Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության ոդիսականը

Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության ոդիսականը
ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու ճանապարհին Արմեն Սարգսյանի առջեւ խնդիր է հարուցում ոչ միայն ՀՀ սահմանադրության մշտակեցության պահանջը, այլեւ պրն Սարգսյանի երկքաղաքացիության հանգամանքը ոչ միայն 2002-2011թթ., այլեւ թերեւս 2012թ., գուցե անգամ՝ 2013թ․: Փաստ է, որ պրն Սարգսյանը նշում է բրիտանական քաղաքացիությունից իր հրաժարման տարեթիվը` 2011թ․, սակայն նույնիսկ ամենաուղիղ ձեւակերպված հարցին ի պատասխան՝ չի հստակեցնում քաղաքացիության դադարման ամսաթիվը:



Իսկ Միացյալ Թագավորությունում քաղաքացիությունից հրաժարման դիմում ներկայացնելը նույնն է, ինչ, ասենք, Հայաստանում բուհ ընդունվելու համար դիմելը: Բուհ դիմելը երբեւէ նշանակո՞ւմ է ուսանող դառնալ: Իհարկե` ոչ: Անձն ուսանող է դառնում հրամանագրման պահից: Ճիշտ նույնկերպ էլ անձը դադարում է Մեծ Բրիտանիայի քաղաքացի լինել իր Declaration of Renunciation-ը (թարգմանաբար` Հրաժարման հայտարարությունը) ՄԹ ներքին գործերի նախարարության կողմից գրանցվելու պահից:



Հետո արդեն գրանցված հայտարարության երկրորդ օրինակը (Applicant copy-ն) վերադարձվում է դիմողին` բրիտանական իշխանության ստորագրությամբ, կնիքով եւ այն ամսաթվի, օրվա նշումով, որից դադարում է տվյալ անձի բրիտանական քաղաքացիությունը: Պաշտոնապես ինչպես Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթը բրիտանական անձնագիրն է, այնպես էլ բրիտանական քաղաքացիության դադարումը հաստատող փաստաթուղթը Declaration of Renunciation-ի կնիք, ստորագրություն եւ ամսաթիվ կրող Applicant copy-ն է:



**ՄԹ դեսպանատան խորհուրդը**



Բոլորը երեւի գիտեն, որ տեղեկատվության բաց աղբյուրներից տեսանելի է, եւ հայաստանյան մամուլում էլ տարածվել է, որ պրն Արմեն Սարգսյանի անունը երեւում է Մեծ Բրիտանիայի 2014թ. ինչ-ինչ ամփոփագրերում, կարող եմ ավելացնել` անգամ ընտրական ցուցակներում (Electoral lists): Ընդսմին, խոսքը մի կայքի մասին չէ, այլ մի քանի, այդ թվում՝ նրանց, որոնց հղումները տրված են Բրիտանական գրադարանի TRACING LIVING PEOPLE ուղեցույցում:



Ինչո՞ւ եմ Բրիտանական գրադարանի հանգամանքը նշում, որովհետեւ այդտեղ պահվում են 1832թ․-ից ի վեր Մեծ Բրիտանիայի բոլոր ընտրական ցուցակները: Ասել է թե՝ առնվազն Electoral list-երի դեպքում աղբյուրի սխալանքը զրոյական է: Իհարկե, կայքերի կողմից վերարտադրվող տվյալներում կլինեն սխալներ, բայց երեք տարվա՞… եւ որքանո՞վ է հավանական նման համընկնում, որ մեկից ավելի կայքերում նույն անձի մասին նույն սխալանքը կրկնվի:



Ինչեւէ, այլ լրագրողների համար գուցե ոչ պաշտոնական տեղեկատվության աղբյուրները նույնպես փաստերի ձեռքբերման ուղի են: Ինձ համար` ոչ: Ես նախընտրում եմ հաստատվող, պաշտոնական փաստեր: Դրա համար էլ պրն Սարգսյանի` Մեծ Բրիտանիայում մշտակեցության եւ բրիտանական քաղաքացիությանը վերաբերող երկու հարց հունվարի 30-ին ուղարկեցի Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն: Կար նաեւ երրորդ հարց այն մասին էր, թե հնարավո՞ր է Քլարենս հաուզից պարզել՝ արդյոք արքայազն Չարլզը տեղյա՞կ է պրն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելուն եւ կցանկանա՞ր այդ կապակցությամբ կամ պրն Սարգսյանի մասին ընդհանրապես նկատառում հայտնել:



Դեսպանատան պատասխանն էր. «With regard to your last question, we believe it is not the place of the British Embassy to seek the personal views of HRH The Prince of Wales relating to any of his acquaintances» («Վերջին հարցի կապակցությամբ կարծում ենք, որ Բրիտանիայի դեսպանատանը հարմար չէ հետաքրքրվել Ուելսի արքայազնի անձնական հայացքներով իր ծանոթներից որեւէ մեկի առնչությամբ»): Համոզիչ դիրքորոշում էր, եւ «ծանոթներից մեկը» որակումով ըստ էության պատասխան տրված էր։



Գալով պրն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայում մշտակեցությանը եւ բրիտանական քաղաքացիությանն առնչվող մյուս երկու հարցերին՝ դեսպանատան առաջին պատասխանն այն էր, որ DPA-ի սահմանափակումները (ՄԹ Տվյալների պաշտպանության մասին օրենք) թույլ չեն տալիս, որ Նորին Մեծության կառավարությունն անհատի մասին տվյալներ բացահայտի: Նաեւ խորհուրդ էին տալիս հարցերը պրն Սարգսյանին ուղղել: Ես, բնականաբար, շնորհակալություն հայտնեցի ուշադրության եւ պատասխանի համար, բայց փաստարկեցի, որ DPA-ն ունի «Բացառությունների» գլուխ, մասնավորապես 32-րդ՝ Լրագրության, գրականության եւ արվեստի բաժին, որը, ըստ իս, ավելի շատ հիմնավորում է խնդրվող տեղեկությունները ձեռք բերելու իմ իրավունքը, քան սահմանափակում:



Այնուհետ՝ փետրվարի 1-ից իմ խնդրանքը մեկ շաբաթ քննարկվում էր: Փետրվարի 8-ին ստացա նոր պատասխան, որում տեղեկացվում էր, որ իմ գրությունը քննարկվել է նաեւ Լոնդոնի կոլեգաների հետ, եւ հայտնվում էր, որ ինձ հետաքրքրող հարցերը չեն գտնվում դեսպանատան եւ Foreign & Commonwealth Office-ի (Միացյալ Թագավորության ԱԳՆ-ի) պատասխանատվության ներքո: Ու թեեւ այդ մեկ շաբաթվա ընթացքում իմ հարցերի պատասխանները մասամբ հայտնի էին դարձել (այլ լրագրողի հարցին ի պատասխան հաստատվել էր, որ պրն Սարգսյանը բրիտանական քաղաքացիություն է ունեցել), դեսպանատունը կրկին խորհուրդ էր տալիս պրն Սարգսյանին դիմել: Դե ինչո՞ւ ոչ:



**Արմեն Սարգսյանի՝ պատասխանից խուսափելը**



Հաջորդ օրը իմ հարցերով գրություն ուղարկեցի ՀՀ նախագահի թեկնածու պրն Արմեն Սարգսյանի գրասենյակ՝ տեղեկացնելով, որ պատասխանները խնդրում եմ «Հրապարակ» թերթում տպագրության պատրաստվող հոդվածի համար: Նաեւ հայտնել էի, որ նույն թեմային առնչվող հարց (այլ բովանդակությամբ եւ ձեւակերպմամբ) անցյալ շաբաթ ուղարկել էի Հայաստանում ՄԹ դեսպանատուն եւ այժմ հարցերը պրն Սարգսյանին եմ ուղարկում նաեւ ՄԹ դեսպանատան եւ Foreign & Commonwealth Office-ի խորհրդով ու առաջարկով: Այնուհետ իմ հարցերն էին:



«1. Ըստ Ձեր գրասենյակի տրամադրած տեղեկության, Դուք 2002թ. ձեռք եք բերել, իսկ 2011-ին հրաժարվել եք բրիտանական քաղաքացիությունից: 1995-2005թթ. ՀՀ սահմանադրությամբ երկքաղաքացիությունն արգելված էր, իսկ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի 25-րդ հոդվածով այլ երկրի քաղաքացիության ձեռքբերումը կարող էր հանգեցնել ՀՀ քաղաքացիությունից զրկվելուն: Դուք 2002-2005-ին պատրա՞ստ եք եղել ՀՀ քաղաքացիության հնարավոր կորստի:



2. Բրիտանական քաղաքացիությունից հրաժարումը փուլեր ընդգրկող գործընթաց է: Անձը Declaration of Renunciation (Հրաժարման մասին հայտարարություն) ձեւաթղթով դիմում է Home Office, այնտեղ որոշակի ժամանակահատված դիմումն ուսումնասիրվում է, դրական ելքի դեպքում հայտարարությունը գրանցվում է եւ դիմողին է վերադարձվում Declaration of Renunciation-ի իր օրինակը (Applicant copy-ն)` պաշտոնական ստորագրությամբ, կնիքով եւ այն ամսաթվի, օրվա նշումով, որից դադարում է անձի բրիտանական քաղաքացիությունը:



Կարելի՞ է Ձեզ խնդրել, որպեսզի հայտնեք ամսաթվերը․ ե՞րբ եք Դուք Հրաժարման հայտարարությամբ դիմել, արդյո՞ք դրա ուսումնասիրությունը դրական ելք է ունեցել եւ եթե` այո, ապա ո՞ր ամսաթվից է դադարել Ձեր բրիտանական քաղաքացիությունը:



3. Հաշվի առնելով, որ բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելով՝ անձը կորցնում է նաեւ Միացյալ Թագավորությունում կեցության իրավունքը, Դուք 2011-2013 թթ. ի՞նչ կարգավիճակով եք շարունակել ապրել Միացյալ Թագավորությունում եւ արդյո՞ք 2011-ից ի վեր ունեցել եք եւ ունեք միայն ՀՀ քաղաքացիություն»:



Գրասենյակից խոստացան պատասխանել հնարավոր սեղմ ժամկետում եւ, իսկապես՝ մի քանի օրում, փետրվարի 13-ին պատասխանը ստացվեց, որը մեջբերում եմ ամբողջությամբ.



«Դուք իրավացի եք` «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի համաձայն, այլ երկրի քաղաքացիություն ընդունելը կարող էր հանգեցնել ՀՀ քաղաքացիության կորստի։ Բայց, ինչպեսեւ Դուք եք նկատել, քաղաքացիության կորուստը ոչ թե պարտադիր պայման էր, այլ կարող էր տեղի ունենալ։ Սակայն այն տեղի չի ունեցել, ինչպեսեւ տեղի չի ունեցել երկքաղաքացիություն ունեցած եւ այդ ժամանակից ի վեր ունեցող ու արտերկրում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցների դեպքում։



Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ եւ երրորդ կետերին` այո, պարոն Արմեն Սարգսյանը 2002-2011թթ. եղել է նաեւ Մեծ Բրիտանիայի քաղաքացի։ Բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելուց ի վեր Արմեն Սարգսյանը եղել եւ մնում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։



Մեր գրասենյակը ծանոթ է վերջին օրերին մամուլում տեղ գտած հրապարակումներին, որոնք հիմնված են ոչ թե պաշտոնական աղբյուրների տվյալների, այլ տեղեկատվություն տրամադրելու նպատակ հետապնդող, բոլորին մատչելի բրիտանական կայքերի վրա, որոնք ոչ միշտ են ճշգրիտ տվյալներ հրապարակում։ Դժվարանում ենք ասել, թե նման կայքերն ինչ մեթոդով ու ինչ հաճախականությամբ են թարմացնում իրենց տեղեկատվությունը, սակայն մի բան ակնհայտ է՝ նման կայքերի տարածած տեղեկատվությունը բոլորովին այլ նպատակ է հետապնդում, քան անձի քաղաքացիությունը։



Հետեւաբար, միանգամայն ողջունելի է պաշտոնական աղբյուրներից տեղեկատվություն ստանալու Ձեր քայլը, ինչի մասին հիշատակել եք Ձեր նամակում»։



Սիրալիր տեքստ էր, բայց դրանում չկար հարցերի պատասխան, մանավանդ` երկրորդ հարցին: Եվ դժվար է հասկանալ, թե որ մոտիվացիայով, եթե Renunciation-ի կնքված, ստորագրված Applicant copy գոյություն ունի, եւ դրա վրա նշված ամսաթիվը 2012 կամ ավելի ուշ տարեթիվ չէ։



**ՄԹ Home Office-ի հետ գրագրությունը**



Գալով դեսպանատան պատասխանի արդարացի արձանագրմանը, որ ինձ հետաքրքրող մշտակեցության եւ քաղաքացիության վերաբերյալ հարցերը Foreign & Commonwealth Office-ի պատասխանատվության ներքո չեն, դա ինձ հուշեց, որ կարելի է դիմել ճիշտ հասցեատիրոջը` Home Office-ին (ՄԹ ներքին գործերի նախարարությանը), ինչը զուգահեռաբար արեցի:



Համարյա նույն օրը պրն Սարգսյանի գրասենյակին հարցերն ուղարկելուն զուգահեռ գրեցի նաեւ Լոնդոն, Home Office: Երկու-երեք աշխատանքային օրում մեկ տասնյակից ավելի նամակների գրագրություն եղավ, մինչեւ պարզվեց, թե Home office-ի որ ստորաբաժանումն է իրավասու բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու կամ դադարման մասին տեղեկություն տրամադրել: Դա FOI Response-ն էր:



Նրանք հարցումներին պատասխանում են 20 աշխատանքային օրվա ընթացքում: Իմ դեպքում, քանի որ ընդամենը մեկ-երկու ամսաթիվ եմ խնդրել, այն էլ՝ լոկ լրագրողական նպատակի եւ հրապարակման համար, գուցեեւ ընդառաջեն, ավելի արագ պատասխանեն:



Սակայն առավել կարեւորն այն է, որ լրագրությամբ հնարավոր է փաստի մասին տեղեկություն հանրայնացնել, սակայն դա փաստի հաստատում չէ: Փաստը հաստատում են փաստաթղթերը: Հուսանք եւ հավատանք, որ պրն Սարգսյանի Declaration of Renunciation-ի Applicant copy-ն առկա է, կներկայացվի թեկնածու առաջադրվելու դեպքում, եւ դրա վրա նշված ամսաթիվը 2012 կամ ավելի ուշ տարեթիվ չէ։



**Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ**