Երկու միլիոն դրամ՝ դահուկ քշելու, ձնեմարդ պատրաստելու համար

Երկու միլիոն դրամ՝ դահուկ քշելու, ձնեմարդ պատրաստելու համար
Չնայած հանրապետությունում գարնան շնչով տաք ձմեռ է, սակայն առաջիկա օրերին Շիրակի Արթիկ քաղաքում «ձմեռ փարթի» է անցկացվելու: «Արագած» պիոներական ճամբարի հարակից տարածքում փետրվարի 11-ին անցկացվելու է «Տուֆաշխարհի ձմեռ 2018» ամենամյա մարզամշակութային տոնահանդեսը:



Միջոցառման ծրագիրն ընդգրկուն է՝ դահուկավազք, դահուկներով զբոսանք, սահնակներով էստաֆետ, ձնեմարդու պատրաստում, կարատեի, բռնցքամարտի եւ ըմբշամարտի ցուցադրական ելույթներ, զվարճախաղեր եւ այլն: Սպասվում է նաեւ համերգային ծրագիր: Մրցումներում հաղթող անհատներն ու կոլեկտիվները, ինչպես տեղեկանում ենք համայնքապետարանի կայքից, կպարգեւատրվեն Արթիկի քաղաքապետի պատվոգրերով, շնորհակալագրերով եւ հուշանվերներով: Մարդկանց տեղափոխումը կատարվելու է անվճար:



Ուշագրավ է, որ ավանդաբար այդ միջոցառմանը մասնակցում են նաեւ մարզային իշխանության ներկայացուցիչները, հյուրեր են լինում արտերկրից: Դատելով Արթիկի համայնքապետարանի 2018 թ․ ընթացքում նախատեսված գնումների պլանից՝ «Տուֆաշխարհի ձմեռ» միջոցառումը կարժենա մոտ 2 մլն դրամ: 2018-ին նախատեսված է 8 մլն 850 հազար դրամ հատկացնել մշակութային միջոցառումներին: Ըստ այդ պլանի՝ 2 մլն դրամ էլ նախատեսվում է Քաղաքի օրվան նվիրված միջոցառումների համար: Այլ միջոցառումներ էլ կան՝ գնումների պլանով նախատեսված։



Մասնավորապես՝ Հայկական բանակի օրվան նվիրված հյուրասիրության համար՝ 200 հազար, Կանանց միջազգային օրվա համար՝ 300 հազար, Մայրության, գեղեցկության, սիրո օրվա համար` 100 հազար, Հայոց ցեղասպանության միջոցառման` 200 հազար, Հաղթանակի ու խաղաղության տոնի` 250, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա համար` 300, Ուսուցչի օրվա համար` 200 հազար, Անկախության օրվա` 600 հազար դրամ եւ այլն: