Խեղդիր քո միջի սատանային

Խեղդիր քո միջի սատանային
«Եթե մենք շարունակելու ենք հանդուրժել այս ապօրինի իշխանությանը, ապա հետեւանքը լինելու է ոչ միայն արտագաղթը, մեր չքավոր կյանքը, այլեւ մենք կորցնելու ենք մեր պետականությունը։ Մարտ, ապրիլ ամիսները վճռորոշ են լինելու հայ ազգի համար։ Սերժ Սարգսյանն իր իշխանությունը երկարաձգելու նպատակով հրավիրել է հայոց իշխանության մեջ ընդգրկվելու արդեն իսկ միջազգային օլիգարխիայի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանին․․․ Հայրենիքը, մեր պետականությունը կարիք ունի պաշտպանության, եւ այդ պաշտպանությունը կարող ենք իրականացնել մենք՝ ձեռք ձեռքի տված փողոց դուրս գալով։



Սիրելի հայրենակիցներ, բոլորս մարտ, ապրիլ ամիսները դիտարկենք որպես կարեւոր ամիսներ մեր ազգի, հպարտության, անկախության համար եւ թողնենք մեր բանուգործը, հեղեղենք բոլոր փողոցները եւ տապալենք այս գործող իշխանությունը։ Բոլորս դեպի մեծ համահայկական ընդվզում»,- երեկ Արարատում հավաքվածներին է դիմել «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։



Ելույթն ընթացել է «Դժոխքի երաժշտություն՝ Հայաստանում», «Ընդվզիր, մերժիր սատանայի բանաձեւը» ցուցապաստառի ներքո։ Դատելով լսարանից, որը հիմնականում կազմված է տարեցներից, թյուր հետեւություն կարելի է անել, մասնավորապես այն մասին, որ Սերժ Սարգսյանն ու իր ղեկավարած իշխանությունը Հայաստանում չունեն հակառակորդներ, իսկ նրանց դեմ պայքարողները՝ համախոհներ։



Որ ՀՀԿ մեծամասնությունն ընդունելի է բոլորի համար։ Իրականում, մարդիկ անհաղորդ են պայքարի նման զավեշտական դրսեւորումներին։ Նրանք լուրջ, աշխարհայացքային, գաղափարական պայքար են ակնկալում ընդդիմությունից, այլ ոչ թե կատակի-հիստերիայի-անհեթեթության այնպիսի աջաբսանդալ, ինչպիսին մատուցում է «Երկիր ծիրանին»՝ հավակնելով հեղափոխականի դերին։



**Արմինե ՕՀԱՆՅԱՆ**