«Առաջամարտիկները»

«Առաջամարտիկները»
Նրանք ծնվել էին գավառական քաղաքում, հաճախել ռուսական դպրոց: Նրանց ծնողները երեկվա գյուղացի էին եւ հպարտանում էին զավակների հաջողությամբ, որ Բաքվում բարձրագույն կրթություն ստանալով՝ հաջողությամբ տեղավորվում էին էլեկտրատեխնիկական գործարանում, Ղարմետաքսկոմբինատում, ավտոտրանսպորտային ձեռնարկություններում կամ միակ բնակշահագործման գրասենյակում՝ ստանալով ինժեների, ավագ վարպետի, հերթափոխի պետի պաշտոն:



Կուսակցական-արհիմիութենական ժողովներում նրանք հոտնկայս ծափահարում էին գլխավոր զեկուցողին եւ երազում ընդունվել Բաքվի կուսակցական բարձրագույն դպրոց՝ ստանալու կուսմարզկոմի հրահանգչի պաշտոն կամ անցնելու կոմերիտական աշխատանքի, որ երիտասարդության համար ամենահեռանկարայինն էր: Բայց կարճ ժամանակ անց նրանք հասկացան, որ ամենաապահովն ու եկամտաբերը տնտեսական աշխատանքն է եւ սկսեցին իրենց համար ճանապարհ հարթել դեպի կառավարման բարձունքները: Նրանք իրենց զավակներին ռուսական դպրոց էին տալիս:



Մայիսի 1-ը, նոյեմբերի 7 -ը նրանց ընտանիքներում փայփայված տոն էր: Նրանք համաքաղաքային շքերթի էին գնում ճոխ հագնված կանանց եւ երեխաների հետ եւ վանկարկում էին կոմունիստական կոչեր՝ մինչեւ կավարտվեր պարտադիր միջոցառումը: Հետո գալիս էր զբոսախնջույքի հերթը, եւ ինժեներատեխնիկական մտավորականությունը հարբում եւ հայհոյում էր կուսմարզկոմի ձրիակերներին, քաղաքային գործկոմի առնետներին, բոլորին, որ կանգնած էին իրենց ճանապարհի վրա՝ որպես Բաքվի հետ հարաբերություններում ավելորդ միջնորդ: Նրանք ոչ մեկին եւ ոչնչի այլեւս չէին հավատում եւ վաղուց էին սովորել, որ ցանկացած հարց ունի մեկ լուծում՝ ինչը որ փողով չի առնվում, գնվում է ավելի մեծ փողով: Տարիների հետ նրանք վարժվել էին Բաքվի առանձնասենյակների յուրահատուկ լեզվին եւ ամեն ինչ հասկանում էին կես-խոսքից՝ ում, երբ եւ ինչ է հարկավոր:



Տարինեմ մեկ անգամ նրանք հանդերձ ընտայոք մեկնում էին Մոսկվա՝ հարկավոր գնումների, տունդարձի ճանապարհին մի քանի օր հանգստանում էին Սեւ ծովի որեւէ առողջարանային քաղաքում: Նրանց կյանքում Երեւանը, Հայաստանը կային այնքանով, որ ավտոբուսի վարորդներին «Ախթամար» կոնյակ եւ ծխախոտ էին պատվիրում: Իսկ առհասարակ քաղաքը Բաքուն էր՝ արվարձաննների լաբիրինթոսով, հռչակավոր «Կուբինկա» շուկայով, ծովափնյա ռեստորաններով եւ ճամփամերձ խորտկարաններով: Կյանքը նրանց համար իմաստավորվում էր Բաքվի հետ հարաբերությունների բովանդակությամբ, որ նաեւ իրենց զավակների ապագայի հիմնաքարն էր լինելու: Իրենց ներսում նրանք համերաշխության երդում ունեին տված, բայց դա չէր խանգարում, որ վերեւների հետ կապերում յուրաքանչյուրն իրեն հատուկ դերը խաղար: Եւ դա ամեն մեկին գեղեցկացնում էր յուրովի՝ ստեղծելով կոմունիստական իշխանություն-ինժեներատեխնիկական մտավորականություն կուռ համերաշխության պատրանք՝ քանի դեռ որեւէ մեկի գործն ու վարքը չէր դարձել քննարկման նյութ եւ քաղաքային բամբասանքների թեմա: Նման դեպքերում փորկօղակը Բաքուն էր, որտեղ մի բարձր առանձնասենյակում խնդիրը քննարկվում եւ լուծվում էր շատ արագ. մեղավորին մի գործարանից տեղափոխում էին մյուսը, եւ աստիճանահարգությունը մնում էր անխաթար՝ ինչպես որ սահմանված էր վերեւներից:



...Մի օր նրանք արթնացան եւ տեսան, որ քաղաքում խլրտուք է: Եւ հասկացան, որ ժամանակները փոխվել են: Եւ իրենց ենթակայության գործարանում, Ղարմետաքսկոմբինատում, կոշկի ֆաբրիկայում, ավտոձեռնարկություններում եւ բնակշահագործման միակ գրասենյակում գործադուլ հայտարարեցին, միացան դեպի կենտրոնական հրապարակ հորդող մարդկային զանգվածներին, հայտնվեցին առաջին շարքերում, ստեղծեցին «Տնօրենների խորհուրդ» եւ իրենց ձեռքը վերցրին ցույցերի ու հանրահավաքների ապահովման գործը: Նրանք դարձան համաժողովրդական շարժման առաջամարտիկներ եւ մինչ օրս փառավոր ննջում են այդ դափնիների վրա: Եւ այնքան շատ են խոսել, որ իրենք էլ սկսել են հավատալ, թե ծնվել, հասակ առել ու կյանք են մտել Արցախը Հայաստանին միավորելու երազանքով...



**Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ**