Ինքնաբուխ հեղափոխություն

Ինքնաբուխ հեղափոխություն
Փետրվարը հեղափոխությունների ամիս է։ Գուցե նաեւ դա է պատճառը, որ Զարուհի Փոստանջյանի խումբը մարզից մարզ է գնում, «մոլից»՝ «մոլ» եւ փորձում է հրահրել-համախմբել-ոտքի հանել մարդկանց։ Մինչդեռ հեռավոր 88-ին մարդկանց համոզելու-հորդորելու կարիք չկար։ Նրանք ինքնաբուխ ու շատ արագ կազմակերպվեցին, իրենց միջից ընտրեցին ամենաակտիվներին՝ որպես ղեկավարներ, եւ պաշարեցին Ազատության հրապարակը՝ ամիսներ շարունակ այն պահելու եւ իրենց բողոքը, հոգու ճիչն արտահայտելու ծրագրով։ Իսկ երկիրն ահասարսուռ Սովետն էր՝ իր գուլագներով, պատժիչ մարմին կագեբեով ու կուսակցական կուռ գաղափարախոսությամբ։



Ճիշտ է՝ գորբաչովյան «հալոցքն» արդեն թուլացրել էր ճնշումը, եւ մթնոլորտում կայսրության կազմաքանդման շորշոփներն արդեն զգացվում էին, բայց հսկա մախինան կանգնած էր եւ կարող էր հանգիստ ճզմել փոքրիկ Հայաստանն էլ, նրա ղարաբաղյան եղբորն էլ։ Բայց մարդիկ չէին վախենում ո՛չ մոսկովյան պալիտբյուրոյից, ո՛չ նրա մտցրած տանկերից, ո՛չ ռուս զինվորից, ո՛չ Հայաստան ժամանող էմիսարներից։ Հույսեր ունեին՝ պալիտբյուրոյի ու նրա ղեկավարության հետ կապված, միամիտ հույսեր, բայց վախ չունեին։ Պատրաստ էին պառկել տանկերի տակ, ոտքով հասնել Կրեմլ, գիշերել Օպերայի բակում, անժամկետ հացադուլ-գործադուլ-նստացույց անել՝ մինչեւ «հարցը լուծվի»։ Իսկ լուծումը մի ձեւով էին պատկերացնում՝ «Մի-ա-ցում»։



Հետաքրքիր տրանսֆորմացիա էր կատարվել՝ ազգային զարթոնք անվանենք, թե երկար սեղմված զսպանակը բաց թողնելու պրոցես։ Հասարակությունն աչքիդ առաջ կերպարանափոխվում էր՝ դառնում շատ ավելի լավը։ Մարդիկ սիրում էին միմյանց ու իրենց միավորող գաղափարը, պատրաստ էին զոհվել ու նվիրվել Ղարաբաղի ազատագրության համար, որը դարձել էր մեր հայրենիքի ամենասիրված ու փայփայված հատվածը։



**Արմինե ՕՀԱՆՅԱՆ**