Դայակ վարձելու համար փոխհատուցման ծրագիրը կգործի մարտ ամսից

Դայակ վարձելու համար փոխհատուցման ծրագիրը կգործի մարտ ամսից
Ամիսներ առաջ, անցյալ տարվա նոյեմբերին, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ լիագումար նիստի օրակարգում ընդգրկեց մինչեւ երեխայի երեք տարին լրանալը խնամքի արձակուրդում գտնվող մայրերին աշխատանքի վերադառնալու եւ դայակ վարձելու համար պետության կողմից փոխհատուցում ստանալու օրենսդրական նախաձեռնությունը։



«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխությամբ առաջարկվում էր ավելացնել հետեւյալ ձեւակերպումը․ «Մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձը՝ մինչեւ երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, ունի երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունք՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով»։ «Հրապարակ»-ի խմբագրություն դիմած քաղաքացին հետաքրքրվում էր, թե ինչու չի կիրառվում այդ օրենքը, ինչու, երբ ինքը դիմել էր Երեւանի Արաբկիրի սոցապբաժին, այնտեղ տեղյակ չեն եղել այդ օրենքից։



ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Անուշ Դանիելյանը մեզ տեղեկացրեց, որ այդ ծրագիրը պետք է գործի մարտ ամսից, եւ դրանով զբաղվելու է զբաղվածության ծառայությունը։ «Մենք անպայման իրազեկում կիրականացնենք, կտեղեկացնենք, որ ծրագիրն արդեն մեկնարկել է, ովքեր կարող են ընդգրկվել, ինչ չափանիշների դեպքում։ Երբ ծրագիրը մտնի ուժի մեջ, հստակեցված կլինի, թե ովքեր կարող են խնամել, ամեն ինչ հստակեցված կլինի»,- ասաց Անուշ Դանիելյանը։ Զբաղվածության պետական գործակալությունից էլ մեզ տեղեկացրեցին, որ քաղաքացին պետք է դիմի ոչ թե Արաբկիրի սոցապբաժին, այլ Արաբկիրի զբաղվածության տարածքային կենտրոն եւ հաշվառվի որպես հնարավոր շահառու։