«Զարթօնք» օրաթերթը 80 տարեկան է

«Զարթօնք» օրաթերթը 80 տարեկան է
2018 թվականի փետրվարի 5-ին լրացավ Լիբանանում հրատարակվող «Զարթօնք» օրաթերթի 80-ամյակը։ Թերթը հիմնադրվել է 1937-38 թվականին, Միհրան Տամատյանի, Հովսեփ Սեքսենյանի եւ Բարունակ Թովմասյանի կողմից։ «Զարթօնքը» Ռամկավար ազատական կուսակցության պաշտոնաթերթն է։ Լիբանանում հրատարակվող հայալեզու 3 թերթերից մեկը հենց «Զարթօնքն» է։ Թերթը Բեյրութում հրատարակվում է 1000 տպաքանակով։ «Զարթօնքի» առաջին խմբագիրը եղել է Վահան Թեքեյանը։ Օրաթերթն ունեցել է քաղաքական, լրատվական, մշակութային եւ մարզական բովանդակություն։ Կարեւոր եւ ազդեցիկ դեր է ունեցել լիբանանահայ կյանքի մեջ։ «Զարթօնքը»՝ որպես ՌԱԿ օրգան, սկզբնավորումից ի վեր կողմնորոշված է եղել դեպի Խորհրդային Միություն, մշտապես պայքարել է ՀՅԴ-ի հետ։ Հայրենական պատերազմի տարիներին լուսաբանել է սովետական, ինչպես նաեւ դաշնակից բանակների ռազմական գործողությունները, քննադատական հոդվածներով է հանդես եկել Գերմանիայի եւ ֆաշիստների դեմ։ Ետպատերազմյան տարիներին էլ ջատագովել է հայրենադարձությունը դեպի Հայաստան։ Օրաթերթն ունի գրական, մարզական ու գիտական բաժիններ։ Ժամանակին առանձին հրատարակություններով լույս է ընծայվել «Զարթոնք սփոր» (1955-1957 թվականներին, խմբագիր՝ Վ․ Պետիկյան) եւ «Էլ յաքզա» («Զարթoնք»-ի արաբերեն տարբերակ, 1957 թվական) թերթերը, «Զարթօնք Բացառիկ» (1962 թվական), «Հուշամատյան մեծ եղեռնի» (1965 թվական) ստվարածավալ հատորները։



Օրաթերթի 80-ամյակի առթիվ օրերս Հայաստան է եկել գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը։ Նրա խոսքով, «Զարթօնքը» Լիբանանում հայ համայնքի կողմից ամենաընթերցված թերթն է եւ ժամանակին 300 հազար տպաքանակ է ունեցել։ Սեւակ Հակոբյանին հարց ուղղեցինք, թե որոնք են «Զարթօնքի» լուսաբանման շրջանակները, թերթը միայն Լիբանանի հայ համայնքի՞ խնդիրներին է անդրադառնում, թե՞ Հայաստանի ներքաղաքական կյանքին նույնպես հետեւում է։ Սեւակ Հակոբյանը նշեց, որ հետեւում է այնքանով, որքանով որ հայաստանյան լրատվական գործակալություններն են փոխանցում․ «Անշուշտ, անդրադառնում ենք հայաստանյան իրադարձություններին, սակայն այնքանով, որքանով որ լրատվական գործակալություններն են փոխանցում։ Հետո պետք է նայենք, որ դա նաեւ հայ համայնքին հետաքրքրի։ Օրինակ՝ այնտեղ բնակվող հայերին երբեք չի հետաքրքրի, որ Հայաստանում՝ Երեւանի ավագանու նիստում կարող է ծեծկռտուք լինել, կարող են կանանց ծեծել եւ այլն։ Փորձում ենք այնպիսի թեմաներ գտնել, որոնք կհետաքրքրեն հայալեզու ընթերցողին։ Լուրեր ենք տալիս ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ Արցախից։ Մենք ստանում ենք տեղեկությունը արեւելահայերենով, այնուհետեւ այն վերածում արեւմտահայերենի ու ետ ուղարկում»։



Հակոբյանի խոսքով՝ խմբագիր դառնալուց ի վեր իր գլխավոր խնդիրներից մեկը եղել է «Զարթօնքի» արխիվների թվայնացումը։ Որպես օրինակ է բերում Սիրիայում պատերազմի ժամանակ ոչնչացված հազարավոր արխիվային նյութերը։ Գործում է նաեւ «Զարթօնքի» էլեկտրոնային տարբերակը 3 լեզուներով՝ արեւմտահայերեն, անգլերեն եւ արաբերեն։



Հակոբյանին հարց ուղղեցինք, թե Հայաստանին վերաբերող նյութերը թարգմանվո՞ւմ են արաբերեն, քանի որ Լիբանանում քիչ չեն նաեւ արաբախոս հայերը։ «Զարթօնքի» խմբագիրն ասաց, որ շատ կարեւոր է այդ աշխատանքի նաեւ բիզնես կողմը․ «Ինչո՞ւ եմ ասում բիզնես, քանի որ արաբ համայնքին այդ նորությունները չեն հետաքրքրի, իսկ ինչ վերաբերում է արաբախոս հայերին, ապա եթե նրանք հայերեն չեն սովորում, դժվար թե նրանց նույնպես Հայաստանին վերաբերող նյութերը հետաքրքրեն»։



Հավելենք, որ օրաթերթի 80-ամյակի միջոցառմանը ներկա են եղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինի ներկայացուցիչ Տեր Սմբատ վարդապետ Սապունճյանը, Լիբանանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը, Լիբանանի տեղեկատվության նախարարի ներկայացուցիչ Անտուան Նաժմը, ՀՀ հյուպատոս Աշոտ Վարդանյանը եւ այլք։



**Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ**