Հայ մայրերը հայոց բանակի մասին միայն սուտ սերիալներից պիտի գաղափար կազմեն

Հայ մայրերը հայոց բանակի մասին միայն սուտ սերիալներից պիտի գաղափար կազմեն
Հայաստանը, ըստ էության, ամբողջովին աշխարհի երեսից ջնջելու Ալիեւի հերթական հայտարարությունը մեզանում, ինչպես միշտ, լուրջ չընկալվեց: Փոխանակ ամենաբարձր մակարդակով կոշտ ու ադեկվատ պատասխան հնչեցվեր, ու բանակցությունների դադարեցման մասին հայտարարություն արվեր, ինչ-որ երրորդական պաշտոնյայի կողմից շաբլոն դարձած հեգնական ու անհեթեթ հայտարարություն արվեց ընդամենը: Այս ամենը գոնե ինձ համար հասկանալի է, որովհետեւ ես գիտեմ, որ Հայաստանը, ցավոք սրտի, չունի սեփական իշխանություններ, ու այն մարդիկ, որոնք կարգված են մեր գլխին որպես ՀՀ ղեկավարություն, իրականում օտար երկրի դրածոներ են ու բացառապես այդ երկրի շահերն են պաշտպանում այստեղ:



Այնպես որ՝ «մեր իշխանություններից» ավելին սպասելն ուղղակի միամտություն կլինի: Սակայն այն հանգամանքը, որ մեր հասարակությունն է ամբողջովին կորցրել իր զգոնությունը, դա արդեն շատ լուրջ խնդիր է: Եվ դա նույնպես պատահականություն չէ, դրա ուղղությամբ նույնպես աշխատում են, ու այդ աշխատողները հայրենասերի դիմակի տակ թաքնված՝ թշնամու գործակալներն են, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի մեր ժողովուրդը խարխափի մոլորությունների մեջ ու, կորցնելով ինքնապաշտպանվելու բնազդը, ուղղակի վերածվի անօգնական ինչ-որ մասսայի, որպեսզի աշխարհաքաղաքական խմորումներից բխող առաջին իսկ ընձեռված հնարավորության դեպքում թշնամին կարողանա անարգել մտնել մեր երկիր ու բնաջնջել մեզ: Այդ «հայրենասեր» կոչվածները մեր ժողովրդի մեջ տարածում են այն հիմարությունը, որ իբրեւ թե Ադրբեջանն ինչքան էլ զինվի, միեւնույն է՝ մեզ չի հաղթի պատերազմում, քանի որ մեր ոգին ուժեղ է: Նախ ասեմ, որ գերժամանակակից զենքի դեմ ոգին ոչինչ անել չի կարող, աշխարհի եւ ոչ մի գիտահետազոտական լաբորատորիայում փորձի արդյունքում ոգու անպարտելիության մասին դրույթը դեռ չի ապացուցվել:



Երկրորդ․ այդ «հայրենասերները» շատ են սիրում ասել, որ ադրբեջանցիների շատ լինելը ոչինչ չի նշանակում, քանի որ նրանք անորակ են, ու քանակը որակ չի տալիս: Ենթադրենք, թե նրանք իսկապես անորակ են, բայց բոլոր գիտությունները միաբերան ասում են, որ քանակական փոփոխություններն անպայման բերում են որակական փոփոխությունների, այսինքն՝ ինչքան էլ անորակ լինեն նրանք, միեւնույն է՝ իրենց շատ լինելու հանգամանքն արդեն որակ է, որի հետ հաշվի չնստելն ուղղակի ապուշություն է, նույնը կարելի է ասել նաեւ նրանց բանակի զինվածության մակարդակի մասով․ միայն վերջին 10 տարիների ընթացքում նրանք տասնապատիկ (եթե ոչ ավելի) անգամ ավելի շատ են զինվել, քան մենք:



Հետո՝ երբ որեւէ մեկը, մտահոգված մեր բանակի ներսում տեղի ունեցող բացասական երեւույթներից, ուզում է բարձրաձայնել դրանց մասին, որպեսզի այդ երեւույթները կանխելու ուղղությամբ ինչ-որ բաներ ձեռնարկվեն, այդ նույն «հայրենասերներն» անմիջապես սկսում են այն երգը երգել, որ պետք չէ մեր բանակի թույլ կողմերի մասին խոսել, որ թուրքը հանկարծ չիմանա ու չուրախանա: Բայց իրականում նրանց «փորացավը» լրիվ հակառակն է, նրանք չեն ուզում, որ մեր բանակը հզորանա, որ մեր բանակի ներսում եղած ոչ կանոնադրական կեղտոտ բարքերի դեմ հանրային ընդվզում սկսվի, չէ՞ որ մեր ջահելները բանակից խուսափում են ոչ թե բարվոք պայմանների բացակայությունից, ոչ թե ցրտից ու սննդի պակասությունից կամ նույնիսկ թուրքի նկատմամբ ունեցած վախից, այլ բանակի ներսում գոյություն ունեցող ահավոր բարոյահոգեբանական մթնոլորտից, գողական ու գժական բարքերից, որի մասին նրանք ամաչում են բարձրաձայնել, քանի որ այդ նույն «հայրենասերների» կողմից ներարկվել է նրանց ուղեղների մեջ, որ տղամարդուն վայել չէ բողոքել այդ ամենից, որ այդ դժվարությունները սուսուփուս տանել է հարկավոր, ու էլի այսպիսի հիմարություններ: Իսկ հայ մայրերը հայոց բանակի մասին պիտի հեռուստաալիքների նկարահանած սուտ սերիալներից գաղափար կազմեն եւ երբեք չիմանան, թե իրենց զավակներն իրականում ինչ ստորացումների միջով են հաճախ անցնում, մինչեւ այդ 2 տարիները մի կերպ գլորեն ու տուն վերադառնան:



Այնպես որ՝ եթե որեւէ մեկը կարդա իմ այս հոդվածն ու սկսի նորից նույն երգը երգել, թե ես մեր ժողովրդին վախեցնում եմ ու փնովում մեր բանակը կամ որ ադրբեջանցիներին որպես հզոր ուժ եմ ուզում ներկայացնել, ուրեմն այդ մեկը նույն այդ ադրբեջանցիների կողմից մեր մեջ ներդրված «հայրենասերներից» է, որին անմիջապես լյուստրացիայի ենթարկել է հարկավոր:



Այո, ես վախեցնում եմ մեր ժողովրդին, քանի որ վախի վրա է կառուցված ինքնապաշտպանական բնազդը, քանի որ իրադրությունը վաղուց արդեն վախենալու է, ու էշի ականջում քնել այլեւս չի կարելի, արթնանալ է պետք վերջապես։



**Թորոս ԱԼԵՔՍԱՆՅԱՆ**