Շնորհավոր տարեդարձ

Շնորհավոր տարեդարձ
«Հրապարակը» դարձավ 10 տարեկան։ 10 տարի, շաբաթական 5 օր, անխափան «եթեր»։ Ընտրություններ ու հետընտրական իրականություն, կառավարությունների ու Սահմանադրության փոփոխություններ, արտագաղթ ու աշխատանքային իրավունքներ, կրթություն, մշակույթ, առողջապահություն, բանակ, քաղաքաշինություն, արտաքին քաղաքականություն, քաղաքացիական հասարակություն․․․ չկա մի ոլորտ ու խնդիր, որին մենք այս տարիներին անդրադարձած չլինենք։



Արել ենք մեր փոքրիկ կարողությունների սահմաններում, կարելի է ասել, անհնարինը։ Դիմադրել ենք ճնշումներին, արհամարհել ենք բամբասանքը, անտեսել ենք հանիրավի մեղադրանքները։ Ամեն օր համեստորեն կատարել ենք մեր գործը՝ հույս փայփայելով, որ օգտակար ենք մեր հասարակությանը, եւ մեր աշխատանքը գնահատվելու է։



Վստահ, որ նպաստում ենք մեր պետության կայացմանն ու բարգավաճմանը։ Եթե անգամ սխալվել ենք, համոզված եղեք՝ գիտակցված չեն եղել այդ սխալները, եւ փորձել ենք հետագայում մեր աշխատանքով շտկել դրանք։ Եթե խիստ ենք եղել ոմանց նկատմամբ եւ ցավեցրել ենք՝ միայն հանրային շահի թելադրանքով։ Եթե ինչ-որ բաներ վրիպել են մեր ուշադրությունից՝ մեր մեղքով չի եղել, այլ այն բազում խոչընդոտների, որոնց մենք ամեն օր հանդիպում ենք մեր ճանապարհին։ Եթե պատվեր ենք կատարել՝ ապա միայն ընթերցողինը։



Փորձել ենք ամեն ինչ հասցնել, ամեն տեղ լինել, ամեն ինչի մասին գրել՝ հաշվի առնելով մեր ընթերցողների պահանջները, մեր լսարանի հետաքրքրությունները։ 10 տարին ուշագրավ հանգրվան է՝ մի կարեւոր փուլ հաղթահարել ենք, բայց ավելի կարեւորն առջեւում է։



Սկսվում է մեր լավագույն տասնամյակը, որի ժամանակ ավելի հղկված ու օգտակար է լինելու մեր աշխատանքը։ Ավելի խոհուն եւ նպատակային։ Ավելի հետեւողական ու դիպուկ։ Բարի երթ «Հրապարակին»։



**Արմինե ՕՀԱՆՅԱՆ**