Այսինքն` ի՞նչ է դա նշանակում, որ արդեն դպրոցն էլ ենք քանդում: Ամեն ինչ քանդում են` երկիրը քանդում են, տունը քանդում են, դպրոցը քանդում են, սրանց ո՛չ կրթությունն է հետաքրքրում, ո՛չ բարեկրթությունը, ոչ մի բան, անկիրթ են սրանք: Հայ ազգն իրեն բնորոշ առանձնահատկություններ ուներ, սրանք լրիվ խարխլեցին ամեն ինչ: Ես` ինքս, չեմ ատեստավորվել եւ չեմ էլ ուզում, գուցե հետագայում ցանկանամ, եթե նորմալ բան տեսնեմ այդտեղ: Բայց այս պահի դրությամբ` չարժե ատեստավորվել: Ես առանց այդ ատեստավորման էլ կարողանում եմ կրթել ու հայրենասեր դաստիարակել իմ աշակերտներին, տա Աստված, որ այսօրվա ուսուցիչները երեխաներին ոչ միայն գիտելիք տան, այլեւ սովորեցնեն հայրենասիրություն, ընկերասիրություն, ամենակարեւորը` երեխային սիրել սովորեցնեն: Ուսուցիչն ընդամենը հիմք դնողն է, բայց հիմքի վրա պատեր շարողը երեխան ինքն է լինելու: Ես իմ աշակերտներին տալիս եմ հնարավորություն, որպեսզի հասկանան, թե ինչ են ուզում, ինչի համար են ուզում: Երեխաները պետք է հասկանան, որ վաղը երկրի հզորացմանը պետք է նպաստեն: Հայաստանում, ցավոք, կան ուսուցիչներ, ովքեր դպրոց մտնելու իրավունք չունեն: Ուսուցիչը եթե չի սիրում երեխային, իրավունք չունի դպրոց մտնելու: Երեխայի գիտելիքը չի կարելի անգիր անելով ստուգել, եթե անգիր են անում, չի նշանակում, որ հասկանում են, երեխան պետք է գիտակցաբար արտաբերի խոսքը»:
Զրուցեցինք նաեւ պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանի հետ: Նա եւս նշեց, թե առաջին անգամ է լսում, որ որեւէ ուսուցիչ 600 հազար դրամ աշխատավարձ ստանա։ «Ատեստավորման արդյունքում տոկոսային հարաբերակցությամբ է բարձրանում աշխատավարձի չափը, իմ շրջապատում չգիտեմ նման ուսուցիչ, որը 500-600 հազար դրամ աշխատավարձ է ստանում»,- նշեց նա:
Կարծիքներ