Ձեր արշինը ձեզ պահեք

Ձեր արշինը ձեզ պահեք
Եթե 1in.am-ի վերլուծաբան Սարգիս Արծրունուն քնից արթնացնես ու ասես՝ որևէ կուսակցության անուն ասա՝ կասի Դաշնակցություն: Միանգամայն բնական ռեակցիա, որ կդրսևորի Հայաստանի բնակչության առնվազն երկու երրորդը, եթե, իհարկե, արթնացնեք: Թույլ տվեք երկար-բարակ չբացատրել, թե ինչու է այդպես: Այդպես եղել է միշտ. Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ, Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին էլ, այսօր էլ, երբ իշխանության ղեկին Սերժ Սարգսյանն է՝ ՀՀԿ-ի հետ միասին: Ինչ ասեմ՝ դա էլ Դաշնակցության քաշելիքն է երևի՝ մոտ 8 տասնյակ քաղաքական ուժերի բազմության հետ պայքարել որպես դասական իմաստով եզակի կուսակցություն: Ստորև, սակայն, խոսքն այդ մասին չէ:



Սարգիս Արծրունին կարծում է, որ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի այցը Արցախ և հանդիպումը ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ շատ ուշագրավ է Հայաստանի ներքաղաքական զարգացումների համատեքստում: Հայաստանցի վերլուծաբանի (կեղծանունը հուշում է, որ պարոն է) սխալը սկսվում է հենց այդտեղից, որ ՀՅԴ ներկայացուցչի Արցախ մեկնելը դիտարկում է ներհայաստանյան, շատ ներողություն, քաղաքական զարգացումների տեսանկյունից: Այդպես չի կարելի պարոն Արծրունի, այլապես մեղանչում եք մի շարք բաների, այդ թվում և պատմության առաջ: Բանն այն է, որ ՀՅԴ-ն երբեք Արցախը չի տարանջատել Հայաստանից և այլ անվամբ կառույց չի գրանցել Ստեփանակերտում: Սա` մեկ: Եվ ապա` ՀՅԴ-ն ոչ թե հյուր, այլ տեր և ամենօրյա ներկայություն է Արցախում և չի կարելի պնդել, որ այդ ներկայությունը պայմանավորված է Հայաստանում ընթացող չգիտեմ ինչ պրոցեսներով: Հայաստանում Դաշնակցությունն ինչ իրավիճակներում ասես, որ չի հայտնվել, բայց Արցախում, ուր քաղաքական գործընթացները զարգացել են բոլորովին այլ կերպ, ընդհուպ պատերազմների զուգակցությամբ, Դաշնակցության մազն էլ չի ծռվել: Սա էլ, հավանաբար, իր բացատրությունն ոնի և դեռ պետք է հասկանալ` թե ինչու է այդպես պատահել:



«Պատահական չէ, որ հայաստանցի պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները դիմում են Բակո Սահակյանին` Սերժ Սարգսյանի մոտ բարեխոսելու նպատակով: Նախկին պաշտոնյաների կամ օլիգարխների պարագայում` Բակո Սահակյանի բարեխոսելու գինն Արցախում կատարվող ներդրումներն են, ընդ որում` դրանց համարժեքությունն ամենից լավ կարող է պարզել հենց Սերժ Սարգսյանը. նա բոլորից լավ գիտի, թե որ պաշտոնյան կամ օլիգարխն ինչքան հարստություն են դիզել հայաստանյան համակարգի ռեսուրսի հաշվին: ՀՅԴ պարագան մի փոքր այլ է. ավանդական կուսակցությունը քաղաքական սակարկության առարկա է դարձնում իր համահայկականությունը, Սփյուռքի գործոնը»,- գրում է Արծրունին` չնկատելով որ մեղանչում է ոչ միայն Դաշնակցության, այլև պատմության և որպես հայ մարդ` ինքն իր դեմ: Խոսել հայրենիքի հետ Դաշնակցության սակարկությունների մասին և պնդել, թե ՀՅԴ-ն բեռով-բարձով գնում է Բակո Սահակյանի մոտ, որ իր հայաստանյան գործերը դրստի, շանտղություն է, եթե, իհարկե, ավելի կոպիտ չասեմ:



Արծրունու բոլոր մտքերը, որոնք կայքում դառնում են շարադրանք, չգիտես ինչու, միշտ համեմված են թեական բառերով` «ըստ ամենայնի», «ամենայն հավանականությամբ», «ըստ երևույթին», «թերևս» և այլն: Մարդը խնամքով թաքցնում է ոչ միայն իր անկարևոր անձը, այլև, որ շատ տարօրինակ է, վախենում է որևէ հաստատ բան ասել: Ահա` գրել է. «Ըստ ամենայնի` ՀՅԴ-ին անհանգստացնում է այն հանգամանքը, որ ապրիլյան զարգացումների համատեքստում կարող է կորցնել իր ազդեցությունը կամ նույնիսկ` պահանջարկվածությունը»: Եղբայր, եթե հաստատ չգիտես, թե ինչն է ՀՅԴ-ին անհանգստացնում, ապա ինչո՞ւ ես հոդված գրում հենց ՀՅԴ-ի անհանգստության մասին: Քանի՞ կոպեկ արժի քո վերլուծությունը, եթե դու ընթերցողին որևէ հաստատ բան չես ասում, և միայն պղտորում ես նրա միտքը: Ախր մարդիկ կարող են ծիծաղել քեզ վրա, թե այս ինչ է ասում այս Արծրունին, ինչո՞ւ պետք է Դաշնակցությունը կորցնի իր ազդեցությունը, էն էլ ապրիլյան գործընթացների համատեքստում, եթե փաստ է, որ այդ գործընթացների նախաձեռնողներից մեկն էլ Դաշնակցությունն է: Եվ ամենածիծաղելին էլ այն է, որ Արցախ` բացառապես կուլտարշավների մեկնող քաղաքական ուժերը նույն այդ ապրիլյան գործընթացների ֆոնին պինդ նստած են Երևանում, իսկ ահա ՀՅԴ ներկայացուցիչը, կարծես, չի կարողանում կուսակցության հարցերը Երևանում լուծել և գնացել է Արցախ:



Պոզավոր մտքերն այդ մարդուն, բնականաբար, պետք է բերեին պոզավոր եզրակացության. «Ինքնին հասկանալի է, որ ապրիլին ներհամակարգային զարգացումներն ոչ թե ավարտվում, այլ նոր թափ են ստանում, ընդ որում` ավելի խորքային մակարդակում, միտված 2022-ի համատեքստին: ՀՅԴ-ին անհանգստացնում է հենց հեռանկարի անորոշությունը, մշուշը: Պատահական չէ, որ ռեյտինգային ընտրակարգի դեմ դաշնակցական «խռովությունը» շոշափում էր ոչ թե ընթացիկ քաղաքական խնդիր, այլ հարց, որն առավելապես վերաբերում է 2022-ի խորհրդարանական ընտրություններին»: Պարոն Արծրունուն ասեմ, որ ինքն այն եզակի մտավորականներից է, որ կարծում է, թե 128-ամյա ՀՅԴ-ն իր ողջ կյանքում կշիռ ու ազդեցություն ձեռք է բերել ՀՀ ԱԺ ընտրություններով: Ասինք, որ ՀՅԴ-ն պաշտոնապես Հայաստան է եկել 1990-ին, բայց չասինք, որ այդ թվականից է ՀՅԴ-ն սկսվել: Այսինքն արշինի հարց կա այստեղ, և հայաստանցի յուրաքանչյուր վերլուծաբան, եթե քթածակ ունի, իհարկե, չպետք է փորձի մյուսների արշինով չափել ՀՅԴ-ին: Այս առումով ՀՅԴ-ն միանգամայն այլ կատեգորիա է, ու դեռ պետք է հասնել ինչ-որ մակարդակի, որպեսզի նրա որևէ հայտարարություն չկապես ինչ-որ կոնկրետ իրադարձության հետ, թող որ դա լինի ԱԺ ընտություն կամ այլ քաղաքական գործընթաց: Կան սկզբունքներ, որ ՀՅԴ-ն դավանել է դեռ Հայաստանի վերանկախացումից շատ առաջ և այսօր էլ գնում է դրանց հետևից` չմտահոգվելով, որ ինչ-որ բան իր համար կարող է այնպես չդասավորվել: Վերջապես ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորներ ՀՅԴ-ն էլ ունի, բայց դա չի նշանակում, որ ՀՅԴ-ն չպետք է պայքարի այդ ընտրակարգից հրաժարվելու համար:



«Դժվար է կանխատեսել, թե ինչ ավարտ կունենա Մարգարյանի «արցախյան» առաքելությունը, սակայն ՀՅԴ-ն կանգնած է լուրջ երկընտրանքի առջև: Հայաստանում գոյություն ունեցող կալիցիան դասական չէ և ձևավորված է, այսպես կոչված, «1+»-ի սկզբունքով, որտեղ միակ սուբյեկտը ՀՀԿ-ն է, իսկ ՀՅԴ-ին սպառնում է քաղաքական դիմազրկության և կցորդ դառնալու հեռանկարը»,- գրում է ՀՅԴ-ի ճակատագրով մտահոգ Արծրունին: Խիստ մտահոգ: Ճիշտն ասած, որպես դաշնակցական, ես էլ կուզենայի իմանալ, թե ՀՅԴ-ի ինչն է ավելացել կամ պակասել, երբ նա եղել է ընդդմություն, ապա` իշխանություն, հետո էլի ընդդիմություն և էլի իշխանություն: Այդ ընթացքում ՀՅԴ-ին քննադատել են զուգահեռաբար թե օրվա ընդդիմությունը, թե օրվա իշխանությունը, թե նրանք, ովքեր որևէ կերպ հասանելիություն ունեն հրապարակային խոսքի ամբիոններին: Ես չեմ հիշում մի դեպք, որ ասեն` տեսեք, թե ՀՅԴ-ն ինչ լավ բան արեց: Ոչինչ: Ոչինչ որ մենք աստճանաբար առաջ ենք գնում, թող ինքնագովություն չլինի, նաև ՀՅԴ քարտեզով, ոչինչ որ ՀՅԴ-ն միշտ ամենադժվարին տեղերում է, ոչինչ, որ այսօր Հայաստանն անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի, ոչինչ որ ՀՀ ապագա նախագահի անունը գիտենք, բայց առաջվա նման իրար կոկորդ չենք կրծում, ոչինչ, որ այդ ընթացքում աստիճանաբար հրաժարվում ենք մեծամասնական, իսկ նոր պատկերացումներով` ռեյտինգային ընտրակարգից : Տեսնես ո՞վ է կանգնած այս ամենի հետևում: Պատահաբար Դաշնակցությունը չէ՞, որ, ըստ Արծրունու` վախ, վախ, վախ, մտահոգված է 2022 թվականի ընտրություններով:



Ավարտելով՝ կցանկանայի փարատել Արծրունու ևս մի մտահոգություն` կապված Դաշնակցության ապագայի հետ: Մարդն, ահա, սևով սպիտակին գրել է. «… վարչական ռեսուրսի և թեկուզև սահմանափակ իշխանության բացակայությունը ՀՅԴ-ին կարող են մղել քաղաքական լուսանցք, մանավանդ, որ դաշնակցականությունը լուրջ ճգնաժամ է ապրում նաև Սփյուռքում` գաղափարական և ինստիտուցիոնալ առումով»: Նրա հոգու այս ալեկոծության առաջին հատվածին համարյա պատասխանեցինք վերևում, թեև արժեր հասկանալ, թե ինչ ցունամի պետք է լինի, որպեսզի ՀՅԴ-ն, որ նույնիսկ 70-ամյա վտարանդիության պայմաններում երբեք անկյուն չի քշվել, հանկարծ հայտնվի քաղաքական լուսանցքում այստեղ` իր հայրենիքում: Սա, համաձայնեք, մի քիչ դժվար է պատկերացնելը և դա պետք է վերագրել Արծրունու երևակայությանը միայն: Իսկ ինչ վերաբերվում է Սփյուռքում ՀՅԴ դիրքերի «թուլացմանը», ապա Արծրունուն պետք է հանգստացնել` չկա նման բան, տղա ջան: Դաշնակցությանը Սփյուռքում թուլացնելու փորձեր, ընդհուպ Հայաստանից, հայաստանյան առանձին ուժերի կողմնակիցների միջոցով, եղել են, բայց դրանք, ինչպես հայաստանյան քաղաքական պրոցեսները, շատ արագ մարել, գնացել են` հետք անգամ չթողնելով Սփյուռքի կազմակերպական կյանքում: Փոխարենը մենք Դաշնակցությանը տեսնում ենք բազմաթիվ օտար պետությունների ղեկավարների կողքին` սկսած Հարավային Ամերիկայից մինչև Փարիզ, մինչև եվրոպական կառույցներ և ամենուր, ուր կարող է վճռվել Հայաստանի ու Արցախի ճակատագրի հետ կապված նույնիսկ ամենաաննշան մի հարց:



Իսկ վերջում մի հարց արծրունիներին` ի՞նչ եք կարծում, տղերք, որքա՞ն պետք է չարչարվել ԵԽ պաշտոնյաների մի խումբ Արցախ բերելու, կամ Արցախի պաշտոնյաներին եվրակառույցներում ներկայացնելու համար: Երևի պատկերացում էլ չունեք, բայց ասում եք, որ ՀՅԴ ներկայացուցիչը Բակո Սահակյանի հետ հանդիպել է ՀՅԴ հոգսերով: Բա ամոթ չե՞ք անում:



**Էդիկ Անդրեասյան**