Հայաստանում դատական իշխանությունը տեղավորված է «Բաղրամյան 26»-ում․ Արթուր Սաքունց

Հայաստանում դատական իշխանությունը տեղավորված է «Բաղրամյան 26»-ում․ Արթուր Սաքունց
ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը առաջարկով հանդես եկավ՝ ըստ որի հնարավոր է բոլոր այն դատավորները, որոնց քննած գործերով ՄԻԵԴ-ն ի վնաս Հայաստանի որոշումներ կկայացնի, հետագայում պատժվեն՝ նրանց նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցվեն եւ անգամ պետության վճարած փոխհատուցումները բռնագանձվեն այդ դատավորներից։ Բացի այդ ընդունվեց օրենսդրական փոփոխությունը, որով դատարանը հնարավորություն է ստանում որպես պատիժ դատավարական կողմերի, այդ թվում՝ փաստաբանների նկատմամբ տուգանքներ կիրառել, մինեչւ 100 հազար դրամի չափով։ Թե ինչ ազդեցություն կունենան դատական համակարգի այս փոփոխությունները և դատական համակարգին վերաբերող այլ հարցերի մասին զրուցեցինք իրավապաշտպան **Արթուր Սաքունցի** հետ։



-**Պարոն Սաքունց, ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանի առաջարկով հնարավոր է բոլոր այն դատավորները, որոնց քննած գործերով ՄԻԵԴ-ն ի վնաս Հայաստանի որոշումներ կկայացնի, հետագայում պատժվեն՝ նրանց նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցվեն եւ անգամ պետության վճարած փոխհատուցումները բռնագանձվեն այդ դատավորներից։ Դուք ինչպես եք վերաբերվում այս առաջարկին եւ դա ինչ հետեւանքներ կարող է ունենալ մեր դատական համակարգի համար**։



-Մենք չունենք անկախ դատական իշխանություն, այսինքն՝ իշխանությունը չի ապահովում դատարանի և դատավորի անկախությունը։ Իսկ մենք գիտենք, որ դա մեր քաղաքական իշխանությունների բնույթի հետևանքն է, այսինքն՝ նրանք շահագրգռված չեն անկախ դատական իշխանություն ունենալ, և այդ պարագայում դատավորին վարչական պատասխանատվության ենթարկել այն բանի համար, որ նրան միաժամանակ թելադրել են որոշում կայացնել կամ վճիռ արձակել նույն քաղաքական իշխանության թելադրանքով՝ հակառակ պարագայում եթե հրահանգը չկատարի, կազատվի աշխատանքից, ապա դա դատավորին ընդհանրապես դարձնում է խիստ խոցելի։ Ստացվում է, որ քաղքական իշխանությունը իր կամքն է թելադրում, որի համար պատասխանատվության է ենթարկվում դատավորը, սա պարզապես ապսուրդ է։ Ես կարծում եմ, որ դա կհանգեցնի դատական իշխանության ոչնչացամանը ընդհանրապես։ Եվ հարց՝ ովքեր կհամաձայնեն գնալ դատական իշխանություններում աշխատելու որպես դատավոր, կամ եթե համաձայնողներ լինեն, ինչ որակի մարդիկ կհամաձայնեն։ կոպիտ ասացծ՝ դա կվերացվի բիզնեսի։ Դատավորները կսկսեն համեմատության մեջ դնել վարչական տույժերն ու թե ինչ շահ կարող են ստանալ դատավոր աշխատելիս։ Փաստորեն արդարադատության շահը մղվում է 2-րդ կամ 3-րդ պլան։



-**Երեկ ընդունվեց օրենսդրական փոփոխությունը, որով դատարանը հնարավորություն է ստանում որպես պատիժ դատավարական կողմերի, այդ թվում՝ փաստաբանների նկատմամբ տուգանքներ կիրառել, մինեչւ 100 հազար դրամի չափով։ Չի՞ խարխլի արդյոք սա փաստաբանական ինստիտուտի անկախությունը։ Ինչպես եք վերաբերվում փաստաբանների բողոքի ակցիաներին եւ ինչու չեն բողոքում դատախազները**։



-Խնդիրը փաստաբանական ինստիտուտի անկախության խարխլման մասին չէ, այլ փաստաբանական ինստիտուտի գործունեության ճնշման գործիք սահմանելու մասին է։  Փաստաբանը արդարադատության իրականացմանն է մասնակցում։ Օրենսդրական այդ փոփոխությունը միտված է արդարադատության հերթական հասկացության վերացմանը։ Մի կողմից դատավորին կախվածության մեջ պահել քաղաքական իշխանությունից, մյուս կողմից էլ փաստաբանների նկատմամաբ դատավորի կողմից սանկցիա կիրառելու հնարավորություն մտցնել։ Դուրս է գալիս որ առհասարակ արդարադատությունն է խարխլվում։ Բուն ողնաշարը արդարադատության ոչ թե դատավորի անկախությունն է, այլ մրցակցությունը կողմերի։ Իսկ եթե կողմերի միջև մրցակցությունը չի ապահովվում, արդարադատության մասին խոսելը դառնում է ավելորդ։ Իսկ դատախազները չեն բողոքում, քանի որ իրենք համոզված են, որ լինելով քաղաքական իշխանությունների գործիք՝ իրենք մշտապես լինելու են արտոնյալ վիճակում։



-**Ազգային ժողովում քննարկվեց եւ ընդունվեց Ներման վերաբերյալ օրենքի նախագիծը, որով ներման իրավունքը ՀՀ նախագահից փոխանցվեց ՀՀ վարչապետին։ Վարչապետի ներկայացմամբ պետք է նախագահը վավերացնի, իսկ եթե անհամաձայն է՝ կարող է դիմել Սահմանադրական դատարան։ Ձեր գնահատականը**։



-Պետք է հասկանանք տրամաբանությունը։ Քննչական մարմնի ղեկավարին նշանակելու է կառավարությունը, որտեղ վարչապետի խոսքը որոշիչ է, տեղակալներին նշանակում է վարչապետը, դատախազի թեկնածուներին կրկին վարչապետն է առաջարկելու՝ քաղաքական կայուն մեծամասնության միջոցով, դատավորների նշանակաման գործում՝ կրկին քաղաքական կայուն մեծամասնություն և վարչապետ։ Այս պարագայում ներման իրավունքը վարչապետին հանձնելը նշանակում էվարչապետի հայեցողությանը հանձնել անձին, որին վարչապետի կողմից վերահսկվող մարմինը ճանաչել է մեղավոր։ Այսինքն՝ սա դառնում է քաղաքական գործիք, որի իմաստը անձի նկատմամաբ հետապնդումը դադարեցնելն է, եթե անձը քաղաքական համաձայնություն ցուցաբերի։ Եթե դա պետք է լինի մարդասիրական որոշում, այլ ոչ թե քաղաքական, ապա դա պետք է հանձնվի նախագահին։ Այսինքն տրամաբանությունը ամբողջովին խախտվում է։ Եվ մենք կրկին եզրահանգում ենք այն գաղափարին, որ վարչապետի այսօրվա պաշտոնը նախագահի լիազորությունների իրացումն է։



-**Հայաստանում այսօր շուրջ 100 ցմահ ազատազրկված կա, ինչո՞ւ մինչ օրս նրանցից որևէ մեկի նկատմամբ ներում կամ վաղաժամկետ ազատման դրույթը չի կիրառվել։ Առհասարակ՝ վաղաժամկետ ազատման նորմի գործունեության, անկախ կոչվող հանձնաժողովների մասին Ձեր կարծիքը կուզեինք լսել**։



-Այդ հարցերը պետք է տալ Սերժ Սարգսյանին։



-**Դատական բարձրագույն խորհուրդ է ձեւավորվելու՝ կազմված տարբեր անձանցից, այդ թվում՝ ոչ դատավորներից։ Ինչ կարգավիճակ կունենա այդ մարմինը։ Ինչ ռիսկեր եք Դուք տեսնում։ Արդյոք սա չի՞ նմանվելու «վերադաս» մարմնի, որն իր ձեռքում կկենտրոնացնի արդարադատության նախարարության, վճռաբեկ դատարանի ֆունկցիաները եւ կնվազեցնի դատական համակարգի անկախությունը։ Վճռաբեկ դատարանը դադարելո՞ւ է մեր դատական համակարգի վերջին օղակը լինելուց։ Արդյոք ԴԲԽ-ն իշխանությունների ձեռքին գործիք չի դառնալո՞ւ**։



-Հայաստանում, ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ թե դատական իշխանությունները, դատավորները, թե մասնագետները, իրավաբանները և այն տեղավորված են Բաղրամյան 26 հասցեում, և անունների փոփոխությունը չէ որոշիչ, այլ իրական ինստիտուտների անկախությունը, որը բացակայում է։ Նման պարագայում ինչ անուն էլ ներգրավեն բարձրագույն դատական խորհրդի մեջ, արդյունքը լինելու է նույնը, որովհետև տոտալ կառավարման համակարգում բոլոր կառույցները, որոնք ածանցվում են իշխանություններից, չեն կարող լինել անկախ։ Այսինքն մենք չենք կարող ակնկալել, որ Բարձրագույն դատական խորհուրդը բովանդակային առումով որևէ փոփոխություն կարող է կրել։



-**Եւ վերջապես, Երեւանի միասնական դատարանի մասին Ձեր կարծիքը**։



-Դա, միանշանակ, ֆինանսական ռեսուրսների խնայողության միտումը ունի, որովհեըև 5 առա(ին ատյանի դատարանների նախագահների փոխարեն հիմա լինելու է մեկը։ Որոշ չափով էլ կենտրոնացում է տեղի ունենում։



 



**Կորյուն Սիմոնյան**