Երկու ծայրահեղություն

Երկու ծայրահեղություն
Մի կողմից Արմեն Սարգսյանն է շրջում երկրով մեկ՝ հանդիպումներ ունենում պետական պաշտոնյաների ու հասարակությանը հայտնի անձանց հետ, մյուս կողմից՝ Զարուհի Փոստանջյանն է այցելում մարզեր, հանդիպումներ ունենում շարքային քաղաքացիների հետ։



Արմեն Սարգսյանի հանդիպումները լայնորեն լուսաբանում է պաշտոնական լրատվությունը, Զարուհի Փոստանջյանին, լավագույն դեպքում, մի քանի լրատվամիջոց է անդրադառնում, եւ նրա կուսակցության անդամներն են հաղորդագրություններ ու տեղեկատվություն տարածում սոցցանցերում։ Բայց եթե Արմեն Սարգսյանի հանդիպում-այցերը սպասված են դրանց մասնակիցների համար, եւ անգամ մրցավազք է սկսվել, թե ում կհաջողվի հանդիպել ՀՀ նախագահի թեկնածուին, Զարուհի Փոստանջյանի հանդիպումների մասնակիցները հիմնականում գյուղամիջում հավաքվող տատիկ-պապիկներն են, իսկ դրական վերաբերվողների քանակը շատ քիչ է՝ անգամ ընդդիմության եւ ոչ իշխանական շրջանակներում։



Զուգահեռները գուցե կոռեկտ չթվան, բայց սա Հայաստանն է, եւ երկուսն էլ մեր իրականության բաղկացուցիչներն են։ Արմեն Սարգսյանը՝ իր լոնդոնյան «լոսկով» ու եվրոպական պահվածքով, Զարուհի Փոստանջյանը՝ իր սատանայական ֆանտազիաներով ու գժության նոպաներով։ Բան չունենք ասելու՝ գուցե ՀՀ նախագահի թեկնածուի կարգավիճակը ենթադրում է հասարակական մեծ ուշադրություն, բայց դրանում պետք է բացառվեն քծնանքի, վերագրումների, հատուկ արտոնյալ կարգավիճակի դրսեւորումները։ Գուցե նաեւ նախասիրության հարց է Զարուհի Փոստանջյանի եւ «Երկիր ծիրանիի» շրջագայությունների լուսաբանումը, բայց եթե այս կուսակցությունը ստացել է հանրության քվեն եւ երեւանյան իշխանության մաս է կազմում, նրանց լրիվ անտեսելն ու լրատվական օրակարգից հանելը բռնապետական երկրի մամուլին բնորոշ պահվածք է՝ վերեւից թելադրված։



**Արմինե ՕՀԱՆՅԱՆ**