Ով լիբերալ չի, կամ խիղճն ու հոգին ուրացած իշխանավոր է, կամ էլ անհույս ստրկամիտ

Ով լիբերալ չի, կամ խիղճն ու հոգին ուրացած իշխանավոր է, կամ էլ անհույս ստրկամիտ
Որոշ թշվառների պետք է ևս մեկ անգամ բացատրել, որ պետք չի այդ աստիճան սարսափել լիբերալիզմ (ազատականություն) բառից: Այդ բառը առաջացել է լատիներեն liberalis (ազատ) բառից, որը մարդու ստեղծած թերևս ամենավեհ իմաստ ունեցող բառերից մեկն է: Լիբերալիզմը այն գաղափարախոսությունն է, որը հռչակում է մարդկանց անհատական իրավունքների ու ազատությունների անբեկանելիությունն ու գերակայությունը, և դրանք ընդունում է որպես միակ իրավական հիմք հասարակությունն ու ընդհանրապես պետությունը կազմակերպելու համար: Լիբերալիզմը խոսքի ու խղճի ազատությունն է, ոչ ոք իրավունք չունի մարդկանց զրկել ազատորեն մտածելու և արտահայտվելու իրավունքից: Նաև յուրաքանչյուր ոք իրավունք ունի լինել իշխանության կազմում կամ էլ այդ իշխանությունում իր ներկայությունը ապահովել իր կողմից լիազորված անձի միջոցով, այսինքն՝ քաղաքացին է տերն ու սուվերենը իր երկրի:



Լիբերալիզմը հռչակում է մասնավոր սեփականության անձեռնմխելիություն, որը մարդկանց հեղինակային իրավունքի ու բիզնեսի անվերապահորեն պաշտպանված լինելն է նշանակում, և որն էլ հիմքն է տնտեսության մեջ ոչ մենաշնորհային ազատ շուկայական հարաբերությունների: Իսկ իրավական տեսանկյունից Լիբերալիզմը օրենքների գերակայություն է նշանակում: Օրենքը բարձր է ցանկացած կառավարչի ու իշխանավորի կամքից, օրենքի արջև բոլորն են հավասար, անկախ նրանց հարստությունից, դիրքից, ծագումից, սեռից ու ազդեցությունից. և սա է քաղաքացիական հասարակության ու իրավական պետության հիմքերի հիմքը: Ով որ դեմ է Լիբերալիզմին նա մարդատյաց է: Լիբերալիզմի գաղափարախոսության դեմ դուրս եկած ցանկացած գաղափարախոսություն, ինչքան էլ որ ծպտված լինի գեղեցիկ ֆրազների ետևում, միևնույնն է՝ հակամարդկային է: Այն մարդիկ, որոնք պայքարում են Լիբերալիզմի դեմ, ուրեմն, պայքարում են հանուն տերերի ու ծառաների հասարակարգի, որտեղ իրենք իրենց որպես տեր են պատկերացնում միայն: Այն բոլոր վայրահաչությունները, որ իբր թե Լիբերալիզմը ամենաթողություն է քարոզում, կամ այլասերվածություն, ընդհանրապես իրականության հետ կապ չունեն։ Ով այդպիսի բաներ է անում Լիբերալիզմի անվան տակ, ուրեմն իմացեք, որ նա Լիբերալիզմի ամենամեծ թշնամին է:



Շատերը սիրում են մատնացույց անել սեռական փոքրամասնությունների խնդիրը: Այո, Լիբերալիզմը պաշտպանում է փոքրամասնությունների իրավունքները, այդ թվում նաև սեռական փոքրամասնությունների, բայց դա արվում է ելնելով Ժողովրդավարության կանոններից, որովհետև Ժողովրդավարությունը մեծամասնության իշխանությունն է փոքրամասնության վրա, բայց մի պարտադիր պայմանով, որ փոքրամասնությունների իրավունքները անվերապահորեն պիտի հարգվեն մեծամասնության կողմից, այլապես դա կվերածվի մեծամասնության դիկտատուրայի փոքրամասնության վրա, որն արդեն ժողովրդավարական ու ազատական հասարակություն չի կարող համարվել: Կամ՝ ոմանք ցանկանում են Լիբերալիզմի հիմք հանդիսացող Քաղաքացիության գաղափարը հակադրել Ազգայինին, որը նույնպես կեղծիք է. ընդհակառակը, ցանկացած բռնություն ուղղված մարդկանց կոլեկտիվ ինքնագիտակցության դեմ, որի մեջ է մտնում նաև ազգային ինքնության գիտակցումը, մարդու հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարում է, որն ուղղակի անհամատեղելի է Լիբերալիզմի սկզբունքների հետ:



Այսինքն, այսօրվա դրությամբ հասարակական ու քաղաքական կյանքը կարգավորող ամենահումանիստական ու ամենաարդարացի ուսմունքը Լիբերալիզմն է, մնացած բոլոր ուսմունքները ավտորիտարիզմի ու տոտալիտարիզմի տարբեր դրսևորումներ են ընդամենը, որոնք հորինել են իշխողները ստրուկներին ու ճորտերին հիմարացնելու և իրենց բռի մեջ մշտապես պահելու համար: Հետևաբար ով որ Լիբերալ չի, նա կամ խիղճն ու հոգին ուրացած իշխանավոր է, կամ էլ անհույս ստրկամիտ է, երկրորդ տարբերակը բացառվում է (եթե տխմարներին չհաշվենք իհարկե)։



**Թորոս Ալեքսանյան**