Թանկացման դեմ երթը` տարբեր ռակուրսներից

Թանկացման դեմ երթը` տարբեր ռակուրսներից
Նիկոլ Փաշինյանի լայնախոհության արդյունքում թանկացումների դեմ երթի երկրորդ փուլում «գործող անձ» դարձավ նաեւ ոստիկանությունը, որին, այս էլ որերորդ անգամ, վստահվեց տներ այցելելու եւ քաղաքացիներին ընդդիմադիր ակցիային չմասնակցելու հրահանգներ իջեցնելու գործը: Ոստիկաններն էլ, հասկանում ես, Նիկոլ Փաշինյանի գրառումը կարդալուց հետո անցել են գործի եւ պատվով կատարել, ինչ որ պետք է կատարեին: Թափորի մեծությունը, ավելի ճիշտ` դրա համեստ չափերը, նույնիսկ կասկածներ են հարուցել, որ օրենքի պահապանները մի քիչ էլ գերազանցել են իրենք իրենց, չի բացառվում՝ նաեւ ուժ են գործադրել, որ մարդիկ տներից դուրս չգան: Իսկ ինչ վերաբերում է Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկի միջադեպին, որը քիչ էր մնում ընդհարման վերածվեր, կարելի է ասել, որ դա այս իշխանությունների դեմ խորհրդարան ու քաղաքապետարան անցած «Ելքի» պայքարի կիզակետը դարձավ:



Առաջ չանցնելով նշեմ, որ ոստիկանությանն այսպիսի գործերի խառնելու գծով Նիկոլ Փաշինյանն իր հավասարը չուներ դեռ վաղուց: Տակավին ՀԱԿ-ի ակտիվիստ Նիկոլն ուղղակի առասպելներ էր պատմում այն մասին, թե ինչպես են իր համաքաղաքացիները, ավտոբուսի նստարանների տակ պառկած, հաղթահարել ոստիկանական շղթաները եւ Իջեւանից հասել Երեւան: Ես այս դրվագը հիշեցի, որպեսզի Նիկոլ Փաշինյանն էլ իր «հեղափոխական անցյալը» հիշի եւ բոլոր այն ակտիվիստներին, որոնք անգամ առանց դնչկալի շներին էին օգտագործում ոստիկանների մասնակցությամբ սադրանքներ հրահրելու համար: Ինչեւէ:



Բա գիտե՞ք, Էդմոն Մարուքյանը նեղացել է, որ բոլորը քննադատում են իրենց երթերը, սակայն իրենք ոչինչ չեն ձեռնարկում: Ասում է` դուք արեք, ո՞վ է ձեր ձեռքը բռնել: Երեւի մտածում է` «Ելքին» նախանձում են պոպուլիզմի տեսանկյունից այս բավականին հարմար միջոցառումները նախաձեռնելու համար: Կներեք, իհարկե, պարոն Մարուքյան, բայց թանկացումների դեմ «Ելքի» փողոցային պայքարի անհաջողության բազմաթիվ պատճառներից մեկն էլ Դուք եք, որովհետեւ ընդդիմադիր կայքերն ու թերթերը թողած` օրումեջ հյուր եք կա՛մ «Արմենիային», կա՛մ Tert.am-ին: Սովորաբար, ընդդիմադիր գործիչները մի քիչ տանջված, գզգզված տեսք են ունենում, իսկ Դուք` հագած-կապած, իշխանական տելեներում «պեռվի կռուգ եք ֆռֆռում»: Սա պետք է իր բացատրությունն ունենա, այլապես ժողովուրդը չի հասկանում, թե այդ ինչից է, որ ժողովրդի դարդով տապակվող Մարուքյանի վրա թանկացումնրը, մեղմ ասած, բացարձակապես չեն ազդել:



Իհարկե, արդար չի լինի բոլոր մեղքերի մեջ «Ելք»-ին մեղադրելը: Վերջին տարիներին այնպես է ստացվել, որ հենց ընդդիմությունը մի բան է ձեռնարկում, ժողովորդը փախչում, կանգնում է իշխանությունների կողքին: Նորմալ երկրներում, սովորաբար, հակառակ երեւույթն է նկատվում: Մարդիկ ախ են քաշում, որ ընդդիմությունը մի բան ասի` լցվեն փողոց, բողոքեն, հարայ գցեն: Այս տեսանկյունից «Ելքի» մեծագույն ներդրումը պետք է համարել աշխարհին մեր անտարբեր կեցվածքի եւ իներտության ցուցադրումը:



Ժողովուրդ ջան, ամոթ է, երբ ձեզ հրավիրում են թանկացումների դեմ պայքարի, իսկ դուք վազում, խմբվում եք իշխանության, որ նույնն է` թանկացնողի շուրջը: Միշտ մտածում եք` փորձված թանը լավ է, քան անփորձ մածունը: Այնքան եք այդպես մտածել, որ կողքից նայողը կասի` սրանք հոգեբանական խնդիր ունեն: Բա մեզ սազո՞ւմ է: Ի՞նչ է պատահել, չե՞ք վստահում ընդդիմությանը… Քշեք հրապարակից, եղբայր, նրանց տեղը ուրիշը բերեք, վերջապես ձեր ընդդիմությունը ձեւավորեք, որին կվստահեք: Այլապես սա ի՞նչ է, ոչ մեկին չի՞ հետաքրքրում, թե իր աշխատավարձն ինչու չի բարձրացել, երբ իշխանությունները հայտարարում են համարյա երկնիշ աճի մասին: Բա չհասկանա՞նք, թե ինչպես է ստացվում, որ ամեն ինչ թանկանում է, աշխատավարձերն ու եկամուտները մնում են նույնը, բայց մեր կենսամակարդակը բարձրանում է: Սա, ախր, աննորմալ բան է, որ ՀՀ իշխանություններից բացի, բոլորին կհասցնի հոգեբուժարան: Ասում են` թանկացումները կամայական չեն, ունեն իրենց հիմնավոր պատճառները: Հասկացանք, այն էլ հասկացանք, որ կարագը թանկացել է, որովհետեւ համեղ է, եւ ի՞նչ: Ասում են եւ այն, որ քո կենսամակարդակը բարձրացել է, որովհետեւ նախկին եկամուտներիդ պահպանման պայմաններում թանկ կարագ ես ուտում: Այ քեզ հաջողություն…



Տեսաք, չէ՞, ուր հասա: Այսպես կարելի է վատամարդ էլ դառնալ իշխանությունների առաջ, երբ դարձյալ բոլորը վազեն իշխանությունների մոտ, ու ես մնամ մենակ`իմ այս դատողություններով: Ես, ճիշտն ասած, արդեն չգիտեմ, թե ինչ կարելի է անել, որ մեր հասարակությունը մի քիչ էլ իր մասին սկսի մտածել:





**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**