ՀՀԿ-ում ավելի լա՞վ գիտեն, թե Արմեն Սարգսյանն ու նրա կինը որտեղ են ապրում

ՀՀԿ-ում ավելի լա՞վ գիտեն, թե Արմեն Սարգսյանն ու նրա կինը որտեղ են ապրում
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելիս Սերժ Սարգսյանին երեւի թվում էր, թե պրն Սարգսյանի կյանքի ու գործունեության մասին կցկտուր տեղեկությունները, լրատվադաշտում շրջանառության մեջ դրված մի քանի լուսանկարը, այսուայն կորպորացիայի, համալսարանի, ՀԿ-ի հետ առնչություն ունենալու մասին կենսագրության տողերը հասարակության վրա տպավորություն կգործեն, իդեալական տարբերակում` ընդունելություն եւ աջակցություն կապահովեն: Մինչդեռ հասարակությունը մնաց գերազանցապես անտարբեր, իսկ Սերժ Սարգսյանի համար ի հայտ եկան որոշ խնդիրներ: Պարզվեց՝ Արմեն Սարգսյանը խնդիրներ ունի ե՛ւ ՀՀ սահմանադրության, ե՛ւ բրիտանական քաղաքացիության հետ կապված:



Ամենակարեւորը՝ Աստծո առջեւ, ձեռքն Աստվածաշնչին դրած Արմեն Սարգսյանը հավատարմության երդում է տվել բրիտանական գահին՝ «I swear by Almighty God that, on becoming a British citizen, I will be faithful and bear true allegiance to Her Majesty Queen Elizabeth the Second, Her Heirs and Successors according to law» բառերով, եւ ուխտի տեքստից առանձնապես չի հետեւում, թե բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելիս լուծված կարող է համարվել նաեւ ուխտը: Բրիտանական քաղաքացիության առումով էլ այն, որ պրն Սարգսյանը, ըստ իր բառերի, 2011-ին հրաժարվել է բրիտանական քաղաքացիությունից, ամենեւին ցույց չի տալիս, թե երբ է դադարել ՄԹ քաղաքացի լինելուց: Միացյալ Թագավորությունում քաղաքացիության հրաժարումից մինչեւ քաղաքացիության դադարումը ամիսներ տեւող գործընթաց է, եթե, իհարկե, դրական ելք ունենա:



Սակայն այսօր անդրադառնանք ՀՀ սահմանադրության մշտակեցության ցենզի հետ կապված խնդրին:



1984թ.-ից Միացյալ Թագավորությունում բնակող, եթե հավատանք կնոջը` ապա 1985-ից սկսած մնացյալ կյանքը Լոնդոնում ապրելու մասին երազած (Armen and I said «If only we could live here for the rest of our lives…»), 1992-ին ՀՀ դեսպան նշանակվելու շնորհիվ երազանքն իրականացրած եւ ընտանիքն էլ Լոնդոն մշտական բնակության տեղափոխած, 2002-ին ՀՀ սահմանադրության ոտնահարմամբ եւ ՀՀ քաղաքացիությունից զրկվելու հնարավոր գնով Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ձեռք բերած, առնվազն 10 տարի այդ քաղաքացիությամբ աշխարհին ներկայացած, ամեն տարի Զալցբուրգ Մոցարտի փառատոնին ուխտագնացության գնացող (The holiday she and Armen most look forward to each year is their annual pilgrimage to Mozart Festival in Salzburg), իսկ Երեւանում «տուն ունեցող եւ հաճախ այցելության եկող» (We have a home in Yerevan and my syster is there, so we visit often), վերջապես՝ Լոնդոնում բնակվելով եւ նախկին խորհրդային տարածքներում ունեցած իր բիզնեսներին հետեւելով, զուգահեռաբար էլ 2013-ից հասարակական հիմունքներով (this time on honorary basis) ՄԹ-ում ՀՀ դեսպանի պարտականություններ կատարող Արմեն Սարգսյանին ինչպե՞ս է հնարավոր վերջին 6 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող անձ ներկայացնել:



Պարզ է, որ ոչ մի կերպ: Ի դեպ, բոլոր մեջբերումները Նունե Սարգսյանի` Daily Mail-ին տված հայտնի հարցազրույցից են: Այդ դեպքում ինչո՞ւ են ՀՀԿ-ի քվազի-իրավաբանները փորձում դա անել` աշխարհն իրենց վրա ծիծաղեցնելով: Գրեթե յուրաքանչյուր ընթերցող կասի՝ փորձում են, որովհետեւ Սերժ Սարգսյանն է հրահանգել: Իսկ ինձ թվում է՝ միայն դա չէ, միայն բարոյական անկման, հաճկատարության որակը չէ: Ուղղակի ՀՀԿ-ի իրավաբանները մտավոր էրոզիայի այնպիսի մակարդակի են հասել, երբ կարծում են, թե կարելի է օրենքի վկայակոչումով Սահմանադրություն մեկնաբանել, առհասարակ՝ ստորադաս օրենսդրական ակտով վերադաս ակտը մեկնաբանել-խեղաթյուրել:







**ՀՀԿ-ականների մտավոր էրոզիայի բնագծերը**



Չգիտեմ՝ քանի ընթերցող կգտնվի, որ կմտաբերի Արմեն Սարգսյանին վերջին վեց տարում ՀՀ մշտական բնակություն ապահովելու համար ՀՀԿ-ական իրավաբանների շրջանառած բոլոր անհեթեթությունները: Իմ ուշադրությունը դրանցից երեքն են գրավել:



**Առաջին բնագիծը**



Առաջինը Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջարկելուն զուգահեռ տարածված անհեթեթությունն էր, թե Արմեն Սարգսյանը 2013-ի սեպտեմբերից մշտապես բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, քանի որ ՀՀ դեսպանատան տարածքը Լոնդոնում ՀՀ տարածք է: Նախ` դեսպանատանն աշխատել՝ չի նշանակում այնտեղ ապրել: Հազիվ թե Արմեն Սարգսյանը Լոնդոնի Չելսի թաղամասում գտնվող իր առանձնատունը թողած, դեսպանատան միջանցքում կամ ձեղնահարկում ննջասենյակ էր կահավորել ու դեսպանատանն էր ապրում՝ հանուն 2017-ին նախագահ առաջադրվելիս մշտակեցության ցենզ ապահովելու:



Իսկ ավելի լուրջ՝ ինչ-որ մեկը երեւի ինչ-որ պահի ՀՀԿ-ին բացատրեց, որ գոյություն ունի «Վիեննայի կոնվենցիա դիվանագիտական հարաբերությունների մասին», եւ դեսպանատների կարգավիճակը դրանով է կարգավորվում: Այդ կոնվենցիայով դեսպանատան տարածքն անձեռնմխելի տարածք է. ընդամենը: Գոյություն չունի այդպիսի դրույթ, թե դեսպանատան տարածքը պատկանում է այն երկրին, որին պատկանում է դեսպանությունը: ՀՀԿ-ում այդքանը հասկացան, թե չհասկացան, ամեն դեպքում փաստ է, որ ինչ-որ պահից դեսպանատան տարածքը ՀՀ տարածք լինելու եւ այնտեղ աշխատելն էլ ՀՀ-ում ապրել համարելու փաստարկը դադարեցրին տարփողել:



**Երկրորդ բնագիծը**



Հետո մի այլ, ավելի արտառոց անմտություն դրվեց շրջանառության մեջ: Իբր Սահմանադրության «վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող» բնութագիրն ու պահանջը չեն նշանակում «վեց տարի բնակվող»: Ի՞նչ է նշանակում: Ըստ ՀՀԿ-ական քվազի-իրավաբանների՝ նշանակում է ինչ-որ օրերի քանակ, որի հաշվելու կարգն ամրագրված է ինչ-որ օրենքում: Իրո՞ք: Սահմանադրությունն ունի անմիջականորեն գործող, բարձրագույն իրավաբանական ուժ, հետեւաբար, դրանում ամրագրված 6 տարին չի կարող վեց օրացուցային տարի չներառել: Սահմանադրությանը հնարավոր չէ ո՛չ բառեր ավելացնել, ո՛չ մտքեր վերագրել: Որքան էլ ձախողված եւ վատն է ՀՀ սահմանադրության ներկա տարբերակը (իսկ այն իսկապես վատագույնն է Հայաստանում գործած երեք սահմանադրություններից եւ արժանի է օր առաջ մի կողմ նետվելու, նորն ընդունելու կամ նախորդներին վերադառնալու), այդուհանդերձ, քանի դեռ գործում է, այն պետք է հաշվի առնվի որպես Սահմանադրություն: Հետեւաբար, եթե այդ Սահմանադրությունում գրված չէ «վեց տարի կամ դրան հավասարեցվող ժամանակահատված», գրված չէ «օրերի x քանակ վեց տարվա ընթացքում», նշանակում է՝ խոսքը միայն եւ բացառապես վեց օրացուցային տարվա մասին է: Օրենքը չի կարող վերագրումներ անել սահմանադրական ձեւակերպմանը, այն չի կարող վեց տարվան վերաբերող պահանջը տարածել, դիցուք, հինգ տարվա վրա` օրերի քանակի հետ ինչ մանիպուլյացիա էլ արվի:



**Երրորդ բնագիծը**



Ավելին` Սահմանադրությունը ՀՀ նախագահի թեկնածուին ոչ միայն վերջին 6 տարում Հայաստանում բնակվելու, այլ մշտապես բնակվելու պահանջ է ներկայացնում: Իսկ «մշտական բնակությունը» երբեք չի նշանակում եւ չի կարող նենգափոխվել ներկա օրերի քանակի։ Այդ հասկացությունը, եթե անգամ ոչ թե նախագահ ընտրելուն, այլ շատ ավելի անկարեւոր եւ պարզունակ հարցերի, դիցուք՝ հերթական անձին քաղաքացիություն շնորհելուն առնչվի, դարձյալ ներառում է տվյալ երկրում հիմնական կենսագործունեություն ծավալելու պայման, որ չափվում է տնային տնտեսության գոյությամբ, կոմունալ վճարներով, աշխատանքի առկայությամբ, մուծվող հարկերով, սոցիալական ներգրավումով եւ այլն: Այլապես, եթե «Գլաձորի» շրջանավարտ Հրայր Թովմասյանի կամ մյուս ՀՀԿ-ական իրավաբանների մտածողությունը գործի, ցանկացած վրացի, պարսիկ կամ թուրք վարորդ, ով տարվա կեսը բեռնափոխադրումների բերումով անցկացնում է Հայաստանի ճանապարհներին կամ հյուրանոցներում, կարող է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել (քանի որ մշտական բնակությունը նենգափոխվում է ներկա օրերի քանակի), հետո էլ մի ամբողջական տարի, պլյուս-մինուս՝ մի քանի ամիս հաստատվել Հայաստանում, մի քիչ հայերեն սերտել եւ դառնալ ՀՀ նախագահի կատարյալ թեկնածու: Դա կլինի պետությո՞ւն, նախագահությո՞ւն, թե՞ խեղկատակություն… Արմեն Սարգսյանի պարագան մշտակեցության առումով նույնն է: Նա էլ 35 տարի ապրում է արտերկրում, Հայաստանում էլ նույնիսկ ավելի քիչ է լինում, քան հարեւան երկրների վարորդները:







**ՀՀԿ-ում կարդալու կարողությունն է՞լ են կորցրել**



Սակայն Արմեն Սարգսյանին ՀՀ-ում մշտական բնակություն կարկատելու փորձերից ամենազվարճալին 30 տարուց ի վեր իր մշտական բնակության, նաեւ քաղաքացիության երկրում դեսպան նշանակելը իբրեւ հանրային գործուղում մեկնաբանելու փորձերն են: Որ ՀՀԿ-ում խնդիրներ ունենան իրավամտածողության եւ բնական իրավունքի հետ, բնական է, բայց որ խնդիրներ են ի հայտ եկել պոզիտիվ իրավունքի դաշտում, ընդամենը օրենքի տեքստ կարդալու անկարողության հետ է կապված:



«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում, առհասարակ, չկա սահմանում, թե ինչ է գործուղումը: Այն հազիվ սահմանում է, թե ինչ է հանրային ծառայությունը, եւ մասնավորապես ամրագրում, որ դիվանագիտական ծառայությունը հանրային ծառայություն է: Դրանից հետո «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում սահմանված է, թե որոնք են ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինները (հոդված 5), ինչպես է կատարվում դիվանագետի տեղափոխումը ՀՀ ԱԳՆ աշխատակազմից օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական մարմին (հոդված 32), ինչպես է վարձատրվում «օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետը» (հոդված 46 ), ինչ իրավունքներ ունի օտարերկրյա պետություն ծառայության մեկնած դիվանագետի ամուսինը (հոդված 47) եւ այլն:



Այսինքն՝ դեսպանի պաշտոնավարությունը երբեք, ոչ մի ասպեկտով ու նորմով չի համարվում գործուղում եւ չի վճարվում որպես գործուղում: Այն մի քանի տարի տեւողությամբ դիվանագիտական ծառայություն է օտարերկրյա պետությունում` այնտեղ մշտական բնակությամբ: Մինդեռ «գործուղումը» «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով արտերկրին ու դեսպաններին բացարձակապես չառնչվող գործունեություն է: Դա այն դեպքն է, երբ դիվանագետը, իր համաձայնությամբ, ՀՀ ԱԳՆ-ից գործուղվում է աշխատելու ՀՀ այլ պետական մարմին կամ ՀՀ այլ պետական մարմիններից` ԱԳՆ (հոդված 33՝ «Գործուղում»):



Այնպես որ, Արմեն Սարգսյանը որպեսզի դիվանագիտական գործուղման մեջ լիներ, պետք է ԱԳՆ-ից դուրս ՀՀ տարածքում մի այլ պետական մարմնում աշխատեր: Մինչդեռ պրն Սարգսյանը ՀՀ տարածքում չի աշխատում, ինչպեսեւ ՀՀ տարածքում չի ապրում: ՀՀԿ-ի իրավաբաններն այդտեղ ոչինչ չեն կարող փոխել, ոչ էլ Արմեն Սարգսյանի տիկնոջից ավելի լավ իմանալ, թե նրա ամուսինը որտեղ է ապրում եւ ուր է այցելում:







**Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ**