Հանուն իշխանության` Ալիեւը պատրաստ է զոհել Ղարաբաղյան բանակցությունները

Հանուն իշխանության` Ալիեւը պատրաստ է զոհել Ղարաբաղյան բանակցությունները
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդական առաքելությամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դժվար թե ենթադրեին էլ, որ իրենց այս տարվա առաջին այցը ռեգիոն կարող է նման մտահոգիչ ավարտ ունենալ:



Նախօրեին, մեկնաբանելով Կրակովում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, նրանք հայտարարեցին, որ պետք է գործնականում կյանքի կոչվի Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները` կապված շփման գծում միջազգային դիտորդների թվի ընդլայնման եւ մոնիթորինգի համակարգի ներդրման հետ:



Այս մասին իրենց համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էին նաեւ Իտալիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահող Անջելինո Ալֆանոն եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «2016-ի հունիսին եռակողմ հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով, որին մասնակցեցին նաեւ եռանախագահները: Այդ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց որպես կոնկրետ քայլ փոխվստահության ամրապնդման համար ավելացնել մի քանի հոգի շփման գծում գործող ԵԱՀԿ դիտորդական կազմում: Այդ ժամանակվանից ի վերջ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ եւ այժմ, իմ կարծիքով, կողմերը չափազանց մոտ են կոնկրետ պարամետրերի համաձայնեցմանն ու պայմանավորվածությունների կյանքի կոչմանը»,- կարդում ենք պաշտոնական հայտարարություններում: Սա արդեն պարզ ցույց է տալիս, որ կողմերը հասել են մի հանգրվանի, երբ պետք է պարզապես անել առաջին քայլը Վիեննայի եւ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ, որոնք վերստին հավանության էին արժանացել Կրակովում երկու ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:



Այս դրական մթնոլորտում բավական անհասկանալի էր Էլմար Մամեդյարովի հայտարարությունը ֆրանսիական խորհրդարանի պաշտոնական Le Journal Du Parlement հանդեսի հետ զրույցում, որտեղ ադրբեջանի նախարարը հայտարարել է, որ մեծ հույսեր են կապում նաեւ այն ճանապարհային քարտեզի հետ, որը կազմվել է կողմերի համաձայնությամբ՝ կապված ԼՂ հակամարտության կարգավորման հետ: Մամեդյարովը նույնիսկ նկատել է, որ այժմ նկատելի է, որ բանակցությունները բավական ինտենսիվ են առաջ ընթանում եւ կա կոնկրետություն ու տրամաբանություն, թեեւ մյուս կողմից էլ, իր խոսքը հասցեագրելով համանախագահներին, Մամեդյարովը նրանցից ակնկալել է ավելի կոնկրետ եւ արդյունավետ քայլեր հակամարտության լուծման ուղղությամբ: Ապա արդեն զարգացնելով իր խոսքը, ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ ՄԱԿ ԱԽ չորս բանաձեւերը, որոնք ընդունվել են 1993 թվականին, հանդիսանում են հիմքը ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների մանդատի, եւ քաղաքական կարգավորման ուղղությամբ առաջ ընթանալու համար հայկական կողմը պետք է իր զորքերը դուրս բերի «ադրբեջանական գրավյալ տարածքներից եւ պետք է վերացվի ռազմական սպառնալիքը»:



Այստեղ արդեն արժանահիշատակ է Երեւանում ռուսական դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությունը, թե ոչ Ռուսաստանը, ոչ Ֆրանսիան եւ ոչ էլ Միացյալ Նահանգները չեն կարող կոնկրետ «բալասան» ունենալ խնդրի լուծման առնչությամբ եւ դրան կարող են հասնել միայն Հայաստանն ու Ադրբեջանը, եթե կարողանան պայմանավորվել մեկմեկու հետ փոխընդունելի պայմաններով, իսկ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան անում են ամեն հնարավորը այդ պայմանավորվելուն նպաստող մթնոլորտն ապահովելու համար:



Իրադրությունը հատկապես լարվեց այն բանից հետո, երբ Իլհամ Ալիեւը «Ենի Ազերբայջան» կուսակցության VI համագումարի ժամանակ հանդես եկավ սկանդալային հայտարարությամբ, հայտարարելով, որ Երեւանը ադրբեջանական պատմական հող է հանդիսանում եւ իրենք ամեն բան պետք է անեն այդ հողեր վերադառնալու համար: Ալիեւը այդ վերադարձը հայտարարեց որպես իր քաղաքական եւ ռազմավարական գերնպատակը, որին պետք է հասնել աստիճանաբար:



Այս հայտարարությունը, ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի գնահատմամբ հզոր հարված էր, որ հասցվեց Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին եւ ամենայն հավանականությամբ Ալիեւը այս քայլին գնաց, քանի որ նրան առաջարկվել էր ռեգիոնում իրադարձությունների հնարավոր զարգացման այլ աշխարհաքաղաքական սցենար: Երեւանում արդեն, այս հայտարարության նկատմամբ ուշադրության է հրավիրում համանախագահներին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վերջիններիս հետ հանդիպման ժամանակ ասելով, որ հենց այդպես է Բաքուն արձագանքում երկու կողմերի հասարակություններին խաղաղության նախապատրաստելու միջնորդների ջանքերին: Պարզ է, որ Ալիեւը սկսել է նոր խաղ հանուն որի պատրաստ է զոհել նաեւ Ղարաբաղյան բանակցությունները:



Ստանիսլավ Տարասով



Regnum