Ազատության հրապարակում նշվեց Ղարաբաղյան շարժման 30-ամյակը

Ազատության հրապարակում նշվեց Ղարաբաղյան շարժման 30-ամյակը
Այսօր լրացավ Ղարբաղյան շարժման 30-ամյակը։ Օրվա առթիվ ՀԱԿ-ը Ազատության հրապարակում ցուցահանդես -հանրահավաք էր կազմակերպել։ Ցուցադրվում էին 1988-ին արված լուսանկարներն ու այդ օրերին Ազատության հրապարակում պարզված պաստառները։ Նախքան կազմակերպիչների ելույթները՝ հնչեց այդ տարիներին հատնի Աշոտի շեփորը, ինչից հետո ելույթով նախ հանդես եկավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկայնը։



Նրա խոսքով՝ Ղարաբաղյան շարժումը անկախական շարժումներից առաջինն էր, ինչը և խարխլեց Խորհրդային միության հիմքերը․ «30 տարի առաջ այս հրապարակը ցնցեց ամբողջ աշխարհը։ Այս հրապարակում սկսվեց շարժում, որը սկիզբ դրեց սովետական իմպերիայի քայքայմանը, այն խարխլեց այդ կայսրության հիմքերը։ Ղարաբաղյան ազատագրական շարժումը առաջնեկն էր ամբողջ այդ ազատական և անկախական շարժումների։ Ղարաբաղյան շարժումը ոչ միայն առաջինն էր իր ժամկետով, այլ առաջինն էր իր մոբիլիզացիայով, իր կազմակերպվածությամբ, իր հումանիզմով, երկարակեցությամբ և առաջինն էր իր արդյունքով։ Տարբեր երկրներում եղան նմանատիպ շարժումներ՝ հզոր շարժումներ, բայց ամենաարդյունավետը, ամենաերկարը և ամենաքիչ կորուստներովը հայաստանյան-ղարաբաղյան շարժումն էր»։



Այնուհետ Արամ Մանուկյանը սկսեց թվարկել Ղարաբաղ կոմիտեի բոլոր անդամների անունները և խոսքը փոխանցեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Բաբկեն Արարքցյանին։ Արարքցյանն էլ իր խոսքում ընդգծեց 1988-ին Հայաստանի տարած 3 կարևորագույն հաղթանակները․ «Ղարաբաղում շարժումը սկսել էր մի քիչ ավելի շուտ։ Հայաստանյան շարժումը, թողնելով ղարաբաղյան հարցը ուշադրության կենտրոնում, շատ արագ ընդլայնվեց ՝ առաջարկելով Հայաստանի և Ղարաբաղի ապագայի համար նոր օրակարգ։ Արդեն 1988 թվականի օգոստոսին հրապարակվեց հայոց համազգային շարժման ծրագիրը, որը հիմնականում իրագործվեց։ Մեր կարևոր հաղթանակներից առաջինը այն է, որ Հայաստանը դարձավ անկախ պետություն, ստեղծվեց 3-րդ Հանրապետությունը, երկրորդը՝ Արցախը դուրս բերվեց Ադրբեջանի կազմից, այսօր այն դե ֆակտո անկախ է, երրորդը՝ տապալվեց կոմունիստական բոլշևիկյան բռնապետությունը»։



Բաբկեն Արարքցյանին էլ ելույթներով հաջորդեցին Ղարաբաղ կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը, պատմաբան Վահրամ Թոքմաջյանը և այլք։



**Կորյուն Սիմոնյան**