Վարչապետը «սիմպո» է, Նիկոլը լավ է խոսում, Ծառուկյանը հարուստ է

Վարչապետը «սիմպո» է, Նիկոլը լավ է խոսում, Ծառուկյանը հարուստ է

Հանրության քաղաքական անգրագիտությունը հասարակական ախտ է, որը կանխարգելում է համակեցության բնականոն զարգացումը:

Մարդը սոցիալական կենդանի լինելուց զատ իր էությամբ նաև քաղաքական է, որքան էլ նա ապաքաղաքական կեցվածք ընդունի, այնուամենայնիվ, նրա կյանքի ընթացքը ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում է քաղաքականության հետ: Ասվածից ելնելով ապաքաղաքական կամ ակտիվ քաղաքական անհատը իր իսկ շահերից ելնելով պետք է կարողանա գրագետ կերպով ընկալել ու գործարկել դեպի իրեն եկող քաղաքական տարատեսակ և տարասեռ ազդակները:

Քաղաքական տեսանկյունից հանրային անգրագիտության վառ դրսևորումներից է, երբ մարդիկ քաղաքական գործիչներին արժևորում են բարոյական տեսանկյունից՝ անկեղծ է, բարի է, բարեգործ է, աչքը տեսած է ու դրանից ելնելով չի թալանի և այսպես շարունակ, շարքը անվերջանալի է: Այսինքն հանրությունը քաղաքական-պետական գործիչներ է ընտրում քավոր-սանիկության սկզբունքով: Սա պարզապես անհավատալի աբսուրդ է՝ խեղկատակության ձգտող:

Ու՞ր կորան գաղափարները, կոնցեպտներն ու ծրագրային մոտեցումները, դրանք հարի՞ր չեն հայու տեսակին: Հայու տեսակը պետք է ապաքաղաքական, անգաղափար, կոնցեպտներից ու զարգացման ծրագրերից զուրկ պարզունակ հանրույթի կարգավիճակ ունենա՞, սա՞ է բոլորի որոնածը, քավոր-սանիկական ազգային գաղափարախոսությունը թե՞ ապաքաղաքական բարեգործ քավորները:

Օրինակ՝ վերցնենք Գարեգին Նժդեհին: Ենթադրենք քննական մոտեցմամբ վերլուծում ենք նրա գաղափարները և հանկարծ կհայտնվի մեկը ու կասի. ինչպե՞ս եք համարձակվում, չէ՞ որ նա ազնվագույն հերոսն է հայ ազգի, կսկսի պատմել Նժդեհի կենսագրությունը և այսպես շարունակ: Հիմա քաղաքական տեսանկյունից անգրագետ այդ անհատին չափազանց բարդ է բացատրել, որ քննական-քննադատական կոնտեքստում քննարկել տվյալ անհատի գաղափարները, ամենևին էլ չի նշանակում կասկածի տակ դնել նրա ազնվությունը, հերոսությունը և այլն: Այսինքն դա բնական հանրային մտահայեցողության դրսևորում է, տեքստը որպես այդպիսին պետք է մշտապես հրապարակախոսական-փիլիսոփայական տեսանկյունից կասկածի տակ դրվի: Բայց անօգուտ է, չի մտնում գլուխները, աշխարհի կողմից լքված այս գավառում փրկիչ կնքահայրերի թեզերին չի կարելի կասկածել:

Նույնը կատարվում է արդի քաղաքականության մեջ: Խոսում է հանրությունը. վարչապետը սիմպո է, Նիկոլը լավ է խոսում, Ծառուկյանը հարուստ է, նախարարը բարի է և այլն: Հիմա մենք պուպուշ զգացողություններ փնտրող երրորդ դասարանի աղջնակներ ենք, թե՞ հասուն հանրություն: Կամ՝ հարգելի ընկերներից մեկը վերջերս գրել էր, թե Արա Պապյանը ազնվագույն մարդ է, ինչու՞ ես քննադատել: Այ ընկեր, հարգելիս, ես չեմ կասկածում Պապյանի ազնվությանը, նույնիսկ պատրաստ եմ նրան իմ ձեռքով թխած խաչապուրի հյուրասիրել, բայց նրա մարդկային որակները ինձ չեն հետաքրքրում, այլ՝ գաղափարները, կոնցեպտներն ու ծրագրերը, ինչպես-որ մյուս քաղաքական գործիչների պարագայում:

Հենրիխ 8-ը անբարոյական, վավաշոտ մարդ էր, բայց ու՞մ է դա հետաքրքիր, անգլիացիների համար առաջնային է այն քաղաքական միջավայրը, որի հիման վրա սաղմնավորվեց Բրիտանական անծայրածիր կայսրությունը, որտեղ երբեք արևը մայր չէր մտնում: