Թումանյանը փորձում էր ապահովել հայ հանրույթի անցումը միջնադարից դեպի նոր ժամանակներ:

Թումանյանը փորձում էր ապահովել հայ հանրույթի անցումը միջնադարից դեպի նոր ժամանակներ:

Եթե Հովհաննես Թումանյանը ապրեր մեր օրերում, ապա հայ նացիոնալիստները նրան կպիտակեին որպես գրանտակեր և ապազգային տարր: Դե ամենայն հայոց բանաստեղծը ոչ ավել ոչ պակաս հասկանում էր, որ կենսունակությունը կորցրած միջնադարյան ադաթները աստիճանաբար քայքայում են հանրույթը՝ ջնջելով ամեն մի լոսավորական դրսևորում: Ավանդույթներն ու կացութաձևերը հարատև կարգավիճակ ունենալ չեն կարող, ընդհակառակը՝ դրանք հարափոփոխ են և կերպափոխվում կամ էլ անէանում են ժամանակի պահանջներին համընթաց: Իհարկե կան այնպիսի ավանդույթներ, որոնք բացառիկ կենսունակություն են դրսևորում և, եթե ոչ բովանդակային, ապա ֆորմալ տեսանկյունից պահպանում են իրենց անփոփոխ ձևերը: Օրինակ՝ Տեառնընդառաջի կրակը:

Հանրությունն ինքն է փորձառություն կայացնում և իր ֆիլտրերի միջոցով աստիճանաբար զտում կենսունակ և ոչ կենսունակ արժեք-ավանդույթները: Մեծ դեր են խաղում նաև տվյալ ժամանակշրջանի լուսավորական անհատները, որոնք իրենց բժշկական միջամտությամբ արագացնում են հանրային կյանքից ոչ կենսունակ արժեքների դուրս մղման գործընթացը: Հայկական միջավայրում ահա այդպիսի դերակատարություն է ժամանակին ստանձնել Հովհաննես Թումանյանը: Մարո, Անուշ և մյուս ստեղծագործությունները ասվածի վառ վկայությունն են:

Նոր արժեքներ ստեղծելու և զարգանալու հայտ կարող են ներկայացնել այն ազգերը, որոնք պարբերաբար ենթարկվում են արդիականացման, նորացման ու այլացման: Ինքնությունը քարացած համակարգ չէ, այն պետք է պարբերաբար թարմացվի ու նորոգվի՝ նոր ի հայտ եկած մարտահրավերներին համընթաց:

Թերևս առաջինը առանձնացնենք Գիքորին: Գյուղացի տղան Հայաստանի արքետիպային հերոսն էր, որը հայտնվելով երկու աշխարհների արանքում ինքն իր չիմացության և տգիտության զոհը դարձավ, ինչպես՝ Հայաստանի Հանրապետությունը 1920 թվականին:

Սրա մասին մանրամասն կարող եք կարդալ պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանի «Պատմության հետագիծը» գրքում։ 

Մարո, Անուշ, Լոռեցի Սաքո և մյուս ստեղծագործությունները իրենց սուր ծայրով ուղղված էին հայկական ֆունդամենտալիզմի և հետադիմության դեմ:Գրվածքներն այդ ծաղր էին մարդկանց, հանրությանը դժբախտացնող արատավոր երևույթների դեմ, իսկ նպատակը մեկն էր՝ արմատախիլ անել դրանք: Փաստորեն Թումանյանը փորձում էր ապահովել հայ հանրույթի անցումը միջնադարից դեպի նոր ժամանակներ:

Հատկապես կուզեի, որ մարդիկ կենտրոնանան Թումանյանի հենց այս լուսավորական կերպարի վրա: Այլ ոչ թե ապրել նրա կողմից հերքվող հետադիմության մեջ և մեկ երկու հայրենսիրական բանաստեղծություն ցիտել: Այսօր նրա ծննդյան օրն է։ Շնորհավոր լուսավո՜ր մարդ։