2017թ.-ին ի՞նչ անուններ են տվել նորածիններին

2017թ.-ին ի՞նչ անուններ են տվել նորածիններին
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017 թվականին նորածին աղջիկներին եւ տղաներին ավելի հաճախ տրվող անունները: Աղջիկ երեխաների շրջանում ամենատարածված անունը Նարեն է՝ 712 երեխա։ Դրան հաջորդում են Մարիան՝ 677 աղջիկ ատացել է այս անունը, Մարին՝ 586, Մանեն՝ 541, եւ Անին՝ 456։ Տղա երեխաներին տրվող անունների ցանկում անվիճելի առաջատարն է Դավիթ անունը՝ 1448 երեխա անցած տարի ստացել է այս անունը։ Հաջորդ ամենատարածված անունը Նարեկն է՝ 1057, որին հաջորդում են Տիգրանը՝ 617, Հայկը՝ 570, եւ Ալեքսը՝ 517: Վիճակագրական տվյալներից պարզ է դառնում, որ հայերը նախընտրում են իրենց երեխաներին հայկական անուններով կոչել: Նշենք, որ 2017 թվականի հունվար-դեկտեմբերին հանրապետությունում ծնվածների թիվը 37 հազար 699 է:



Ո՞ր մարզում է ավելի շատ երեխա ծնվել, որո՞ւմ՝ ամենաքիչը․ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանն ասաց. «Այս պահին դեռ հստակ տվյալներ չունենք, թե որ մարզում են ավելի շատ երեխաներ ծնվել, որտեղ՝ ավելի քիչ, հստակեցնելու դեպքում կհրապարակենք: Միայն կարող եմ ասել, որ հիմա տարածված են Մանե եւ Նարե անունները, որոնք այսպիսի տարածում են ստացել վերջին տարիների ընթացքում: Իսկ տղաների անունները քիչ են փոփոխվում»: Պարզելու համար, թե ինչ սկզբունքով են ծնողներն ընտրում իրենց երեխաների անունները եւ ինչ անուններ են գերադասում, հարցում անցկացրինք Հրազդանում։



«Հայը պետք է հայկական անուն դնի: Շատ երեխաների ծնողներ այսօր երեխաներին օտարահունչ անուններ են տալիս՝ դրանք համարելով շատ ժամանակակից: Ճիշտ է՝ փոխվում են ժամանակները, նոր անուններ են շրջանառվում, բայց հայկական անունները պետք է պահել: 2 տղա երեխա ունեմ՝ Տիգրան եւ Հայկ, ինքս եմ որոշել նրանց անունները»,- ասաց 25-ամյա Լիանան: «Ես ինքս իմ տատիկի անունն եմ կրում: Փոքր ժամանակ մտքիս դրել էի, որ մեծանամ՝ անունս փոխելու եմ: Համակերպվեցի անվանս հետ, բայց իմ երեխաների անունները տատիկի կամ պապիկի անունով չեմ կոչել: Հիմա շատ է տարածված տատիկի կամ պապիկի անունով կոչելը՝ իբրեւ ապացույց ծնողների հանդեպ մեծ սիրո: Թող ամեն երեխա իր անունն ունենա: Պետք է ժամանակին համընթաց անուններ դնել, եւ կապ չունի՝ անունը հայկական, թե արտասահմանյան ծագում ունի»,- ասաց 30-ամյա Արեգնազը: Ի դեպ, հարցվածներից շատերը նախընտրում էին Անահիտ, Անի, Լուսինե, Մերի, Ալեքս, Ալեն, Դավիթ, Արման, Արեգ անունները:



**Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ**