Հայաստանցիներն իրենց ավելի շատ ասոցացնում են Ռուսաստանի իշխանությունների հետ, քան՝ Հայաստանի

Հայաստանցիներն իրենց ավելի շատ ասոցացնում են Ռուսաստանի իշխանությունների հետ, քան՝ Հայաստանի

Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցությունն որպես այդպիսին ձևավորվել և զարգացել է մետրոպոլիա-գաղութ փոխհարաբերությունների շրջանակներում: Հայաստանի ինքնուրույն արտաքին քաղաքականություն իրականացնելու հնարավորությունները չափազանց թույլ են ու ոչ միանշանակ։ Չնայած Հայաստանում ևս արտաքին քաղաքականության հիմքում դրված է կոմպլեմենտարիզմի սկզբունքը, բայց դրա ֆունկցիոնալ ընդգրկվածությունը սահմանափակվում է այնտեղ, որտեղ այն չի հակասում Մոսկվայի շահերին: Այսինքն՝ Երևանը շարունակում է Արևմուտքի հետ կայուն փոխհարաբերություններ ձևավորելու քաղաքականությունը, որն իրագործելի է այնքանով, որքանով որ համաձայնեցված է Ռուսաստանի հետ:

Այս ամենի համատեքստում փորձենք հասկանալ, թե ի վերջո ինչ վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ ունի հայ ժողովուրդը: Փաստենք, որ «գաղութային» այս կարգավիճակի գաղափարական, իրավական, քաղաքական և մշակութային հիմքերը ձևավորվել ու զարգացվել են հայերի համաձայնությամբ և գործուն մասնակցությամբ: Այսինքն հայերն ընդառաջ են գնացել կայսրության աշխարհաքաղաքական ձգտումներին: Դա շարունակվում է նաև այսօր:

«Միշտ հույսով ենք եղել, թե ինչպես Ձերդ մեծության միջոցով կարող ենք դեն շպրտել անհավատների լուծը… Մեր մտադրությունն է, որպեսզի մենք և մեր բոլոր ժողովուրդները՝ մեծ թե փոքր, հանձնվենք Ձերդ մեծության իշխանությանն ու կառավարմանը… Մենք կլինենք մյուս բոլորից վերջինը և խոստանում ենք մեր կյանքն ու մեր ամբողջ ունեցվածքն ի ծառայություն Ձերդ մեծության և այս գործի»: Ներկայացված է հայ մելիքների 1699 թ. ուղերձից մի հատված, որն Իսրայել Օրին ներկայացրեց Պետրոս 1-ին: (Իրականում հեղինակը հենց Իսրայել Օրին էր): Այս փաստաթուղթը և դրանում առկա դրույթները հետագայում դարձան հայ ժողովրդի ապրելակերպի, մշակութային միջավայրի և քաղաքական ռեալիզացիայի անբաժան մասնիկները: Արմատավորվեց այն գաղափարը, թե փրկությունը հյուսիսից է և հայերը չունեն զարգացման և խաղաղ գոյակցության որևէ հեռանկար` առանց Ռուսաստանի:

Ունենալով հանրային ներգործության այս հիմքը՝ ռուսներն ի վերջո նվաճեցին Արևելյան Հայաստանը, ռազմաքաղաքական ակտ, որը հայերի կողմից դիտարկվեց որպես ազատագրություն: Մինչ օրս պատմության ինչպես ակադեմիական, այնպես էլ դպրոցական դասագրքերում այս իրադարձությունների վերաբերյալ օգտագործվում է «ազատագրել» ձևակերպումը, որն իրականում անցում էր մեկ տիրապետությունից դեպի մյուսը:

Լեոն հանգամանորեն ներկայացրել է Հայաստանում ռուսների կողմից իրականացվող քաղաքականության ողջ էությունը. «Իսրայել Օրիի գործը կատարյալ լուծարքի էր ենթարկված, այս լուծարքն ուրիշ խոսքերով կարելի է բնութագրել` ազատագրական պատրանք արտահայտությամբ» (Խոջայական կապիտալ): Իսկ Ռուսաստանին նա ներկայացնում է իբրև նոր թագավորություն, բայց հին խարդախ ու խաբեբա քաղաքականությամբ:

Հայ հասարակական-քաղաքական շրջանակները, ինչպես նաև ֆինանսական կապիտալը գրեթե ամբողջությամբ եղել է Ռուսաստանի վերահսկողության ներքո` ինչպես անցյալում, այնպես էլ հիմա: Իսկ հակառակորդները ենթարկվել են դաժան դատաստանի: Բերենք մեկ օրինակ։ Միքայել Նալբանդյանը ցարիզմի ոխերիմ հակառակորդն էր, որն իր մահկանացուն կնքեց բանտում` ծանր հիվանդության պայմաններում: Աշոտ Հովհաննիսյանը գրում է. «Գլուխ բարձրացնող ռեակցիայի պայմաններում ցարական ոստիկանները հալածանք սկսեցին անգամ Նալբանդյանի թարմ հողաթմբի շուրջը: Մեռած հեղափոխականը շարունակում է հեղափոխական լինել, թեպետև չի գործում ոչ մի ըմբոստություն»: (Նալբանդյանը և նրա ժամանակը, հ 2): Եվ ազգային գործչին նույնիսկ մահվանից հետո խարազանելու գործը իրենց վրա վերցրեցին ցարիզմին հպատակված հայ հասարակական-քաղաքական շրջանակները: Այդ առթիվ Աշոտ Հովհաննիսյանը գրում է. «Շարժվում էր նորից հասարակական ճահճուտի կանաչ բորբոսը և փափուկ տիղմի միջից կրկին գլուխ էին բարձրացնում ազգայնական ռեակցիայի գորտերը՝ աղմկելով նույնիսկ մեռած Նալբանդյանի անվան շուրջը: Ամենից առաջ խոսք առան դարձյալ ոչինչ չսովորած և ոչինչ չմոռացած հայազգի բուրբոնները» (Նույն տեղում): Հուղարկավորության ժամանակ լացող կանայք Նալբանդյանին սովորության համաձայն իշխան և թագավոր էին անվանում, ցարական ոստիկանները նույնիսկ այդպիսի արտահայտություններից էին վախենում և անմիջապես զեկուցում վերադասներին:

Իսկ ի՞նչ է փոխվել հարյուրամյակներ անց։ Անկախ հորջորջվող այս պետությունը, որն իրականում չգիտի էլ, թե ինչ է անկախությունը, բայց ազգայնական դեմագոգիայի արդյունքում անկախ լինելը հռչակել է որպես բարձրագույն արժեք, առանց հասկանալու, որ դա պաշտամունքի առարկա չէ, սրբություն չէ, այլ ընդամենը՝ գործիք, որի միջոցով պետք է կառուցվի այնպիսի մի հասարակարգ, որի վրա խարսխված հանրային համակեցությունն ու էկոնոմիկան կերաշխավորեն այդ անկախություն կոչվածի բովանդակային շարունակականությունը։ Թե չէ առանց բովանդակության անկախությունն իմաստ չունի, պարզապես չունի և վերջ։ Միայն հզոր էկոնոմիկայի, սոցիալական հասարակարգի և Թուրքիայի հետ փոխհարաբերությունների կարգավորումից հետո հնարավոր կլինի վերանայել Հայաստանի սատիլետ կարգավիճակը։ Նկատե՞լ եք, որ հայաստանցիները, հատկապես՝ գյուղացիները, իրենց ավելի շատ ասոցացնում են Ռուսաստանի իշխանությունների հետ, քան՝ Հայաստանի։ Այսինքն բնակչության մի զգալի մասի համար անկախությունն արժևորված չէ և ոչ էլ պետության գոյությունը։ Եվ դա օրինաչափ է, քանի որ ՀՀ-ն իր գոյության ընթացքում գեթ մեկ հոգու երջանկություն չի բերել, նրա գոյությունը միջազգային հարաբերություններում իմաստավորված է զուտ Ղարաբաղյան հիմնախնդրով։

Ազգային-ազատագրական դեմագոգիայից և ֆեյսբուքյան ճամարտակություններից անդին օդը կանգնած է, 300 տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել, բայց պետք է, այնպես չէ՞․․․