«Հրապարակ». Դանակը հասել է ոսկորին, սա առաջին լուրջ նախազգուշացումն է

«Հրապարակ». Դանակը հասել է ոսկորին, սա առաջին լուրջ նախազգուշացումն է

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը երեկ աննախադեպ քայլի գնաց` բողոքի նոտա հղեց ՀՀ արտգործնախարարությանը: Դեսպանատունը նաեւ իր ֆեյսբուքյան էջում էր այդ հայտարարությունը տեղադրել, որում իր վրդովմունքն է հայտնում օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ռուսական կառույցներին մեղադրելու մեկնաբանությունների վերաբերյալ: «Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական տարածքում արծարծվող ցինիկ նյութերից, որոնք սրբապիղծ ու կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանը մասնակից լինելու վերաբերյալ»,- ասվում է հայտարարությունում։

«Մենք դա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք նման զրպարտությունների հետեւում կանգնած քաղաքական ուժերի կողմից, որոնց նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսեւորումների դադարեցմանը, ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»,- ասվում է Հայաստանում ՌԴ դեսպանատան տարածած հայտարարության մեջ եւ նշվում, որ այս նոտան ուղղված է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը: Հարկ են համարել նաեւ ընդգծել, որ ռուսական կողմը՝ ի դեմս Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի, առաջին իսկ րոպեներից ներգրավվել է ողբերգության հետեւանքների վերացման աշխատանքներին։ 

Նկատենք, որ հիշյալ դեպքերին անմիջապես հաջորդեցին սորոսական շրջանակների եւ հատկապես «Սասնա ծռեր» խմբավորման ներկայացուցիչների հակառուսական գրառումներն ու հայտարարությունները` առ այն, որ կատարվածը ռուսական ծառայությունների ձեռքի գործն է, դիցուք, «ծռերի» ներկայացուցիչ Սյուզան Սիմոնյանը Ֆեյսբուքում գրել էր. «Ռուսը երբ գնում է, կա՛մ իր հետեւից ցեղասպանություն է թողնում (1915), կա՛մ՝ երկրաշարժ ու Սումգայիթ (1988), կա՛մ էլ՝ Սուրմալու (2022)։ Զուգադիպությո՞ւն է»։ Անուղղակի ակնարկներով նյութեր հրապարակվեցին իշխանությունների ազդեցության տակ գտնվող տելեգրամյան ալիքներում, մասնավորապես՝ Բաղրամյան 26-ում։ Իշխանությունների ենթակայության տակ գործող ՀԿ եւ կուսակցական սեկտորի ներկայացուցիչները հայտարարեցին, թե գործ ունեն աշխարհաքաղաքական առճակատման, հիբրիդային պատերազմի հետ եւ այլն, եւ այլն։

Նկատենք, որ դաշնակից պետությանն ուղղված ծանրագույն մեղադրանքներին պետական, իշխանական մակարդակով մի քանի օր որեւէ արձագանք չեղավ, իրենց լրատվամիջոցներում էլ լռություն էր: Տպավորություն է, որ իշխանությունները, եթե իհարկե, անձամբ չէին կառավարում այդ պրոցեսը, համաձայն էին սորոսականների կողմից շրջանառության մեջ դրված այդ վարկածի հետ: Ի վերջո, նաեւ այս իշխանությունների ձեռագիրն է` պատասխանատվությունից խուսափելու համար հանրային դժգոհությունն արհեստականորեն ուղղորդել դեպի այլ սուբյեկտներ։ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց ի վեր այս ոճն է խաղարկում, ամեն ինչում մեղավոր են նախկինները, ժողովուրդը, Եվրոպան ու Ռուսաստանը, բայց ոչ ինքն ու իր թիմը։ Փաշինյանը նույն սկզբունքով է հարաբերվել նաեւ Ռուսաստանի հետ, զբաղվել է քաղաքական լարախաղացությամբ՝ ՌԴ-ին համարելով դաշնակից, սակայն զուգահեռ խաղեր տալով Արեւմուտքի հետ ու Հայաստանի համար վճռորոշ պահերին հակառուսական տրամադրություններ հրահրելով։

ԱԳՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ «Սուրմալուի» պատմությունն ընդամենն առիթ էր, որի միջոցով Մոսկվան ուղերձ է հղում, որ Հայաստանի իշխանությանը վստահելի գործընկեր չի համարում, ավելին՝ ՌԴ-ն պահանջում է հրապարակային հստակեցում․ ասա` մե՞զ հետ ես, թե՞ Արեւմուտքի: «Դանակը մի օր պիտի հասներ ոսկորին, գուցե իրենց մոտ ուշ է հասնում, բայց կարող ենք փաստել, որ հասավ»,- ասաց մեր զրուցակիցը՝ շարունակելով․ «Սովորաբար դաշնակից պետությունների միջեւ նման հարցերը շատ ավելի խորհրդապահական կարգով են լուծվում, որպես կանոն, միշտ խուսափում են հրապարակային հայտարարություններից, բայց կոնկրետ այս հայտարարությունը ոչ միայն հրապարակվել է, այլեւ բավականին կոշտ բառապաշարով է, ու սպասում են հրապարակային պարզաբանման։ Ես չեմ հիշում նմանատիպ դեպք, երբ այսպիսի բառապաշարով մեկնաբանություններ եղած լինեն: Բայց մյուս կողմից տեսնում եմ, որ Հայաստանում արագ տեմպերով խորը հակառուսականություն է տարածվում, ինչը, բնականաբար, բերելու էր նման հայտարարության, նոտաների»։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք սա կոպիտ միջամտություն չէ՞ Հայաստանի ներքին գործերին, խոսքի ազատությանը միջամտություն, որովհետեւ երեկ ոմանք վրդովված էին այս նոտայի առթիվ, ասում էին՝ մարդիկ իրավունք ունեն նաեւ կարծիք ու վարկածներ հայտնել: Երբեմնի բարձրաստիճան դիվանագետն ասաց, որ նման դեպքերում պետությունը տարբեր կառույցներով պետք է հակազդի, ցույց տա, որ դա պետության դիրքորոշումը չէ, այն էլ՝ դաշնակից պետության մասին է խոսքը, հակառակ դեպքում լռությունը համաձայնության նշան է։ «Սա ներքին գործերին միջամտություն կլիներ, եթե իշխանությունները կանգնեին եւ հստակ ասեին, որ, այո, դա է մեր պետական քաղաքականությունը։ Չորս տարի մանեւրել են, թե դա պետական քաղաքականություն չէ, տարբեր լրատվամիջոցներ են, անհասկանալի տելեգրամյան կանալներ, անհատներ, բայց երբ խորն ուսումնասիրես, կտեսնես, որ իշխանությունն այս ամենի հետ ուղիղ կապ ունի։ Ի վերջո, մի օր պետք է համբերության բաժակը լցվեր, եւ սա առաջին լուրջ նախազգուշացումն է»,- ասաց մեր զրուցակիցը։ Մեզ չհաջողվեց ԱԳՆ-ի դիրքորոշումը լսել այս առիթով, Միրզոյանի խոսնակը մշտապես ընդհատակում է կամ էլ պատասխանում է իր նախընտրած լրատվամիջոցներին։