Չի կարելի խնդրել, որ շունը չհաչի

Չի կարելի խնդրել, որ շունը չհաչի
Ճիշտն ասած` ես չեմ հիշում մի դեպք, որ միջազգային հանրությունը նախատեր Բաքվին իր ռազմատենչ հայտարարությունների համար: Մյուս կողմից էլ այդ ռազմատենչ հայտարարությունները, որ Սերժ Սարգսյանի դիպուկ բնորոշմամբ «զառանցանք» են որակվել, նոր չեն մեզ համար: Ուրեմն ինչո՞ւ ենք այսպես սևեռվել Ալիևի` «Երևանը մերն է» թեմայով վերջին զառանցանքի վրա:



Մարդը, հասկանալի է, նախընտրական փուլ է մտել, ուզում է վերընտրվել, հո չէ՞ր կարող հակառակ հայտարարություն անել: Եթե մենք դա հասկանում ենք, ապա միջազգային հանրությունը հասկանում ու հասկանում է: Ո՞վ է Ալիևը: Դա նույն միջազգային հանրության` մինչև մեր օրերը քարշ տաված բեռն է: Պիտի տանեն իրենց խաչը, ճար չունեն, որովհետև իրենք էլ բազում սխալներ ունեն և, ինչպես միշտ, ուշացած են արձագանքում իրենց համար ոչ այնքան ակտուալ փոքր խնդիրներին: Ալիևն օգտվում է Մեր տարածաշրջանում այսօր միջազգային հանրության` որպես ֆակտորի բացակայությունից, որիշ` ոչինչ: Հարցը սա է` իսկ մե՞նք ինչու չենք օգտվում այս իրավիճակից:



Առաջարկում եմ` մի ռազմատենչ հայտարարություն էլ մենք անենք` ԵՄ-ի կամ ՄԱԿ-ի խոսքին սպասելու փոխարեն: Վերջապես նաև վիրավորական է, երբ մեզնից փառավոր ծեծուջարդ կերած բանակի գերագույն գլխավոր հրամանատարը այդպիսի հայտարարություններ է անում, իսկ մենք, որպես վերջին ինտելիգենտ` հավարը գցում ենք միջազգային հանրությանը: Կարծում եմ չէր խանգարի այս փուլում նաև գործնական ձևով այդ պարոնին ու նրա պաշտպանության նախարարին որոշ բաներ հասկացնելնը: Թե հատկապես ինչ գործնական քայլի վրա կանգ կառնի ընտրությունը` էական չէ:



Կարևորն այս դեպքում ճշմարտությունը Ալիևի հիվանդ ուղեղին ու նրա ժողովրդին հասցնելն է, այլապես Ասադ II-ը, նույն ինքը` Ասադ Բակինսկին, կարող է անտանելի դառնալ:



**Էդիկ Անդրեասյան**



#####