Արքայազն Չարլզից՝ ոչ, բայց Միացյալ Թագավորությունից ենք պատասխան սպասում

Արքայազն Չարլզից՝ ոչ, բայց Միացյալ Թագավորությունից ենք պատասխան սպասում
Սկզբից եւեթ ասեմ, որ այս հոդվածաշարը պատրաստելու համար դեռ անցյալ շաբաթ հարցեր էինք ուղարկել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատուն: 3 հարց։ Երրորդն ավելի շատ խնդրանք էր՝ հնարավորության պարագայում Քլարենս հաուզից (Ուելսի արքայազնի պաշտոնական նստավայրն է) ճշտելու, թե արդյո՞ք արքայազն Չարլզը տեղյակ է պրն Արմեն Սարգսյանի` իշխող կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին եւ կցանկանա՞ր այդ կապակցությամբ կամ առհասարակ պրն Սարգսյանի մասին որեւէ նկատառում հայտնել մեզ եւ ՀՀ հանրությանը:



**Ինչ էր ասվել նախկինում**



Մեկ անգամ արդեն նախադեպ եղել է, որ ինքս Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան միջոցով ստացել եմ արքայազն Չարլզին ուղղված հարցերի պատասխանները (ի դեպ, դարձյալ Արմեն Սարգսյանի հետ փոխհարաբերություններին վերաբերող): Դա 2010թ. փետրվարին էր, նախագահ Սերժ Սարգսյանի եւ Վեհափառ հայրապետի՝ Միացյալ Թագավորություն կատարած այցից հետո: Հոդվածը տպագրվեց «Արմեն Սարգսյանի Yerevan-My Love ֆարսը» վերնագրով («Հրապարակ», 4 մարտի 2010թ.), այն ժամանակ Հայաստանում Նորին Մեծություն դեսպան Չարլզ Լոնսդեյլի շնորհիվ հնարավոր եղավ Բուքինգեմյան պալատից կամ Քլարենս հաուզից` ամեն պարագայում Բրիտանական արքայատնից ստանալ հարցերի պատասխանները:



Մի կողմից գուցեեւ կարիք չկար յոթ-ութ տարի առաջվա իրադարձություններն այժմ վերհիշել, մանավանդ որ նոր հարցեր ենք ուղարկել դեսպանատուն, եւ դրանց պատասխանները ներկա պահին ավելի հրատապ ու հետաքրքիր են (առնչվում են ՀՀ նախագահի թեկնածուին ներկայացվող սահմանադրական պահանջներին): Մյուս կողմից, սակայն, ամբողջ լրատվադաշտում այնքան հիմարություններ տարածեցին ու ջանադրորեն բազմապատկեցին արքայազն Չարլզի հետ պ. Արմեն Սարգսյանի մտերմության մասին, որ ութ տարի առաջվա նյութը վերստին դարձրեցին արդիական:



Ինչ էինք հարցրել ութ տարի առաջ, եւ ինչ էին եղել պատասխանները: Թարգմանաբար մեջբերում եմ դեսպանատան հետ գրագրության տեքստն իմ նամակագրությունների արխիվից.



«Լուսինե, Քո հարցերի պատասխանները հետեւյալն են.



1. Ինչո՞ւ «Երեւան, իմ սեր» ծրագրի եւ Վինձորյան ամրոցում կայացած դրա շնորհանդես-երեկոյի մասին որեւէ հիշատակում չկար Ուելսի Արքայազնի պաշտոնական կայքում:



Դա մասնավոր միջոցառում էր, դրա համար էլ չի լուսաբանվել իր կայքում:



2. Արդյո՞ք Նորին Արքայական Մեծությունը Վինձորյան ամրոցի փետրվարի 10-ի հյուրընկալությունից բացի որեւէ այլ ներգրավվածություն ունի «Երեւան, իմ սեր» ծրագրում:



Ընթացիկ ծրագրեր չկան, սակայն հույս կա, որ ապագայում կարող է այլ միջոցառումներ լինեն:



3. Ի՞նչ բարեգործական ծրագրերում է պրն Արմեն Սարգսյանն աշխատել Ուելսի Արքայազնի հետ նախկինում եւ որ երկրներում:



Ոչ մի:



Հուսով ենք՝ սա օգտակար կլինի»:



**Ոչինչ չի՞ փոխվել ներկայում**



Չնայած այն ժամանակ էլ արքայազն Չարլզի հետ պրն Սարգսյանի մտերմության, բարեկամության, համատեղ իրականացված ծրագրերի, չգիտես էլ ինչի մասին տարածված տեղեկություններին, ամենամակերեսային հարցին անգամ` որտեղ եւ ինչ համատեղ ծրագրեր են իրականացվել, պատասխանը եղավ. «Ոչ մի»: Մեկնաբանությունների կարիք կա՞: Այժմ վերադառնալով օրերս ՄԹ դեսպանատուն ուղարկված հարցերին, արքայազն Չարլզին առնչվող երրորդ հարցի պատասխանն այս անգամ չէին ճշտել, սակայն բավականին համոզիչ պատճառաբանությամբ եւ պատասխանել էին միանգամայն խոսուն բառօգտագործմամբ ու ձեւակերպմամբ: Այնպես որ՝ պատասխանի կարիք առանձնապես չէր մնում։ Մյուս երկու հարցերին պատասխանելու ուղղությամբ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Հուսանք՝ առաջիկա օրերին դրանք կստացվեն (հարցերից մեկը վերաբերում է պրն Սարգսյանի եւ նրա ընտանիքի բրիտանական քաղաքացիությանը, մյուսը՝ Մեծ Բրիտանիայում մշտական բնակությանը): Բնականաբար, պատասխանները ստացվելուց հետո դրանք հնարավորինս արագ կներկայացնենք, եւ ենթադրելի է` այդ պատասխանները կա՛մ կանաչ լույս կվառեն, կա՛մ վերջակետ կդնեն ՀՀ նախագահի պաշտոնի համար պրն Սարգսյանի թեկնածությանը:



Որքան էլ Սերժ Սարգսյանին թվա, թե ինքը յոթերորդ երկինք չհասած, բայց Բաղրամյան 26-ի երրորդ երկնահարկում անշարժացած աստվածություն է, ու իր գործերն անքննելի են, իրականում ոչ թե իրենից, իր երկնած-սահմանած որակներից, գրպանային ՀՀԿ-ից, դրա մի քանի քվազի-իրավաբաններից եւ մնացյալ համր բիոզանգվածից, այլ՝ ՀՀ սահմանադրությունից եւ Լոնդոնում մշտական բնակության ու քաղաքացիության հանգամանքներից է կախված պրն Արմեն Սարգսյանի` ՀՀ նախագահի թեկնածու դառնալ-չդառնալը: Ինչ պատասխաններ կստացվեն ՄԹ-ից եւ ինչ հետեւանքներ կունենան` կտեսնենք:



Առայժմ տեսանելին այն է, որ նախագահ Սերժ Սարգսյանի գրպանային իրավաբանները փորձում են 34 տարի Մեծ Բրիտանիայում մշտապես բնակված, 1992-ից նաեւ ընտանիքն այնտեղ մշտական բնակության տեղափոխած, 1995-2005-ի ՀՀ սահմանադրության ոտնահարմամբ 2002-ին բրիտանական քաղաքացիություն ձեռք բերած, դրա արդյունքում ինքնաբերաբար «ՀՀ քաղաքացիության մասին օրենքի» 25-րդ հոդվածով 2002-ին ՀՀ քաղաքացիությունից զրկվելու ենթակա անձին որպես ՀՀ-ում մշտապես բնակվող եւ միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող թեկնածու ներկայացնել:



**Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ**