Քաղաքական հաշվեհարդար Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ

Քաղաքական հաշվեհարդար Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստին մեղադրող կողմը հանդես եկավ մեղադրական ճառով։ Դատախազը հաստատված գնահատեց բոլոր առաջադրված մեղադրանքները և միջնորդեց՝ Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման։

Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է։ Իշխանությունները փորձում են հաշվեհարդար տեսնել Սեֆիլյանից և ընդմիշտ մեկուսացնել նրան հանրային և քաղաքական գործունեությունից։ Ի դեպ մեկուսացնելուց բացի իշխանությունները փորձում են մոռացության մատնել նաև նրա մասնակցությունն ու ներդրումը Ղարաբաղյան պատերազմին։ Այսինքն՝ Սեֆիլյանին մի կողմից չեզոքացնում են որպես քաղաքական գործիչ, իսկ մյուս կողմից ամեն կերպ ջնջում և սրբագրում են նրա հետ կապված պատմական հիշողությունը։ Որպես ասվածի վկայություն կարող եմ ներկայացնել մի քանի էպիզոդ, երբ դպրոցում աշխատում էի որպես պատմության ուսուցիչ։

Ընդհանրապես գրքերի մեջ երբևէ գրիչով նշումներ չեմ անում, միայն մատիտով, բայց դպրոցում աշխատելու ժամանակ մի անգամ այդ սկզբունքը խախտել եմ, այն էլ՝ Ժիրայր Սեֆիլյանի պատճառով:

Բանն այն է, որ դպրոցական դասագրքրերում Ղարաբաղյան պատերազմին վերաբերող դասերը ոչ միայն այդքան էլ պատշաճ շարադրված չեն, այլ նաև կան միտումնավոր բացթողումներ: Մասնավորապես՝ պատերազմի մասնակից սփյուռքահայերի ցանկում բացակայում է Ժիրայր Սեֆիլյանի անունը: Նշվում է, որ մեծ աջակցություն են ցուցաբերել նաև արտերկրի հայերը, թվարկվում են սփյուռքահայ դաշտային հրամանատարները, բայց Ժիրոն չկա: Ուշադրություն դարձրեք, որ ես չեմ պնդում, թե նրա մասին առանձին գլուխ պետք է շարադրված լինի, այլ՝ ընդամենը նշել անունը։ Չէ՞ որ պատերազմին մասնակցած սփյուռքահայերը առանց այն էլ չափազանց քիչ են, իսկ Սեֆիլյանը մի ամբողջ գումարտակի հրամանատար է եղել։

Ակնհայտ սխալը շտկելու համար աշակերտների հետ որոշեցինք գրիչով ավելացնել նաև նրա անունը: Եթե չեմ սխալվում 2014 թվականն էր։ Այդ ժամանակ Նախախորհրդարանը գտնվում էր քաղաքական գործընթացների կիզակետում և երեխաներն էլ բազմիցս հարցնում էին, թե ո՞վ է ի վերջո Ժիրայր Սեֆիլյանը և եթե իսկապես սփյուռքահայ ազատամարտիկ է, ապա ինչու՞ նրա անունը նշված չէ։

Իսկապես չի կարելի այսպես շարունակել, չի կարելի առօրեական հետադիմական այս մոտեցումներով առաջ շարժվել: Պարզապես հնարավոր չէ: Այստեղ հարցը քաղաքական չէ, ես Ժիրայր Սեֆիլյանի գաղափարական հետևորդներից չեմ, բայց չէ՞ որ բոլորի համար էլ ակնհայտ է, թե ինչու են նրան դուրս թողել դասագրքերից: Ի դեպ այդ դասագրքրերը գրվել են ՊՊԾ գնդի գրավումից շատ ավելի վաղ: Դա գրաքննության և կեղծարարության ակնհայտ դրսևորում է։

Ժիրայր Սեֆիլյանի անունը չեն նշել զուտ այն պատճառով, քանի որ նա ողջ է: Գրքում նշված մյուս հրամանատարները սպանված են, նրանց մասին խոսելը, հերոսացնելը հեշտ է, անվտանգ գործ է, իսկ Ժիրոն ողջ է, իշխանությունների թշնամին է և դրանից ելնելով կարելի է նրան լուսանցքից այն կողմ թողնել, կարծես թե նա Ղարաբաղում չի էլ եղել: Ինչպես վերևում նշեցինք, ոչ ոք չի ասում, թե դպրոցական դասագրքերում նա պետք է առանձին գլխով հերոսացվեր, երիցս ոչ, պարզապես պետք էր նշել նրա անունը, ընդամենը դա: Սեֆիլյանը հերոսացվելու պետք չունի։

Դասագրքրեը կարդալիս այն տպավորությունն է, թե Ղարաբաղում կռվել ու հաղթել են միայն Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը, մի փոքր էլ օգնել է Ռոբերտ Քոչարյանը: Նույնիսկ Սամվել Բաբայանը չկա, վստահ եմ նոր հրատարակվող դասագրքերում կսրբագրվի նաև Սեյրան Օհանյանի անունը:

Այս գրառումը իսկապես որևէ քաղաքական ուղղվածություն չունի, պարզապես սա իշխանությունների և առհասարակ հայ հասարակական-քաղաքական ու գիտական մտքի քաղքենի ֆաշիզմի վկայությունն է:

Այս խնդիրը բնականաբար միայն Սեֆիլյանով չի ավարտվում: 90-ականների պատմությանը վերաբերող դպրոցական դասագրքերը կարդալիս այն տպավորությունն է, թե այդ ժամանակ Հայաստանը նախագահ և կառավարություն չի ունեցել, եղել են Վազգեն Սարգսյան ու մի խումբ հերոս ֆիդայիններ: Բա Լևոն Տեր-Պետրոսյանը, Հրանտ Բագրատյանը և մյուսները ու՞ր էին: Սա այն զավեշտական ստի անուղղակի ներկայացվածությունն է դասագրքերում, իբրև թե՝ առաջին նախագահը տեղյակ չի եղել Շուշիի ազատագրումից: Այդ կեղծիքն ի դեպ ժխտել է հենց Ժիրայր Սեֆիլյանը հանրահավաքներից մեկի ժամանակ՝ փաստելով, որ Շուշիում գործողությունները ընթացել են Երևանի անմիջական ցուցումով և հրահանգներով:

Արժի խոսել նաև Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի հետ կապված պատմության սրբագրումներին: Պռոշյանցի Պետոյին ներկայումս ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն աստվածացնում են: Դե հասկանալի է՝ Պետոն սպանված է և նրա աստվածացումը անվտանգ գործ է: Նրա մասին նկարահանում են վավերագրական ֆիլմեր, հաղորդումներ և այլն: Այս դեպքում զավեշտն այն է, որ ոչ մի տեղ չի շեշտվում, թե Պետոն ու՞մ հետ է կռվել և ու՞մ հրամանատարության ներքո: Նշվում է, որ կռվել է Շուշիի գումարտակում, բայց ո՞վ էր այդ ստորաբաժանման հրամանատարը, թե՞ անհրամանատար կառույց էր: Այսպիսի դեպքերը բազմաթիվ են:

Այս քաղքենիությունը մինչև ե՞րբ պետք է շարունակվի, չի կարելի ամեն ինչ տանել քաղաքական լյումպենացման: 

Ի դեպ այս ամենի մեղավորներից է նաև հենց Ժիրայր Սեֆիլյանը: Ես անձամբ ճանաչում եմ նրան և նա մշտապես խուսափում է խոսել պատերազմում իր մասնակցության մասին, համեստ ժպիտով լռում է և շրջանցում թեման: Սա առիթ է տալիս շատ շատերին յուրացնել ու սրբագրել Ժիրոյի մեծագույն ներդրումը, որը նա արել է Ղարաբաղում: Այսինքն Կիրո Մանոյանի և Հրանտ Մարգարյանի պես մարդիկ այսօր կարող են ներկայանալ որպես Պետոյի մտերիմ զինակիցներ, իսկ Պետոյի հրամանատարը, մտերիմ ընկերը դուրս է թողնված նրա կենսագրությունից: Ի դեպ Սեֆիլյանի որդին անվանակոչված է ի պատիվ և ի հիշատակ Պետրոս Ղևոնդյանի:

Ու այսքանից հետո մարդուն փորձում են հենց այնպես, ամբողջ կյանքը փակել բանտում, մոռացության մատնել ու ջնջել նրա մասին հիշողությունը։

Չի՛ ստացվի։