Օր երազի ու երազանքի

Օր երազի ու երազանքի
_Երազի_



բնույթը չի փոխվում, եթե օրը չի համընկել, եղանակն աշնանային է, գարնանային կամ, ինչպես երազին է հարմար, ասենք՝ ձմեռային:



_Ես_



հավատում եմ այն երազներին, որոնք կյանքից են գողանում - ինչ֊որ բան են տեսել, կարդացել, ոգևորվել են երիտասարդ հեղինակի միամիտ ոգևորությամբ: Տեսել էի ու տեսա, մտածել էի, ու պարզվեց՝ սրանք են ինձ ավելի հարազատ երազները՝ կրկնվող, անհետաքրքիր, զարմանահրաշությունից ու անսովորությունից զուրկ լաթեր:



_Միշտ_



էլ մտածել եմ, որ այս երազները վերապատմելի չեն՝ ընկա կատվի ետևից, հասա, բռնեցի փափլիկ պոչն ու համբուրեցի: Եթե ամեն ինչ սկսվում է ընդամենը մի կարճառոտ վազքով և ավարտվում կատվի փափլիկ պոչը համբուրելով, ուրեմն գաղտնիք է, որն ամաչում ես բարձրաձայնել – որդեգրում ես աննշանին, տանում տուն:



_Նույն_



երազը՝ նորից բանակ են տանում, ասում եմ՝ ծառայել եմ, ասում են՝ կապ չունի, նորից երկու տարի պիտի ծառայես, համոզում եմ, խնդրում, արտասվում, զինվորական գրքույկս եմ ցույց տալիս, անհաղորդ են՝ մոռացի, պիտի ծառայես, նորից երկու տարի:



_Ո՛չ_



հայրենիքի շորշոփ կա, ո՛չ հայու գենի, ո՛չ թուրքի, ո՛չ ազերու - կատարյալ անհողություն է, սնամեջության ինքնություն: Երազդ մեկ-մեկ զորանոց է տեսնում, թեպետ զորանոցը ոչ մի կերպ չի երևում, շարահրապարակ է տեսնում՝ իրոք տեսնում է՝ ասֆալտին ներկած ճերմակ, սիմետրիկ գծեր - համարյա կատվի ետևից ընկնելու ու փափլիկ պոչը համբուրելու երազ է:



_Նույն_



երազը՝ երեք անգամ. Արմենը, Համբոն ու ես նույնությամբ՝ «Հայ գիրք» գրախանութի առջև, չենք պատմում իրար, երազն ասում ենք՝ նորից բանակ են տանում, ասում եմ՝ ծառայել եմ, ասում են՝ կապ չունի, նորից երկու տարի պիտի ծառայես: Երեքիս էլ տանում են, բայց մենք չենք սարսափում, չենք ամաչում, մենք միասին ենք, մեզ միասին են տանում, ծխում ենք, ծիծաղում ենք ու ասում՝ քեզ է՞լ են տանում, քեզ էլ ու քեզ է՞լ:



_Պրիմո Լևին_



իր գրքերից մեկում կրկնվող երազի մասին է հիշատակում, Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում սովահար մարդիկ նույն երազն են տեսնում՝ ուտելիքի և ուտելու երազը, թե ինչպես են երազում ուտելիքներ տեսնում: Չգիտեմ էլ ինչու սա հիշեցի: Որքան ժամանակ է՝ Լևիի գրքերի հետ եմ ապրում: Ես ոչ մի անգամ երազում ուտելիք չեմ երազել, ինձ սովահար չեն արել: Ես գիտեմ Լևիին ու կարդացել եմ նրա երազը:



_Ախտորոշումը՝_



«Հետտրավմատիկ սթրեսային խանգարում»: Մի տեսակ երազային վերնագիր է: Դրսում գիրքս գրախոսել էին, ձևակերպել՝ նյութը հետտրավմատիկ սթրեսային խանգարման պատումից է սերվում:



_Ի՜նչ_



լավ օր էր՝ միասին էինք, ծխում էինք ու զարմացած ծիծաղում՝ քեզ է՞լ են տանում, քեզ էլ ու քե՞զ էլ:



**Արամ Պաչյան**



**Հրապարակ մշակութային հավելված**