Հասարակություն՝ առանց անհատի

Հասարակություն՝ առանց անհատի
«Գերմանական իդեոլոգիայում» Մարքսը եւ Էնգելսը գրում են․ «Անհատները միշտ եւ բոլոր պարագաներում «ելել են իրենցից», բայց քանի որ նրանք եզակի չեն եղել, այն իմաստով, որ ոչ մի կապի կարիք չզգային իրար հետ, որովհետեւ նրանց պահանջմունքները, այսինքն՝ դրանց բնությունը եւ դրանց բավարարման եղանակը, նրանց կապում էին միմյանց հետ (հարաբերությունները սեռերի միջեւ, փոխանակությունը, աշխատանքի բաժանումը), ուստի նրանց անհրաժեշտ է եղել փոխհարաբերությունների մեջ մտնել միմյանց հետ:



Բայց քանի որ նրանք միմյանց հետ շփման մեջ էին մտնում որպես զուտ Ես, այլ որպես իրենց արտադրողական ուժերի եւ պահանջմունքների զարգացման որոշ աստիճանի վրա գտնվող անհատներ, եւ քանի որ այդ շփումը, իր հերթին, որոշում էր արտադրությունն ու պահանջմունքները, ապա անհատների հենց անձնական, անհատական հարաբերությունները միմյանց հետ, նրանց՝ որպես անհատների փոխադարձ հարաբերությունները ստեղծել է - եւ ամեն օր վերաստեղծում է - գոյություն ունեցող հարաբերությունները:



Նրանք շփման մեջ էին մտնում միմյանց հետ որպես այնպիսիներ, ինչպիսին որ կային, նրանք «իրենցից» ելնում էին, ինչպես որ կային, իրենց կենսաըմբռնումից անկախ»: Չափազանց կարեւոր տեքստ հայաստանյան ներկա քաղաքական, հասարակական կյանքն ընկալելու, գնահատելու եւ, ամենակարեւորը՝ հասկանալու համատեքստում: Վերջնական կեղծ իրականության կառուցումն ու հաստատումը ժամանակավորապես Սերժ Սարգսյանի քաղաքական իշխանության «կարեւորագույն ձեռքբերումներից էին», անհատների արանքից դուրս բերել կամուրջների, գործակցության, անգամ փոխշփման ու հանրակեցության հնարավորությունը․ «Այստեղից, հասկանալի է, հետեւում է, որ անհատի զարգացումը պայմանավորված է մյուս բոլոր անհատների զարգացմամբ, որոնց հետ նա ուղղակի կամ անուղղակի շփման մեջ է գտնվում, եւ որ անհատների փոխադարձ հարաբերությունների մեջ մտնող տարբեր սերունդներ կապված են միմյանց հետ…»:



Հայաստանում երկարատեւ պրոցեսներից հետո ընդդիմադիր ուժերի միջեւ եղած տարաձայնությունները, որոնք կողքից հրահրվում ու զարգացվում էին, անգամ քաղաքացիական պայքարի մասնակիցների միջեւ, սերունդների միջեւ, ինչ-որ կետում համընդհանրության առանցքի շուրջ դաշնության անկարելիությունը, «իմ ու քոնի» հանրահաշիվը, ի վերջո, անհատից զուրկ հասարակություն ձեւակերպեցին:



Գործուն կյանքում անհատ-հասարակություն անջրպետն օրեցօր էլ ավելի է խորանում․ «Անհատներ միշտ էլ եղել են»… հետայսու անգամ այս դարձվածքի ճակատագիրը նույնպես բացարձակ անորոշ է ու կասկածելի: Իրենք իրենցից ելնող անհատներն առանց կենսական կամուրջների արդեն իսկ մահվան են դատապարտված, բայց սա բնավ չի վերաբերում կեղծ իրականության մեջ ակտիվ մասնակցություն ցուցաբերող առանձնյակներին, որոնք ամենուր են, եւ հենց նրանք էլ իշխանության համար ապահովում են անհրաժեշտ վառելանյութը՝ կեղծ իրավիճակների, կատեգորիաների, գաղափարախոսությունների, շինծու լավատեսության համակարգերը, եւ այս օրերին «անհատ» ասելով՝ շատերը նկատի ունեն հենց այդ պսեւդո-ակտիվ շրջանակը:





**Արամ ՊԱՉՅԱՆ**