Ցանկացողներին նոր տիպի վարորդական իրավունք կտրվի (լրագրային շանսոն)

Ցանկացողներին նոր տիպի վարորդական իրավունք կտրվի (լրագրային շանսոն)
ՀՀ ոստիկանությունը նոր նմուշի վարորդական իրավունքի վկայական է սահմանել, այսպես կոչված, «քաղաքական վարորդական իրավունք», որը կարելի է ձեռք բերել ցանկության դեպքում և ճիշտ պատասխանելով համապատասխան թեսթերում ընդգրկված հարցերին:



Ծանոթների միջոցով մեզ հաջողվեց ոստիկանությունից ձեռք բերել քաղաքական վարորդական իրավունքի քննության մի քանի թեսթ, որոնց հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում քաղաքացին կազատվի «եզդայի» քննություն հանձնելու գլխացավանքից:



Մենք տեղեկացանք նաև, որ քաղաքական վկայականով կթույլատրվի վարել տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներ, ընդհուպ՝ աջակողմյան ղեկով:



Ստորև ներկայացնում ենք թեսթերից մի քանի հարց և դրանց հնարավոր ճիշտ պատասխանները, որոնցից պետք է ընտրել մեկ կամ մի քանի ճիշտ պատասխան: Եվ այսպես՝



**1. Ի՞նչ պետք է անի քաղաքականությամբ երբեք չզբաղված վարորդը, երբ նրան առաջարկում են դառնալ ՀՀ նախագահ:**



Ա) Զարմանալ



Բ) Ուրախանալ



Գ) Միացնել վթարային ազդանշանները և ժամանակ խնդրել պատասխանելու համար:



**2. Ի՞նչ պետք է անի վարորդը, երբ նրան բռնում-բերում և դարձնում են ՀՀ վարչապետ:**



Ա) Կտրուկ սեղմել գազի ոտնակը:



Բ) Ձեռնամուխ լինել ավգյան ախոռների մաքրման աշխատանքներին:



Գ) Միացնել ձայնային ազդանշանը և լուրջ տնտեսական աճ արձանագրել:



**3. Ինչ պետք է անի վարորդը, երբ ՀՀ վարչապետը գազ տված գնում է, իսկ ինքը աչք ունի հենց ՀՀ վարչապետի պաշտոնի վրա:**



Ա) Լուռ հայացքով հետևել վարչապետի ավտոշարասյան ընթացքին:



Բ) Կանգնեցնել վարչապետին, իջեցնել ավտոմեքենայից և տանել տուգանային հրապարակ (վարչապետին):



Գ) ՀՀԿ ԳՄ արտակարգ նիստ հրավիրել:



Ոստիկանությունում մեր աղբյուրի կարծիքով՝ 4-րդ հարցն ամենադժվարն է, և այդ պատճառով էլ մի քանի ճիշտ պատասխան է առաջարկվում: Եվ այսպես՝



**4. Ինչ պետք է անի վարորդը, երբ փակ ավտոկայանատեղիում երեք դիմակավորված կին, ձեռքներին խիստ կասկածելի մուգ գույնի լուծույթով բանկաներ, գալիս են իր վրա:**



Ա) Միացնել ձայնային ազդանշանը և ոտքի հանել «ստայանչիկներին»:



Բ) Փակվել ավտոմեքենայի մեջ և դուրս գալ ագրեսիվ կանանց վնասազերծումից հետո:



Գ) Ոստիկանություն կանչել:



Դ) Թուլանալ և հաճույք ստանալ:



Ե) Առանց երկարացնելու վճարել ավտոկանգառի փողը և հեռանալ դեպքի վայրից:



Վերջում նշենք նաև, որ թեսթերի ամբողջական տարբերակը շուտով հասանելի կդառնա բոլոր սոցիալական ցանցերում, իսկ դրանք հաղթահարած վարորդների անունները կհրապարակվեն Հանրային հեռուստատեսության 2018թ. ապրիլի 9-ի «Քաղաքական լոտո»-ի հերթական խաղարկության ժամանակ:



Էդիկ Անդրեասյան