Երկխոսեք, ոչ թե հակադրվեք

Երկխոսեք, ոչ թե հակադրվեք
Ես երկխոսությունների կողմնակից եմ։ Երկխոսություն՝ հակամարտող կողմերի միջեւ, դարավոր թշնամիների միջեւ, պատերազմող երկրների միջեւ, ատելությամբ տոգորված անհատների միջեւ։ Երբ այրվում են կամուրջները, ոչ մի լավ բան այլեւս հնարավոր չէ սպասել՝ ո՛չ հակամարտությունների կարգավորում, ո՛չ խնդիրների լուծում, ո՛չ առաջընթաց, ո՛չ բարեկեցիկ ու խաղաղ կյանք։ Իսկ ինչքա՜ ն անսպասելի ու անկանխատեսելի վատ բաներ կարող են պատահել։



Սահմանին զոհեր՝ երիտասարդներ, որոնք դեռ երկար պիտի ապրեին, սերունդ տային, բարիք ստեղծեին, վայելեին Աստծո տված կյանքը։ Ծեծուջարդեր, որոնցից զերծ չի կարողանում մնալ անգամ հարաբերականորեն գրագետ ու ընտրյալ զանգվածը՝ խորհրդարանն ու ավագանին։ Հավերժական թվացող կոնֆլիկտներ՝ հակասություններ ունեցող անձանց ու ինստիտուտների միջեւ, որից ոչ ոք չի շահում, իսկ ամենակարեւորը՝ գործն է տուժում։ Ինչպե՞ս անել, որ կոնֆլիկտները կարգավորվեն խաղաղ ու անարյուն, հակասությունները չհասնեն իրար արյուն խմելու մակարդակի։



Այս հարցն է կանգնած եղել միշտ մարդկության առաջ, այս հարցն է կանգնած նաեւ հիմա։ Կոնֆլիկտների խաղաղ լուծման անընդունակությունն է հասցրել մարդկային կյանքեր խլող տեռորիստական ակտերի ու հավերժական թվացող հակամարտությունների։ Կոնֆլիկտների, հակասությունների լուծման ընդունակություն սերմանելը, թերեւս, պետք է սկսել վաղ տարիքից։ Դա լուրջ գիտություն է։ Իսկ մեր դպրոցներում ամեն ինչ ուսուցանում են, բացի օգտակար ու կյանքի ընթացքում պիտանի գիտելիքներից։



Եթե Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» եւ Հանրապետական խմբակցության անդամներին ժամանակին այդ ունակությունները սերմանած լինեին, բանը չէր հասնի բռունցքներին եւ այն խայտառակությանը, որին ականատես եղանք նախօրեին։



**Արմինե ՕՀԱՆՅԱՆ**