Անվճար ձեթ, կարտոֆիլ, հաց՝ գյումրեցիներին (ֆոտո)

Անվճար ձեթ, կարտոֆիլ, հաց՝ գյումրեցիներին (ֆոտո)
Երեկվանից հարյուրավոր գյումրեցիներ հերթ էին կանգնել Գյումրու Սախարովի հրապարակում տեղակայված «Կռունկ» խանութի շուրջ: Այս անգամ գյումրեցիներին անվճար բաժանվում էր հաց, ձեթ եւ կարտոֆիլ:



Գյումրեցի երիտասարդ գործարար Գարիկ Ուզունյանի իրականացրած ակցիային ամիսներ առաջ անդրադարձել էինք: Գործարարն իր նորաբաց հացի փռի արտադրանքն անվճար բաժանում է կարիքավորներին: Մինչ նախորդ տարվա վերջ հազարավոր գյումրեցիներ օգտվեցին ակցիայից: Տարեսկզբին նախաձեռնության հեղինակը հասկացավ, որ այլևս անվճար հաց բաժանելու գործընթացը հնարավոր չէ կանգնեցնել: Ստիպված եղավ հիմնել «Կռունկ բարեգործական» հիմնադրամ՝ համախոհներին խնդրելով աջակցել հիմնադրամին, որպեսզի կարողանան շարունակել գործունեությունը:



Հաջողվե՞ց բարերարին համախոհներ գտնել եւ ի՞նչ միջոցներով է ընլայնել բարեգործությունը, փորձեցինք ճշտել հիմնադրամից: «Այս շաբաթ մի փոքր օգնություն եղավ, այդ պատճառով էլ ընդլայնվեց: Երեկ հացից բացի բաժանեցինք նաև ձեթ և կարտոֆիլ։ Բայց ընդանուր վիճակը նույնն է, բարեգործությունը շարունակվում է միայն մի մարդու անձնական միջոցներով»,- փոխանցեցին հիմնադրամից։



Որքան էլ կարծիքներ են հնչում, թե գյումրեցիներին հարիր չէ ողորմություն ստանալը, այնուամենայնիվ աղքատության ցուցանիշով առաջին հորիզոնականում հայտնված Հանրապետության երկրորդ քաղաքի՝ օրավուր հացին կարոտ քաղաքացուն այլ ելք չի մնացել:



«Մի բան եմ խնդրում. երբեք մի հիասթափվեք, կողքից հնչող կարծիքներին մի տրվեք, քննադատությունից մի նեղվեք: Հիշեք, որ ձեզ են ուղղված կիսասոված մանուկների եւ տարեցների սպասող հայացքները: Քննադատում են առաջին հերթին նրանց, ով գործ է անում եւ ում գործը տեսանելի է»,- ասում է «Կռունկ»-ի հիմնադիրը՝ խնդրելով միանալ իրեն։



Ի դեպ առաջին օրերին հացը բաժանվում էր միայն Գյումրիի բնակիչներին, սակայն որոշ ժամանակ անց օրավուր հացի համար քաղաք սկսեցին գալ հարակից գյուղերի բնակիչները ևս:



**Արևիկ Հակոբյան**