Փաշաեւների պարտությունը

Փաշաեւների պարտությունը
Արտահերթ նախագահական ընտրություններ եւ իշխող կուսակցության համագումար նշանակելով՝ Իլհամ Ալիեւը, հավանաբար, ներքաղաքական կարեւոր ընտրություն կատարեց: Բանն այն է, որ տեւական ժամանակ Ադրբեջանում օդից կախված էր հիմնական հարցադրումը՝ Ալիեւը կգնա՞ չորրորդ ժամկետով նախագահության, թե՞ իշխանությունը կփոխանցի կնոջը:



Խնդիրն ուներ նաեւ արտաքին քաղաքական հնչեղություն, քանի որ, չնայած գործադրվող ջանքերին, աշխարհում Ալիեւի կառավարությունն ընկալվում է որպես կոռումպացված, մինչդեռ Մեհրիբան Ալիեւայի հետ որոշակի հույսեր էին կապվում այն իմաստով, որ նա հովանավորում է երիտասարդ քաղաքական գործիչների, որոնք Ադրբեջանի համար կարող էին ստեղծել ժամանակակից երկրի կերպար: Ինչ-որ ժամանակահատվածում դա իշխանության կողմից վերահսկվող քաղաքականություն էր:



Բայց բավական էր, որ Մեհրիբան Ալիեւան հրապարակային մի քանի քայլեր կատարի, որպեսզի նրա նախագահության գաղափարը դառնա քննարկումների թեմա նույնիսկ ընդդիմության որոշակի շրջանակներում: Ամենայն հավանականությամբ, հենց դա էլ Ալիեւին ստիպեց կանխել իրադարձությունների զարգացումը եւ նշանակել վաղաժամկետ նախագահական ընտրություններ:



Ադրբեջանի քաղաքակրթական ընտրության թեման, այսպիսով, վերստին փակվեց: Դեպի չորրորդ ժամկետով նախագահություն Ալիեւը գնում է հին թիմի օգնությամբ: Նորերը մնում են ստվերում: Այսպիսով կարելի է փաստել, որ նախիջեւանյան կլանի հետ մրցակցության մեջ Փաշաեւների ընտանիքը ծանր պարտություն կրեց: Ինչ էլ որ ընտրություններից հետո ձեռնարկի Ալիեւը, լինելու է զուտ կոսմետիկ բնույթի: Ադրբեջանը բաց թողեց արեւելյան-բռնապետական երկրի կերպարը փոխելու հնարավորությունը: Շատ հավանական է, որ ընտրություններից հետո Մեհրիբան Ալիեւան առաջին փոխնախագահ չնշանակվի: Նրա կերպարը մնաց հանրայնորեն չպահանջված:



**Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ**