Հայաստանցիների միջավայրում ամերիկյան պետության մասին պատկերացումները բավականին աղոտ են

Հայաստանցիների միջավայրում ամերիկյան պետության մասին պատկերացումները բավականին աղոտ են

Եթե մի կողմ թողնենք ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապված գավառական մեկնաբանությունները, ապա պետք է արձանագրել, որ հայաստանցիների միջավայրում ամերիկյան պետության մասին պատկերացումները բավականին աղոտ են և մակերեսային:

ԱՄՆ-ի պետական համակարգն իր կենսունակությամբ թերևս ամենաարդյունավետներից մեկն է աշխարհում և դրա մեջ դրված բովանդակությունն էլ ավելի քանի հիմնարար է ու անսպառ շարունակական:

Դրա հիմքում դրված են Հռոմեական հանրապետության, իրավունքի և հունական փիլիսոփայության լավագույն ավանդույթներն ու ներուժը: Պատահական չէ, որ ԱՄՆ-ն իր կառուցվածքով հիշեցնում է Հռոմը: Այն հենց այնպես հարահոսուն ընթացքի մեջ ստեղծված համակարգ չէ, ԱՄՆ-ի հիմնադիր հայրերը՝ Ջեֆերսոնը, Ադամսը, Վաշինգտոնը, որոնք իրենց ժամանակների խոշորագույն մտածողներն էին, ամենայն մանրամասնությամբ մշակել են պետականության գրեթե կատարյալ տեսություն, որի գործնական արտացոլանքն է հանդիսանում ԱՄՆ-ն:

Ինչ վերաբերում է Թրամփին, ապա վերջինս ամենևին էլ խեղկատակ չէ, ինչպես որ ներկայացնում են, իսկ ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում իշխանության ղեկին գտնվող անհատը սահմանափակված է համապատասխան կենսունակ ինստիտուտներով, որոնց համալիր ներգործության արդյունքում անհատը կամ տեղավորվում է ի սկզբանե սահմանված խաղի հաստատուն կանոնների մեջ, կամ էլ վերածվում է քաղաքական դիակի: Կարելի է նշել Վուդրո Վիլսոնի օրինակը: Առաջին աշխարհամարտից հետո ԱՄՆ-ի նախագահը աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկն էր, բայց նա չկարողացավ կյանքի կոչել իր գաղափարները և հեռացավ քաղաքականությունից, որովհետև սահմանափակված էր ինստիտուտներով:

Ի տարբերություն ԱՄՆ-ի, Ռուսաստանում, որը նույնպես չընդհատվող պետականություն է և ունի լավագույն ավանդույթները, ինստիտուտներն են սահմանափակված անհատներով: Թերևս սա այն հիմնական պատճառներից մեկն է, որի արդյունքում Ռուսաստանը իր պատմության ընթացքում հաճախ ենթարկվել է հզորագույն ցնցումների՝ երկու անգամ կազմաքանդվել է և նորից վերականգնվել: