Լենա Նազարյան, ականջդ բեր`ասեմ

Լենա Նազարյան, ականջդ բեր`ասեմ

Հայերիս մեջ քրոնիկ լավատեսություն կա թշնամու նկատմամբ. ամեն տասնամյակը մեկ հրճվալից ու թեւատարած ընդառաջ ենք գնում թուրքին, թե երիտթուրքերը սուլթան Համիդը չեն, նրանք լավն են, թե այս թուրքերը նախկին թուրքերը չեն, սրանք ուրիշ են: Սա լավատեսություն չէ, սա բութ համառություն է: Հազար անգամ խաբվել ենք եւ ոչ մի անգամ չենք հասկացել, որ այլեւս չի կարելի խաբվել, որ թուրքը միշտ մեկն է, երկու թուրք չի լինում, եթե լինում է, ուրեմն այդ երկուսը դարձյալ մեկն է: Իսկ ճշգրտության առումով  հավանական ու վիճարկելի նկատածս տասը տարին Լենա Նազարյանի ժամանակացույցում տասն օր է դարձել`դարձյալ ճշգրտության առումով հավանական ու վիճարկելի․ հավանաբար, զարգացած տեխնոլոգիաների դարում ժամանակի սրընթացության պատճառով է:  

70 տարի ԽՍՀՄ-ը եղբայրություն էր քարոզում, եւ 1988-ին Սումգայիթում ադրբեջանցիները փողոցում հայ մորթեցին, կրակի վրա խորովեցին ու պատառ-պատառ կերան: Հա՛, ուղղակի կերան: Մոսկվայում ամբիոնից հնչեցվեց սույն հրեշավոր փաստը: Ղազախստանի պատվիրակը, որ գրող էր, բայց, ցավոք, անունը չեմ մտապահել, դահլիճում մոտեցավ եւ թքեց Ադրբեջանի պատվիրակության վրա: Դու գիտեի՞ր այդ մասին, աղջիկս: Իսկ դրանից առաջ` 1986թ. օգոստոսին, ես ու այժմ լուսահոգի ընկերս` ականավոր պատմաբան ու հայագետ Արտակ Մովսիսյանը, Նպատի վանքի մոտ հանդիպեցինք երեք ձիավորի ու հրացաններով ադրբեջանցիների:

Ենթադրեցինք, որ հայր ու որդի են: Հայրը ստիպում էր որդիներին` սպանել մեզ, երբ իմացավ ովքեր ենք եւ որտեղից ենք եկել: Մենք դպրոցը նոր ավարտած պատանիներ էինք, մի վերնաշապիկով ու մի տաբատով զբոսաշրջիկներ: Հիմա կհարցնես՝ բայց չսպանեցին, չէ՞: Մի երկու ժամից ետ էին գալու, մեզ չպետք է տեսնեին նույն տեղում, մենք պետք է վերադառնայինք Երեւան: Բայց մենք գնացինք Թալիշ: Նույն օրերին մյուս ընկերս` Կարեն Ավետիսյանը, որ հետո զոհվեց Արցախյան ազատամարտում, Նախիջեւան էր գնացել: Կարենին ադրբեջանցիները Նախիջեւանում դիմավորել եւ ճանապարհել էին վրան քարեր շպրտելով: Սա այն ժամանակներն էին, երբ եղբայրական հանրապետություններ էինք, ճանապարհները բաց էին, եւ առեւտուր էինք անում:   

Տեսե՞լ ես տեսագրված այն դրվագները աշնան պատերազմից, երբ ադրբեջանցի զինվորականը հայ զինվոր է մորթում... Տեսե՞լ ես մեր զոհերի խեղված ու խոշտանգված դիերը, որոնց դեռ շարունակում ենք որոնել... Չեմ ուզում երկարացնել դանթեական պատկերներով: Պարզապես ականջդ բեր`ասեմ. բոլոր ազգերին Աստված է ստեղծել, բացառությամբ թուրքի: Եթե երբեւէ անունդ ու սեռդ մոռանաս, սա չմոռանաս: Այս կյանքում ամենից շատ նողկանք զգացել եմ պատերազմից: Եվ 1990 թվականից մինչ այս աշուն այդ թեմայով գրված իմ բոլոր ստեղծագործությունները, առանց բացառության, եղել են հակապատերազմական: Խաղաղության գինը լավ գիտի մի մարդ, ով ընկերներ է կորցրել պատերազմում: Քթիդ տակ՝ Կարսում, նորից թուրք-ադրբեջանական զորավարժություններ են լինելու, այս անգամ՝ առավել լայնածավալ: Թուրքը մեկ անշեղ նպատակ ունի. ոչնչացնել հայ գենը: Փորձիր աղուհացով, ոտաբոբիկ գնալ թուրքին ընդառաջ ու տես, թե քեզ հետ ինչպես կվարվի: Երբ վարչապետդ Մոսկվայում հաց կիսեց Ալիեւի հետ, դադարե՞ց մեզ վրա բռունցք թափ տալ: Այդ ճիճուին նույն վարչապետդ նստացրեց մեր գլխին, որ մինչ այդ գոմաղբի մեջ էր: Բայց ականջդ բեր` նորից ասեմ. կեղծ է Ալիեւի հաղթանակը, ինչպես կեղծ էր ձեր հեղափոխությունը, իսկ պատմությունը ճշմարտության համար է: 

ՀԳ. Երբեք չեմ վախեցել թուրքից, բայց միշտ վախեցել եմ հայի թուրքից:

Հուսիկ Արա