Սերժ Սարգսյանը հաղթեց ու չեզոքացրեց իր բոլոր հակառակորդներին

Սերժ Սարգսյանը հաղթեց ու չեզոքացրեց իր բոլոր հակառակորդներին

Իշխանական քարոզչամեքենան ինչպես միշտ լավ է աշխատում։ Հեռուստաընկերություններն առավոտից մինչև ուշ գիշեր փորձում են հիմնավորել Սերժ Սարգսյանի անփոխարինելիության միֆը՝ ցույց տալով, թե վերջինս կայունության և անվտանգության միակ ու բացառիկ երաշխավորն է։ Իսկ, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, թե Հայաստանի բնակչությունն ինչպիսի էմոցոնիոնալ վերաբերմունք ունի անվտանգության հիմնախնդրի նկատմամբ, ապա արդեն իսկ պարզ է, թե վերոհիշյալ քարոզչությունն ինչպիսի ներգործություն կարող է ունենալ։ Պարզից էլ պարզ է, որ սա վարչապետ դառնալու համար «նախընտրական» չհայտարարված կամպանիա է, որի միջոցով փորձում են ժողովրդին նախապատրաստել և աստիճանաբար ադապտացնել այդ փաստի հետ։ Ահա սա է պատճառը, թե ինչու են «սև արկղերը» ամբողջ օրը Սերժ Սարգսյանին ցույց տալիս՝ իհարկե բանակի և անվտանգության թեմաների պոպուլիստական համատեքստում։

Այս ամենի հետ զուգընթաց տարատեսակ լրատվամիջոցներ ջանք չեն խնայում վարչապետ Կարեն Կարապետյանի կարճատև պաշտոնավարումը ձախողված և անարդյունք պիտակելու համար։ Մասնավորապես՝ մամուլում փաստեր են շրջանառվում այն մասին, որ Հայաստանի պետական պարտքը հատկապես մեծացել է Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանում։ Նշենք, որ 2016-ին և 2017-ին պետական պարտքին գումարվել է ևս 1 միլիարդ 696 միլիոն դոլլար։ Պարտքի այսպիսի շեշտակի մեծացումը Բաղրամյան 26-ի քարոզիչները փորձում են դիտարկել որպես գործող վարչապետի կաբինետի ձախողում։ Այն դեպքում, երբ ձախողման առաջնային պատասխանատուն հենց Սերժ Սարգսյանն է, և հետո նոր՝ վարչապետն ու նրա կառավարությունը։

Ձևավորված իրավիճակն այս ավելի քան օրինաչափ է, քանի որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը տարիներին կառավարությունները մշտապես «քավության նոխազի» կարգավիճակ են ունեցել։ Այսինքն՝ անհրաժեշտության դեպքում կառավարություններն ու դրանց ղեկավարները դիտարկվել են որպես ծանրագույն պայմանների միակ պատասխանատուներ ու հեռացվել են՝ սրբագրելով Սերժ Սարգսյանի ձախողումներն ու նրան զերծ պահելով պատասխանատվությունից։

Ահա` Սարգսյանը վերջին անգամ օգտվում է մարտավարական այդ կենսունակ քայլի հնարավորությունից՝ խփելով միանգամից երկու նապաստակ, այն է՝ հիմնավորում է իր անփոխարինելությունն ու Կարեն Կարապետյանի՝ որպես պետության առաջնորդի, ոչ կոմպետենտ լինելը։ Եթե այս ամենին էլ ավելացնենք վերլուծաբան կոչվածների «խորը» գրվածքներն այն մասին, թե գործող վարչապետը Մոսկվայի շահերի նվիրյալ պաշտպանն ու սպասարկուն է, ապա խճանկարն ամբողջանում է։ Պարզից էլ պարզ է, նույնիսկ վարչապետ դառնալու փոքրիկ հավակնության դեպքում դեղին մամուլը ոչնչացնելու է Կարեն Կարապետյանին՝ Հայաստանի բոլոր դժբախտությունները բարդելով նրա վրա։

Այսինքն՝ Կարապետյանի և Սարգսյանի նախապես պայմանավորված լինելու լեգենդը աստիճանաբար հօդս է ցնդում։ Գործող վարչապետն ի սկզբանե չի իմացել, որ կարճատև պաշտոնավարումից հետո ստիպված է լինելու բավարարվել առաջին փոխվարչապետի պաշտոնով։ Փաստորեն Սերժ Սարգսյանը մեծ հաշվով «քցել» է նրան։ Օգտագործել է նրա կերպարը ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու, ընտրությունները բարեհաջող անցկացնելու և Սահմանադրական փոփոխություններ կոչվող կեղծ գործընթացը ավարտին հասցնելու համար, իսկ այս ամենից հետո պատրաստվում է թողնել լուսանցքից այն կողմ։

Փաստորեն Հայաստանում վերջնականապես հաստատվում է Սերժ Սարգսյանի մենիշխանությունը։ Նա կարողացել է չեզոքացնել իր ճանապարհին կանգնած բոլոր արգելքներն ու խոչընդոտները։ Միով բանիվ՝ ավտորիտար ռեժիմը ավարտուն տեսք է ստանում, որտեղ ամբողջ իշխանությունը կենտրոնցված է մեկ անհատի ձեռքում, իսկ այդ անհատը Սերժ Սարգսյանն է «սուպեր» վարչապետի կարգավիճակով։ Նկատվում են նաև անհատի պաշտամունքի (Leaderism, Вождизм) տարրեր, ինչն էլ ավելի հետադիմական է դարձնում Հայաստանի գործող ռեժիմն ու կառավարման համակարգը։ ՀՀԿ-ականները, իշխանության առջև խոնարհված քաղաքական ու հասարակական գործիչները, որոշ լրատվամիջոցներ ակնհայտ պաշտամունքի են ենթարկում Սերժ Սարգսյանի կերպարը՝ նրան ներկայացնելով որպես Հայաստանի «անսխալ նավավար»։

Վարչապետ դառնալու ճանապարհին Սերժ Սարգսյանը հիմնովին ոչնչացնում է նաև նախագահի ինստիտուտի դերն ու նշանակությունը՝ ապագա նախագահին զրկելով նույնիսկ ներման ինստիտուտից։ Արժեզրկումը սկսեց հենց այն պահին, երբ իշխանական քարոզիչները նախագահի ինստիտուտը սկսեցին համամետել «Անգլիայի թագուհու» ձևական կարգավիճակի հետ։ Փաստորեն նախագահը նույնիսկ Անվտանգության խորհրդում չի լինելու։ Այսքանից հետո ինչի՞ համար է այդ ինստիտուտը։ Հավանաբար Սերժ Սարգսյանը փորձում է Արմեն Սարգսյանին նույնպես օգտագործել և վերջում լուսանցքից այն կողմ թողնել՝ ինչպես Կարեն Կարապետյանի դեպքում էր։

Փաստորեն Սերժ Սարգսյանը հաղթեց ու չեզոքացրեց իր բոլոր հակառակորդներին և հիմա դաշտը ամայի է, խանգարող ոչինչ չկա։ Դժվար ժամանակներ են սպասվում, արդյո՞ք փոքրիկ Հայաստանը կկարողանա դիմակայել համանման մարտահրավերի, չէ՞ որ մի անձի վրա խարսխված ավտորիտար համակարգն ական է, որը վաղ թե ուշ պայթելու է։