Ա պլանը չի ստացվի, միանգամից կանցնեն պլան Բ-ին

Ա պլանը չի ստացվի, միանգամից կանցնեն պլան Բ-ին
Մեր իշխանավորները խիստ տոնով զգուշացնում են, որ Հայաստանի պրոռուսական դիրքորոշման դեմ գնալը շատ վտանգավոր բան է, և որ Հայաստանը իրականում Ռուսաստանի ազդեցության տակ լինելուց բացի այլընտրանք չունի, ու ՆԱՏՕ-ներում մեզ գրկաբաց չեն սպասում: Նախ սկսենք նրանից, որ իսկապես Ռուսաստանին դեմ գնալը շատ վտանգավոր է, սակայն ոչ թե Հայաստանի համար, այլ Հայաստանի իշխանությունը զավթած ռեժիմի, այնպես որ իրենց զայրույթն ու տարակուսանքը լրիվ հասկանալի է, իրենք շատ լավ գիտեն, որ իրենց քրեաօլիգարխիկ իշխանությունը երկար չի ձգի, եթե Հայաստանը հանկարծ եվրաինտեգրման ճանապարհը բռնի, որովհետև եվրաինտեգրացումը նախ և առաջ ժողովրդավարացում է նշանակում, իսկ ժողովրդավարությունը քրեաօլիգարխիայի հետ ուղղակի անհամատեղելի է: Հիմա անցնենք այն հարցին թե ՆԱՏՕ-ներում մեզ սպասում են թե ոչ:



Ընդամենը մի քանի տարի առաջ ԵՄ-ի կողմից Հայաստանին առաջարկվեց Ասոցացված անդամակցություն և Ազատ Առևտրի պայմանագիր, այսինքն Հայաստանին առաջարկվում էր մաս կազմել համաեվրոպական ազգերի ընկերակցությանը (վերջերս ԵՄ-ի հետ կնքած պայմանագիրը դա չի ապահովում), որի անվտանգությունը կոլեկտիվ արևմուտքի կողմից է երաշխավորվում, մի գուցե բուն ՆԱՏՕ-ին անդամակցելը անմիջապես հնարավոր չէր էլ լինի, հաշվի առնելով Հայաստանի չհամապատասխանելը եվրոպական ռազմական, քաղաքական ու տնտեսական չափորոշիչներին, սակայն ասոցացման ու ՆԱՏՕ-ի հետ ինտեգրված համագործակցության արդյունքում Հայաստանը շատ շուտ հնարավորություն կունենար հաղթահարել այդ խոչընդոտները ու, ամբողջովին ներգրավվելով արևմտյան աշխարհի մեջ, մոտ ապագայում կդառնար ՆԱՏՕ-ի լիարժեք անդամը, իսկ մինչ այդ արևմուտքը միևնույնն է՝ կապահովեր մեր անվտանգությունը: Չմոռանանք, որ արևմուտքը Հայաստանին համարում է Արևելյան Եվրոպայի անբաժան մաս, իսկ Արևելյան Եվրոպան նրանք համարում են իրենց քաղաքակրթական տարածքի մի մասը, ու իրենց ռազմավարության մեջ այն ենթակա է ներառնվելու համաեվրոպական ռազմաքաղաքական ու տնտեսական համակարգերի մեջ:



Բայց այնուամենայնիվ մեր իշխանավորները մարդկանց ուզում են համոզել, որ դա այնքան էլ այդպես չի. շատ լավ, ենթադրենք որ նրանք ճիշտ են, բայց հետաքրքիր է, իրենք երբևէ մտածե՞լ են, որ Ռուսաստանի վրա արևմուտքի ճնշումը գնալով ավելի ու ավելի է մեծանում, ու մի գեղեցիկ օր Ռուսաստանը, այլևս չկարողանալով դիմադրել այդ ամենին, ստիպված է լինելու նահանջել, ու, հրաժարվելով նաև իր ինտեգրացիոն պրոյեկտներից, Հայաստանին ասելու է՝ կներես, բայց ես ամբողջությամբ դուրս եմ գալիս Հարավային Կովկասից: Այդ դեպքում իրենք ունե՞ն արդյոք իրենց պլան Բ-ն, որպեսզի չկանգնեցնի այս փոշիացված տնտեսությամբ ու չկայացած բանակով երկիրը փաստի առաջ` շրջապատված մինչև ատամները զինված թշնամիներով:



Թե՞ նրանք վստահ են, որ արևմուտքի նկատմամբ համարյա թշնամու իմիջ ձեռք բերած երկրին այդ նույն արևմուտքը պարտավոր է լինելու այդ պահին օգնության ձեռք մեկնել ու անմիջապես իր հովանավորության տակ վերցնել: Օրինակ, ես այնքան էլ վստահ չեմ դրանում: Կարծում եմ մեր իշխանություն կոչվածներին այս հարցերն այնքան էլ չեն հուզում, որովհետև նրանք միայն մեկ պլան Բ ունեն, այն է` տարածաշրջանում Ռուսաստանի վարած քաղաքականության տապալման դեպքում ուղղակի ճողոպրել երկրից, ու օտար ափերում հանգիստ վայելել այս տարիների ընթացքում ժողովրդից թալանված ազգային հարստությունը։



**Թորոս Ալեքսանյան**