Իմ այդ գրառումն ուղղված է եղել նախկին մարզպետի դեմ

Իմ այդ գրառումն ուղղված է եղել նախկին մարզպետի դեմ
Գորիսի պետական համալսարանում երեկ տեղի ունեցած գիտխորհրդի արտահերթ նիստում վերջապես լուծվել է մեկուկես ամիս ձգձգվող թնջուկը։ Գիտխորհուրդը փակ քվեարկությամբ հաստատել է 27.12.2017թ. տեղի ունեցած դեկանների ընտրությունների արդյունքները: Այսպիսով՝ Մհեր Քումունցը դարձել է հումանիտար եւ հասարակագիտական մասնագիտությունների, Լիլիթ Աթաբեկյանը՝ բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան: Նրանց հետ, ըստ ընթացակարգի, ռեկտորը պետք է աշխատանքային պայմանագիր կնքի: Պայմանագրերի կնքումը, ըստ ամենայնի, տեղի կունենա այսօր կամ առաջիկա օրերին: Մեզ վերջապես հաջողվեց զրուցել **Մհեր Քումունցի** հետ, ով համարվում է գործող մարզպետի թեկնածուն:



Նա նշեց, որ իր համար սպասելի էր, որ գիտխորհուրդը կհաստատի ֆակուլտետների խորհրդի նիստի արդյունքները, եւ կանխատեսում էր, որ մեկ կամ երկու դեմ քվեարկող կլինի: «Ըստ կանոնակարգի, ֆակուլտետի խորհրդի ընտրությունից հետո 10-օրյա ժամկետում պետք է հաստատվեին ընտրությունների արդյունքները, սակայն մեկ ամսից ավելի է, ինչ այս գործընթացը ձգվեց: Բայց ոչինչ, կարեւորը արդյունքն է»: Ինչպես մեր նախորդ հրապարակումներում էինք նշել, ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, մեկ ձայնի տարբերությամբ պարտված թեկնածու Թեհմինա Մարությանը, ով համարվում է նախկին մարզպետի հովանավորյալը, պնդել էր, թե իր նկատմամբ ճնշումներ են եղել ընտրություններից առաջ, ակնարկել էր, որ դրանց ետեւում տեղական իշխանություններն են կանգնած: Հարցին, թե ինչ հարաբերություններ ունի Քումունցի հետ, Մարությանը նշել էր՝ նորմալ, աշխատանքային, եւ հավելել, որ երբ մանկավարժական հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետը, որի դեկանի պաշտոնակատարը Քումունցն էր, փակվել է՝ միանալով պատմաիրավագիտական ֆակուլտետին, եւ դրա հիման վրա ձեւավորվել է գործող ֆակուլտետը, Քումունցը ծանր է տարել այդ հանգամանքը․ «Եվ գուցե այդտեղից է սկսել ինչ-որ… Ամեն դեպքում, ինքն իրավասու էր մասնակցել ընտրություններին, բայց ճիշտ ճանապարհներով: Ինչպես գործող կանոնադրությունն է սահմանում»: Ինչ վերաբերում է ընտրություններից առաջ ճնշումներ բանեցնելուն, ապա Քումունցը տարակուսեց. «Ես ո՞ւմ վրա կարող եմ ճնշում բանեցնել, ռեկտորը՝ գործող, դեկանը՝ գործող, այդպիսի բան չի եղել: Ուզում եմ շեշտել, որ ինձ դեկանի աշխատանքից հանել են, ընդ որում՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գալուց հետո, ես պարզ մարդ եմ ու պիտի ասեմ սա: Մեկ տարի 10 ամիս Թեհմինա Մարությանը եղել է ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, մարդ է, նորմալ աշխատել է, ես վատ բան չեմ տեսնում: Դե, հիմա եկել է ընտրության պահը, ես էլ իմ թեկնածությունը դրել եմ՝ վստահ լինելով, որ կոլեկտիվն իմ կողքին է լինելու»: Հարցին՝ իրեն ընտրության հարցում որեւէ պաշտոնյա՝ Գորիսի համայնքապետարանից, մարզպետարանից, աջակցե՞լ է, Քումունցը կտրուկ արձագանքեց. «Ոչ, ինձ աջակցել է իմ համալսարանը, վե՛րջ, այսքան բան»: Հիշեցրինք նաեւ իր ֆեյսբուքյան գրառումը՝ Գորիսում անցյալ նոյեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների հետ կապված, որում Քումունցը կոչ է անում քվեարկել Առուշանյանի օգտին: Շատերը եզրակացրին, թե նա այդ գրառումը կատարել է հետագայում Առուշանյանի աջակցությունն ստանալու համար: «Իմ այդ գրառումն ուղղված է եղել նախկին ռեժիմի դեմ եւ ոչ թե՝ ես նման բան եմ գրել, որպեսզի հետո դեկանի պաշտոն ակնկալեի: Ես ուղղակի դեմ եմ արտահայտվել նախկին ռեժիմին՝ նախկին մարզպետին»:



Քումունցից հետաքրքրվեցինք, թե ինչպես է արձագանքել գիտխորհրդի երեկվա նիստի արդյունքին պարտված թեկնածուն՝ Մարությանը, ով մեզ հետ զրույցում մարտական էր տրամադրված եւ պնդում էր, որ իրավական լուծում է տալու իր հանդեպ ճնշումներին. «Նորմալ, թե՛ Մարությանը, թե՛ ռեկտորը չեն կարող փաստերի հետ հաշվի չնստել: Մեր դասախոսներից մեկը մի լավ խոսք ունի՝ ձայն բազմաց, ձայն Աստծո: Էս է…»: Ռեկտոր Արտուշ Ղուկասյանի հետ հարաբերությունների եւ նրա հետ իր հետագա աշխատանքի մասով էլ Քումունցը մեկ բան շեշտեց. «Իմ տրամադրվածությունն իր հանդեպ շատ լավ է, իր տրամադրվածության մասին բան ասել չեմ կարող: Ինքը թող մտածի, թե ինչպես է աշխատելու ինձ հետ: Շատ կատարյալ համալսարան է լինելու, չկասկածեք, ամբողջ համալսարանը սպասում է էս օրվան, որ բոլորը գեղեցիկ, բարեխիղճ աշխատեն»:



Հիշեցնենք, որ ռեկտորը մտադրություն ուներ չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները, սակայն դրա հիմքերը շատ թույլ էին, եւ մարզի ղեկավարությունն էլ ամեն ինչ արեց, որ դրանք հաստատվեն։ Հաջորդ քայլը թերեւս կլինի ռեկտորի հեռանալը պաշտոնից։ Սրանով կարծես կավարտվի մարզի լիսկաթափման գործընթացը, որը ձեռնարկել է մարզպետ Վահե Հակոբյանը։





**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**