Ազնվության հաղթանակին «նաիվորեն» հավատացող մարդ պետք է լինի հեքիաթագիրը

Ազնվության հաղթանակին «նաիվորեն» հավատացող մարդ պետք է լինի հեքիաթագիրը
Լույս է տեսել արձակագիր, դրամատուրգ, դերասան **Էլֆիք Զոհրաբյանի** «Բյուրեղապակե մարդը» հեքիաթների գիրքը։ Գրքում ընդգրկված են 10 բազմազան հեքիաթներ, որի հերոսները նույնպես շատ տարբեր են: Ինչո՞ւ «Բյուրեղապակե մարդը», հենց նա՞ է գլխավոր հերոսը բոլոր հեքիաթներում։ «Ուղղակի «Բյուրեղապակե մարդն» ընտրվեց մի շարք երեխաների առաջարկով։ Պստլիկ կախարդի ստեղծած մարդն իր գոյությամբ հարց է դնում մարդկության առաջ՝ ի՞նչ անել, որ չփշրվի դիմացինի սիրտը»,- ասում է Զոհրաբյանն ու հավելում, որ 10 հեքիաթներն էլ տարբեր ժամանակներում են գրվել, որոնք «նախնական քննություն» անցել են թե՛ բազմափորձ գրասերների, թե՛ հենց կրտսեր ընթերցողների կողմից: «Ընտրությունը՝ եւս: Ինքս ուշ-ուշ եմ գրում, երբեմն ես ինձ այնքան եմ «ուտում», քիչ է մնում՝ թողնեմ գրելը»,- կատակով ասում է հեղինակը։



Գիրքը հրատարակվել է «Անտարես» հրատարակչության կողմից եւ հարուստ է նաեւ գունեղ նկարազարդումներով, որի հեղինակներն են Ամալյա Վարդանյանը, Անի Խաչատրյանը, Ասյա Ղանդիլյանը եւ Սամվել Սարիբեկյանը։ Հեղինակն անկեղծորոն խոստովանում է՝ աշխատանքային պրոցեսի ընթացքում շատ է միջամտել։ «Ես ինձ հենց «Բյուրեղապակե մարդը» հեքիաթի կախարդանքի դպրոցի որեւէ կախարդի կողմից կսարքեի ծռված շերեփ կամ արծաթագույն ժայռ, որ միջամտությանս չափը չանցնեի... (ծիծաղում է): Իսկ գիրքը տաղանդավոր նկարազարդողներ ունի: Ընթերցողը կսիրի նրանց աշխատանքը: 4 զանազան ձեռագրեր են»:



Սխալ պատկերացում կա, թե մանուկների համար գրելն ամենահեշտ գործերից մեկն է։ Այդ առնչությամբ Էլֆիք Զոհրաբյանը կարծում է, որ մեծատառով մարդ ձեւավորվելու համար երեխային պետք է սնել հոգեբանորեն դրական ազդող հեքիաթներով, հետաքրքիր պատմություններով: «Ամենապատասխանատու, մարդու հանդեպ հավատը դեռ չկորցրած, աշխարհում արդարության ու ազնվության հաղթանակին «նաիվորեն» հավատացող մարդ պետք է լինի հեքիաթագիրը: Հեքիաթներս բեմադրվում են թատրոններում: Հիմա էլ առաջարկներ ունեմ, հենց այս պահին էլ մեծ պրոյեկտի վրա եմ աշխատում: Երբ բեմադրում են, ուշադիր հետեւում եմ կրտսեր հանդիսատեսի արձագանքներին, սովորում՝ ինչն ինչպես պետք է գրել, ինչն է ավել կամ պակաս, ինչն էր գտնված։ Տղաս 6 տարեկան է, բայց իր համար դեռ մի փոքր բարդ է հեքիաթներիս մեծ մասը: Դրանք նախատեսել եմ 7 տարեկանից բարձրերի, անգամ ավելի շատ՝ պատանեկան տարիքի համար: Երբեմն ասում եմ՝ նաեւ մեծերի համար են: Մի քանի անգամ հրավեր է եղել հեքիաթ կարդալու, եւ ընթացքում հասկացել եմ, թե որքանով է «պիտանի»։ Բայց դա էլ հարաբերական է: Որ հեքիաթն ապրելու արժանիքներով լինի, նա էլ կմնա»,- իր խոսքում ընդգծում է հեղինակը։



Այն, որ վերջին շրջանում, ինչպես որոշ գրախանութների ու հրատարակչությունների տնօրեններ են փաստում, մանկական գրականությունն ամենապահանջվածն է ու նաեւ ամենաթանկը, Զոհրաբյանը կարծում է, որ դա նկատելի է։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպիսի մանկական գրականություն ունենք այսօր, ապա կա ե՛ւ հետաքրքիր, ե՛ւ անհետաքրքիր մանկական գրականություն․ «Այսօրվա երեխան շատ սթափ է, խելացի, եւ գրողն իրեն պետք է հաշիվ տա: Շատերը հիմնականում համաշխարհային հայտնի հեքիաթագիրների գործերն են գնում, նաեւ՝ մեր Թումանյանինը, Աղայանինը, բայց կգա ժամանակ, որ արդի հայ լավագույն հեքիաթագիրների գրքերն էլ կսպառվեն: Ես միշտ կողմ եմ «ավելի լավ» նորին, գուցե վիճարկելի թվա, Թումանյանի հանճարեղ գործերից հետո պետք է է՛լ ավելի հանճարեղ գործեր գրվեն, իսկ թե ովքեր կլինեն, չեմ կարող կռահել...»։



Էլֆիք Զոհրաբյանը հեղինակել է նաեւ «Հոգեվիճակ 13» պատմվածքների ու սատիրաների գիրքը, ինչպես նաեւ թարգմանել Վիլյամ Սարոյանի «Բան ունեմ ասելու» 5 պիեսների ժողովածուն, իսկ 2017 թվականին Yerevan Book Fest գրքի առաջին փառատոնին արժանացել մրցանակի «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**