Լեւոն Մկրտչյանի հետ լուսանկարվելու համար ուսանողները հերթ էին կանգնել

Լեւոն Մկրտչյանի հետ լուսանկարվելու համար ուսանողները հերթ էին կանգնել
Ամփոփվեցին «Տարվա լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ ուսանողներին մրցանակները տրվեցին ըստ ոլորտների՝ բնագիտություն, բանասիրություն, բժշկություն և այլն, այլ ոչ թե ըստ կոնկրետ ֆակուլտետների։ Բացի այդ՝ եթե նախորդ տարիներին բուհերը իրենք էին կատարում մրցանակաբաշխությունը և առանձին ֆակուլտետների ուսանողներին շնորհում «Լավագույն ուսանողի» տիտղոս, ապա այս անգամ ԵՊՀ-ում կոչումներն ու դրանց կից գումարները բաժանվեցին համալսարանների միջև։ Իսկ այն, թե ինչ սկզբունքով ընտրվեցին լավագույնները, անհայտ է։ Արարողությունը գլխավորեց ու իր ձեռքերով ուսանողներին սերտիֆիկատներն էլ հանձնեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։



Բացման խոսքով նախ հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ դիմելով նախարարին և մյուս համալսարանների ռեկտորներին․



«Ուրախալի է, որ այս մրցույթը, որը անցկացնում է ԿԳ նախարարությունը, կոչված է հայտնաբերելու մեր լավագույն ուսանողներին՝ լավագույններից լավագույններին։ Նաև ուրախալի է, որ մրցույթի վերջնական փուլը անցկացվում է Երևանի պետական համալսարանում, դա ինչ-որ մի տեղ խորհրդանշական է, թեև կարելի էր անցկացնել նաև մյուս համալսարաններում։ Ես շնորհակալություն եմ հայտնում պարոն նախարարին՝ մրցույթի ամփոփիչ փուլը ԵՊՀ-ում անցկացնելու համար»։



Ինչից հետո խոսքի իրավունքը փոխանցեց նախարարին։ Վերջինս էլ իր հերթին ասաց, որ կրթությունը միայն գիտելիքը չէ․



«Երբ մենք խոսում ենք կրթությունից, մեզ համար մի սկզբունք կա, որ կրթությունը միայն գիտելիքը չէ, հատկապես, երբ խոսքը գնում է բարձրագույն կրթության մասին։ Եթե միայն գիտելիքով ենք չափում ուսանող կամ մասնագետ ասվածը, ապա ինչ-որ մի շատ կարևոր մաս դուրս է մնում։ Ես ձեզ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ մենք այսօր կարողանում ենք Հայաստանում ձևավորել ոչ միայն գիտելիքով հարուստ սերունդ, այլ նաև այլ հատկանիշներով հարուստ սերունդ»,- ասաց նախարարը՝ որպես իր խոսքերի վկայություն բերելով ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ կամավոր գրված ուսանողներին։



Նախարարի խոսքին հետևեց սերտիֆիկատների հանձնման արարողությունը։ Յուրաքանչյուր ոլորտի համար սահմանված էր 3 հորիզոնական՝ մագիստրոսկան և բակալավրի ծրագրերով։ Մրցանակաբաշխությունից հետո էլ նախարարը մի պահ վերածվեց «հոլիվուդյան աստղի»․ ուսանողները խմբերով ու առանձին սկսեցին նկարվել Լևոն Մկրտչյանի հետ։ Վերջինս չմերժեց նրանց։



Մանրամասները՝ տեսանյութում։



**Կորյուն Սիմոնյան**