1920 թ․ մայիսին սկսված քաղաքացիական պատերազմը դեռևս չի ավարտվել

1920 թ․ մայիսին սկսված քաղաքացիական պատերազմը դեռևս չի ավարտվել

Այս տարի լրանալու է Հայաստանի Առաջին Հանրապետության 100 ամյակը։ Նշանավոր այս տարեթվի համատեքստում հանրային տիրույթում լայն քննարկումներ են սկսել Հանրապետության ստեղծման, ընթացքի և առհասարակ կարճատև գոյության վերաբերյալ։

Զուգընթաց 1918 թ․ ստեղծված Առաջին Հանրապետության շուրջ ինչ-որ պաշտամունքի գաղափարական միջավայր է ձևավորվել, որն արհեստական կերպով հակադրության մեջ է դրվում խորհրդային իրականության հետ։ Այլ խոսքով ասած Հայաստանի պատմության այդ երկու իրականությունները մարտնչում են միմիյանց դեմ՝ երկփեղկելով հանրային ընկալումները պատմության վերաբերյալ։

1920 թ. մայիսին սկսված քաղաքացիական պատերազմը դեռևս չի ավարտվել: Որոշակի ընդմիջումներով այն շարունակվում է ավելի քան մեկ դար: Արդի շրջափուլում դատարանի առջև են կանգնած կոմունիստ գործիչները: Բայց ո՞ր դատարանով, արդյո՞ք այդ դատարանը կարող է համապատասխան դատավճիռ արձակել: Տեսնենք:

Ազգայնական պատմագրությունը պատմական գործիչներին արժևորում է «ազգի հըմար մի բան արա» սկզբունքով: Այսինքն ով «ազգի, ԷրԳրի հըմար մի բան արել է» բարի հերոս է, իսկ ով չի արել, ապա չար է ու «քխ»:

Խոստովանենք, որ գործ ունենք գավառական կամ ավելի շուտ պրովինցիալ մոտեցման հետ: Այսինքն՝ մեր հասարակական միտքը ի զորու չէ լոկալ երևույթը դիտարկել համամարդկային տիրույթում կամ այլ խոսքով ասած ազգայինը ներդաշնակեցնել համաշխարհայինի հետ ու հակառակը՝ համաշխարհայինը տեղայնացնել ազգայինի մեջ: Սա է այն հիմնական պատճառներից մեկը, թե ինչու է հայոց պատմությունը անդամահատված համաշխարհային պատմությունից: Ինչպես պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանն է ասում Համաշխարհային պատմությունը արդեն 100 տարի է, ինչ գրվում է առանց հայերի: Մի խոսքով պատմությունը դիտարկելով որպես «ազգի հըմար մի բան արածների ու չարածների» անդեմ միջավայր, մենք մարգինալացրել ենք Հայոց պատմությունը:

Այս պարզ մեթոդաբանությունը չընկալելու պատճառով մենք պատին ենք դեմ տվել հայ կոմունիստներին ու փորձում ենք դատել՝ մոռանալով, որ պատմագիտությունը չի սահմանափակվում միայն չոր արխիվային աշխատանքով, ավելին՝ արխիվային հարուստ նյութը առ ոչինչ է, եթե ներդաշնակեցված չէ պատմության փիլիսոփայությանը: Այս օրինաչափությունը հաշվի չառնելու պարագայում գործ ենք ունենալու բարու և չարի չընդհատվող հազարմյա պայքարի հետ:

Եվ այսպես, ո՞ր օրենքով են դատում կոմունստներին: «Ազգի, Էրգրի հըմար մի բան» չանելու՞ համար: Նրանք հեղափոխականներ էին, պետության գաղափարը մերժող և համաշխարհային հեղափոխության գաղափարներով տարված պրոֆեսիոնալ հեղափոխականներ: Նրանք այն համոզմունքն ունեին, որ Ռուսաստանում բռնկված համաշխարհային հեղափոխոխությունը շուտով տարածվելու է ամբողջ աշխարհով մեկ և իսկապես պայքարում էին հանուն այդ գաղափարի: Նրանցից շատերը չէին էլ պատկերացնում, որ համաշխարհային հեղափոխությունը սահմանափակվելու է միայն Ռուսաստանով և հեղափոխության առաջնորդները ստիպված պետք է պետություն ստեղծեին, որպեսզի պահպանեին հեղափոխության արդյունքերը:

Հիմա էսքանից հետո ո՞նց եք պատկերացնում, ինտերնացիոնալ գաղափարներով տարված հայ կոմունիստների համար Հայաստանի Առաջին Հանրապետությունը որևէ արժեք ներկայացնու՞մ էր, թե՞ ոչ: Նրանց համար Դաշնակցական Հայաստանը թշնամական իմպերիալիստական, կապիտալիստական մի որջ էր և նրանք այն համոզմունքն ունեին, թե ազատագրում են հայ ժողովրդին այդ լծից:

Այսքանից հետո արդյո՞ք ճիշտ է նրանց դատել նեղ սահմաններ ունեցող ազգային դատարանում: Նրանք պետք է դատվեն իրենց գաղափարական ընկալումներին համապատասխանող դատարանում՝ որպես ինտերնացիոնալ հեղափոխականներ, այլ ոչ թե՝ ազգային գործիչներ, որոնք ազգի հըմար մի բան չեն արել:

Բայց արդյո՞ք նրանք պետք է դատվեն, ինչի՞ համար, ի՞նչ օրենք են նրանք խախտել և ընդհանրապես ի՞նչ օրենք, հեղափոխության և հակահեղափոխության տիրույթում օրենքներ չեն գործում: Երբ Ռոբեսպիերին բարձրացնում են գիլյոտինի վրա, նա գոռում է, որ դա անօրինական է: Իսկ նրան պատասխանում են ի՞նչ օրենք, հեղափոխության ժամանակ օրենքներ չկան, Բաստիլի գրավումը օրինակա՞ն էր:

Եթե Ռոբեսպիերը ու յակոբինյանները հանցագործ չեն, ապա ինչու՞ են հայ կոմունսիտները հանցագործ:

Հիմա ինձ կասեն Հայաստանի Հանրապետության կործանման պահին հեղափոխությունը ավարտվել էր, իսկ ես կպատասխանեմ, որ ո՛չ, տիկնայք ու պարոնայք, դուք ընդամենը հեղափոխության ժամանակագրությունն եք անգիր սովորել, բայց չեք հասկանում դրա էությունը:

Բնականաբար պատմությունը մարգինալացնող մարդիկ չեն կարող հասկանալ նաև այն փաստը, որ ես բոլշևիկների ֆանատներից չեմ, այլ պարզապես փորձում եմ բացատրել, որ համանման նեղ ազգային ընկալումներով շարունակելու ենք ապրել նեղ գավառական տրամաբանությամբ՝ աշխարհից անդին ու մոռացված:

Ֆերնան Բրոդելն իր «Քաղաքակրթությունների քերականություն» աշխատությունը միտումնավոր կերպով չի սկսում «Արևմտյան քաղաքակրթությունից», իսկ Խորհրդային Միության մասին խոսելուց առաջ շեշտադրում է, որ թքած ունի, թե ինչ են խոսում ԽՍՀՄ-ի մասին Արևմուտքում: Այ քեզ ապազգային մտածող, որին ափսոս Հայաստանում շատ քչերն են ճանաչում:

Նոյեմբերի 29-ին սկսեց Հայաստանի խորհրդայնացման գործընթացը: Միայն մի բան ասեմ՝ շատ ավելի ճիշտ կլիներ, եթե Հայաստանը խորհրդայնացվեր մայիսին, միևնույնն է խորհրդայնացվելու էր, ապա թող խորհրդայնացվեր Կարսի, Նախիջևանի, Սուրմալուի, Մասիսի և Անիի հետ միասին: Բայց Դաշնակցական իշխանությունները այդքանը չհասկացան, պահանջեցին Էրզրումը, բայց կորցրեցին Ալեքսանդրապոլը: Չհասկացան, որ Սևրի պայմանագիրը Հայաստանի համար կեղծ փաստաթուղթ էր։

Ո՞վ չի ցավում Երևանի բանտում կացնահարվածների ու գնդկահարվածների համար, իհարկե իսկապես ցավալի է, բայց դե ի՞նչ արած հեղափոխությունը մնում է հեղափոխություն, որտեղ իրար չեն ներում: