Նավաստի բանաստեղծը՝ Համո Սահյան

Նավաստի բանաստեղծը՝ Համո Սահյան
Համո Սահյանը, որ 1941-45թթ.-ին մասնակցել էր Հայրենական մեծ պատերազմին, շատ քիչ էր պատմում պատերազմից։ Միայն ասում էր՝ մարդ չտեսնի։ Կորցնում ես ամեն ինչդ, որովհետեւ քեզ որ սպանում են՝ հասկանալի է, բայց նույն ցավն է, երբ դու էլ ես սպանում։ Բոլորը գիտեն, որ նա համընդհանուր ճանաչման արժանացավ ռազմաճակատում գրված «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որն ուղարկում է Ստեփան Զորյանին, նա էլ՝ ռուսական թերթերից մեկին, որտեղ եւ տպագրում են այն։ Պատմում էր, որ դրանից հետո իրենց նավի նավապետը կանչում է իրեն ու, մեկնելով ձեռքի թերթը, ասում՝ տե՛ս, համերկրացիներդ ինչ են գրում, այ, սա՛ է իսկական հայը։ Ասում է՝ նայեցի, տեսնեմ իմ բանաստեղծությունն է, բայց ամաչեցի ասեմ՝ ես եմ..., որովհետեւ Սահյանը նրա գրական ազգանունն էր, իսկ իսկականը Գրիգորյան էր, ու նա ռազմաճակատ որպես Գրիգորյան էր մեկնել։



Պատերազմի ժամանակ պապան 2-րդ կարգի նավաստի էր՝ Վոլգայի վրա։ Մի անգամ ոնց է լինում՝ կապիտանի հրամանը չի կատարում ու, ի հակառակ իրեն տրված «կրակ» հրամանի, վազում է ջուրն ընկած մեկին փրկելու։ Կապիտանը կանչում է, բացատրություն պահանջում, ինքն էլ պատմում է կատարվածը, բայց կապիտանը համառում է. «Քեզ կարգադրված է եղել՝ «կրակ», դե հիմա շրջվիր եւ քայլ առաջ արա»։ Այդպես հասնում է նավի եզրին ու կանգնում, կապիտանը թիկունքից նորից է կրկնում՝ քայլ առաջ։ Ձմեռ, ցուրտ, սառնամանիք, պապան անում է քայլ առաջ ու հենց շինելով թռնում ջուրը։ Ճիշտ է, անմիջապես հանում են ջրից, բայց արդեն սառած է լինում, ու դրանից հետո նրա մի թոքը վնասվում է։



**Պատմեց եւ լուսանկարը տրամադրեց Համո Սահյանի որդին՝ Նաիրի Սահյանը**



**Հրապարակ մշակութային հավելված**