Ինչ տեսք կունենա իշխանական բուրգը ապրիլի 9-ից հետո

Ինչ տեսք կունենա իշխանական բուրգը ապրիլի 9-ից հետո
Վերջին տարիները, համենայն դեպս 2015-ից՝ Սահմանադրական փոփոխություններից, սկսած, ընթանում են իշխանությունների ձեւավորմանն ուղղված գործընթացների լույսի ներքո։ Ամեն ինչ մեր կյանքում կարծես համապատասխանեցվել է այդ նպատակին․ ստեղծել այնպիսի օրենսդրական դաշտ, ձեւավորել այնպիսի կառավարման համակարգ, գտնել այնպիսի անձեր, որոնք կապահովեն 2018-ին տեղի ունենալիք իշխանության փոխանցումը՝ «առանց փոխանցելու»։ Որպեսզի չփոխվի իշխող մեծամասնությունը՝ Հանրապետական կուսակցությունը, եւ երկրի նախագահը՝ Սերժ Սարգսյանը։



Բնական է, որ մամուլն այս տարիներին անդրադարձել է հենց այս խնդիրներին։ Լրագրողներն ու քաղաքական գործիչները-քաղաքագետները եւ վերլուծություններ ու կանխատեսումներ են արել, եւ իշխանության ներսից՝ կուլիսային ինֆորմացիա են փորձել հայթայթել, եւ հետեւել են իշխանական որոշումների տրամաբանությանն ու քայլերին, եւ արձանագրել են օրենսդրական դաշտում տեղի ունեցող փոփոխությունները։ Փորձել են հասկանալ՝ ինչպիսի Հայաստան ենք ունենալու 2018-ին, ովքեր են այստեղ լինելու դերակատարները, ինչ ապագա է սպասվում մեր պետությանն ու ժողովրդին։



Մեզ, իհարկե, շարունակ փորձել են խանգարել հասկանալու եւ հանրությանը ներկայացնելու, թե ինչ է սպասվում մեզ ապագայում։ Մեղադրել են ժամանակից առաջ ընկնելու մեջ՝ «ժամանակը կգա՝ կիմանաք», թաքցրել են այն, ինչ հնարավոր է թաքցնել եւ անակնկալ որոշումներով կանգնեցրել են կատարված փաստի առաջ։ Հանդիմանել են՝ «սխալ» ինֆորմացիա տարածելու, ապագա դերակատարներին «վարկաբեկելու» մեջ։ Ապակողմնորոշել են, թե՝ ամեն ինչ անում ենք պետության եւ ազգի շահերից ելնելով, մի խումբ մարդկանց վերարտադրությունը չի գերնպատակը։ Ի վերջո, մեծ լծակներ ու ֆինանս տնօրինելով կարողացել են նախ՝ խորհրդարանական ուժերի այնպիսի համամասնություն ձեւավորել, որն անվտանգ կլինի իրենց համար, նաեւ՝ պետական քարոզչությանը մասնակից դարձնել մեր հասարակության ամենապատրաստված, ամենախելացի ու խորամանկ անհատներին, որոնք ակտիվորեն մասնակցել են Սահմանադրության «Այո»-ի քարոզչությանը, իշխանական քայլերի շուրջ փորձագիտական մեկնաբանություններ տալուն, օրենքների մշակմանը եւ այլն։



Այժմ եկել- հասել ենք 2018-ի ապրիլ եւ արդեն իսկ գծագրվում է, թե ինչպիսին է լինելու իշխանական բուրգը եւ ինչ երկիր ենք ունենալու՝ առնվազն առաջիկա 5 տարիների ընթացքում։



**Քաղաքական իրավիճակը**



Դատելով 2017-ի ապրիլյան ընտրություններից, ՀՀԿ-ի ստացած ձայներից, դրան հաջորդած արձագանքներից ու հասարակական ակտիվության մակարդակից կարելի է եզրակացնել, որ առաջիկայում մենք «անցնցում» քաղաքական իրավիճակ ենք ունենալու՝ առանց լուրջ քաղաքական պայքարի, առանց մասսաների փողոց դուրս գալու, առանց հեղափոխական իրավիճակների։ Սա, անշուշտ, չի բացառում տարբեր դավադրությունների, «սասնածռերի» ծրագրումն ու իրականացումը, ինչը, ի դեպ, եւս վկայում է հասարակական ապատիայի, քաղաքական պայքարի բացակայության մասին։ Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրություններ՝ 2022 թվականը, մեզ սպասվում է մի իրավիճակ, որը Հանրապետականը վաղուց էր երազում։ Իսկ եթե անվտանգության մարմիններն ու հատուկ ծառայությունները «լավ» աշխատեն, ապա ապստամբությունների եւ դավադրությունների թեման էլ կբացառվի։ Մի շանս կար՝ հրապարակային պայքարի զարթոնքի՝ Ղարաբաղի հարցով որեւէ փաստաթղթի ստորագրումը, սակայն հասարակությունն այնքան է հոգնել այդ թեմայից եւ այնքան են նրան հաշտեցրել՝ ցանկացած լուծման հետ, որ կարծում ենք, դա էլ էական ազդեցություն չի ունենա ներքաղաքական իրավիճակի վրա։



**Դերակատարները**



Դատելով վերջին 2 տարում ձեւավորված օրենսդրական դաշտից՝ երկրի առաջին դեմքը, որոշումներ կայացնողը, իշխանական բուրգի գագաթը զբաղեցնելու է Սերժ Սարգսյանը։ Նա կունենա նախկինում ունեցած բոլոր լիազորությունները՝ դեռ մի բան էլ ավելի, քանի որ նման սցենար գծելն ու իրականացնելը, բոլոր հակառակորդներին, ընդվզողներին, անգամ շատ մեղմորեն հակադրվողներին մեկուսացնելն ու ոչնչացնելը, նրան լրացուցիչ ուժ են հաղորդել, նոր լծակներով օժտել։ Ըստ էության, նա շատ ավելի շահեկանորեն օգտագործեց ՀՀ նախագահի պաշտոնը՝ թշնամիներին չեզոքացնելով, անտարբերներին համախոհ դարձնելով, ում հնարավոր է՝ «գնելով», ում հնարավոր չէ՝ հեռացնելով, իր կուսակցության համար կուռքի վերածվելով, դրսում բավականին տանելի հարաբերություններ հաստատելով, հմտորեն «խաղալով» եւ Արեւմուտքի, եւ Ռուսաստանի հետ։ Այսինքն՝ առնվազն 5 տարի մենք կունենանք բուրգի գագաթին Սերժ Սարգսյանին՝ իր որոշած բուրգի դասավորությամբ հանդերձ։



Երկրորդ մարդը Սերժ Սարգսյանից հետո, ամենայն հավանականությամբ, կլինի Կարեն Կարապետյանը՝ առաջին փոխվարչապետի եւ նախկին վարչապետի լիազորություններով։ Նա կպահպանի բոլոր այն օղակների կառավարումը, որոնք իրականացրել է վերջին 1-2 տարում՝ տնտեսական բլոկ, առընթեր մարմիններ եւ որոշ այլ ոլորտներ, դրանց կադրային քաղաքականությունը եւ այլն։ Նկատելի է, որ ամեն ինչ արվում է նրան չնեղացնելու, հանրության շրջանում շատ չհեղինակազրկելու համար։ Չի բացառվում, որ 2022 թվականին Կարապետյանը լինի Սերժ Սարգսյանի իրավահաջորդի թեկնածուների ցանկում։ Գուցե անգամ արդեն նրան ակնարկել են այդ մասին։ Թեեւ ցանկի հավակնորդների պակաս չկա։



Բուրգի երրորդ մարդը, թերեւս, կլինի ԱԺ նախագահը, որի պաշտոնը գոնե առաջիկայում կզբաղեցնի Արա Բաբլոյանը, ով իրեն լավ դրսեւորեց անսպասելի առաջխաղացումից հետո եւ ընդունելի ֆիգուր դարձավ շատերի համար՝ գլուխ հանելով խորհրդարանի աշխատանքների կոորդիանատորի գործից։ Եթե առաջիկայում նա «հիասթափություններ» չպատճառի եւ նրա փոխարեն այլ անձի, ասենք՝ իշխանական սիրելի Արփինե Հովհաննիսյանին առաջ քաշելու հարցը չհառնի, ապա Բաբլոյանը կարող է մնալ անգամ մինչեւ 2022 թվականը։



Բուրգի չորրորդ անձը, ուզեն թե չուզեն, կլինի Լոնդոնից հրավիրված Արմեն Սարգսյանը, որին, իհարկե, առաջիկայում էլ կփորձեն մեկուսացնել Մաշտոցի 47 հասցեում՝ այդ շենքին սազացող կարգավիճակում դնելով եւ որպես նվազ լիազորություններ ունեցող «մարիոնետ» ներկայացնելով, սակայն եթե նա մի փոքր պատվախնդրություն ունի, կփորձի մի քիչ վերաձեւել Հանրապետականի սցենարը եւ իրական դերակատարում ստանձնել երկրում։ Կհաջողվի, թե ոչ՝ կերեւա առաջիկայում։ Եթե նա նույնպես տիրապետում է ներիշխնական ինտրիգներին, ինչպես տիրապետում են հայաստանյան իշխանավորները, ապա կարծում ենք՝ կստացվի։



Բնականաբար իշխանական հիերարխիայում հաջորդ դերակատարները կլինեն մյուս երկու փոխվարչապետները։ Այս ընթացքում փոխվարչապետների բազում անուններ են շրջանառվել, սակայն արդեն գծագրվում է շրջանակը՝ բոլոր նախագահների օրոք «գորշ կարդինալի» կարգավիճակ ունեցող Արմեն Գեւորգյան, որն աշխատող մարդու համարում ունի եւ վերջին տասնամյակի ֆավորիտներից՝ Վաչե Գաբրիելյան, որը միջազգային կառույցների հետ լեզու գտնելու շնորհք ունի։ Այս շարքում է պետք դասել նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որը, ճիշտ է, մայրաքաղաքի կառավարչի դերն է կատարում, բայց հսկայական լծակներ ունի եւ իրավասություններ, գոնե՝ Երեւանի հետ կապված հարցերում։



Իշխանական բուրգում կարեւոր դերակատարում կունենան անշուշտ նաեւ ուժային կառույցների ղեկավարները՝ Պաշտպանության նախարարը, ԱԱԾ ղեկավարը, ոստիկանապետը, Քննչական կոմիտեի ղեկավարը, ԱԻՆ նախարարը, Գլխավոր դատախազը, ինչպես նաեւ Դատական բարձրագույն խորհրդի ղեկավարը, Սահմանադրական դատարանի նախագահը։ Պաշտպանության նախարարը, բնականաբար, առավել կարեւոր՝ քանի դեռ Հայաստանը պատերազմական վիճակում է։ Մյուս կարեւոր դերակատարը կլինի ԱԳ նախարարը՝ քանի դեռ Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացը լիովին չի ավարտվել։ ՊՆ եւ ԱԳ նախարարների անձը այսօր հայտնի է, սակայն երկուսն էլ կարող են ամեն րոպե փոխվել, հատկապես՝ Էդվարդ Նալբանդյանը, որը ռուսական պրոտեկցիայի շնորհիվ է այսքան ժամանակ պահպանել աթոռը եւ, ըստ լուրերի, Ֆրանկոֆոնիայի տարեվերջյան համաժողովից հետո՝ հրաժեշտ կտա, ֆրանսալեզու հյուրերի հետ մեկնելով Ֆրանսիա՝ դեսպան աշխատելու։



2018-ի ապրիլից հետո դերակատարում ունեցող այլ անձինք էլ կլինեն՝ ոմանք իրենց զբաղեցրած պաշտոնի, մյուսներն՝ ավանդույթի, երրորդները Սերժ Սարգսյանի հետ մտերմության ուժով։ ԱԺ փոխխոսնակներ Արփինե Հովհաննիսյանն ու Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանն ու Դավիթ Հարությունյանը, Վահրամ Բաղդասարյանն ու Գեւորգ Կոստանյանը, Գալուստ Սահակյանն ու Մուշեղ Լալայանը, Բարսեղ Բեգլարյանն ու Գագիկ Ծառուկյանը, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, Սամվել Կարապետյանն ու կաթողիկոսը, էլի մեկ տասնյակի չափ մարդիկ, որոնցից, մեծ հաշվով, կախված կլինի, թե Հայաստանն ուր է գնում, ինչ է սպասվում մեր հասարակությանը եւ ինչպիսին է լինելու մեր ապագան։







**Արմինե ՕՀԱՆՅԱՆ**