Ընդդիմադիրները կտրված ու մեկուսացած են հանրությունից

Ընդդիմադիրները կտրված ու մեկուսացած են հանրությունից

Արդի ժամանակաշրջանում Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը վստահաբար իրենց լավագույն օրերը չեն ապրում։ Մեծ հաշվով ընդդիմությունը քաղաքական եւ ինստիտուցիոնալ տեսանկյունից բավական թույլ է ու ատոմիզացված, ինչպես նաև ժողովրդի հետ հետադարձ կապի, արագ արձագանքման առումներով ոչ այնքան ֆունկցիոնալ, այսինքն՝ դանդաղկոտ ու ծույլ։ Ընդդիմադիրների գործունեության մեջ հիմնականում մեծ տեղ են զբաղեցնում պոպուլիզմն ու դեմագոգիան, ինչպես նաև՝ իրենց բացառիկության ընդգծման արատավոր պրակտիկան, իբրև թե՝ բոլորը սխալ են ու մեղավոր, իսկ իրենք բացարձակ ճշմարտության կրողներն են ու «մոլորյալ» ժողովրդին դեպի փրկության առաջնորդողները։

Ուշադրություն դարձնենք, որ ներկայումս ընդդիմադիր քաղաքական ուժերը ՀՀԿ-ի հետ մրցակցելու, դրան հակակաշռելու որևէ հայտ չեն ներկայացնում՝ ո՛չ ռեսուրս ունեն և ո՛չ էլ՝ հնարավորություն։ Այլ խոսքով ասած ընդդիմադիր ուժերը պայքարում են ոչ թե ՀՀԿ-ին հաղթելու, այլ երկրորդ, երրորդ տեղերը զբաղեցնելու համար։ Այսինքն՝ քաղաքական ուժերը, կարծես թե, համակերպվել են, որ ՀՀԿ-ին հնարավոր չէ հաղթել, իսկ իրենք պետք է սահմանափակվեն «լեգիտիմ» ընդդիմության կարգավիճակով՝ որպես հավերժ ու անհույս պայքարողներ։ Մեծ հաշվով ընդդիմադիրների մի մասը պարզապես ապրում ու աշխատում են զուտ հանուն մանդատի, այսինքն՝ տառապում են մանդատիզմով։ Այսինքն՝ քաղաքական համոզմունքներն ու գաղափարները, գործունեության արդյունավետությունը մղված են ետին պլան, առաջնայինը՝ ԱԺ-ի և ավագանու մանադատներն են։ Հանուն դրանց կարելի է նույնիսկ վաճառել հոգիները։

Առանձնացնենք մի քանի կետ, որոնց առկայությունը խոչընդոտում է ուժեղ ընդդիմության ստեղծումը։

Ինստիտուցիոնալ համակարգի բացակայություն։ Թերեւս գյուտ արած չենք լինի, եթե նշենք, որ Հայաստանում կուսակցական համակարգը դեռեւս կայացած չէ, իսկ գործող ընդդիմադիր կուսակցությունները բավականին թույլ են և ոչ դիմացկուն։ Ինստիտուցիոնալ առումով դրանք հիմնված չեն ամուր հիմնային կառույցների` ինստիտուտների վրա, որոնց սահուն գործունեության արդյունքում քաղաքական ուժերը կկարողանան դիմագրավել ցանկացած մարտահրավերի։ Թերեւս սա է առաջնային այն խնդիրը, որի պատճառով քաղաքական ուժերը չեն կարողանում հաղթել, դեռ ավելին` պարտությունից հետո ոչ մի կերպ չեն կարողանում ուշքի գալ։

Անհատի պաշտամունք։ Պետք է փաստել, որ երկրորդ կետում նշված այս արատավոր երեւույթն առաջին հերթին լրջորեն խոչընդոտում է առաջին կետի ռեալիզացմանը, իսկ այդ քաղաքական կառույցները, որպես կանոն, ամբողջապես հիմնվում են որոշակի անհատականությունների հեղինակության վրա եւ դրանով իսկ դառնում են էլ ավելի խոցելի։ Հեղինակավոր անհատի չեզոքացման դեպքում քաղաքական թիմերն արագորեն կազմաքանդվում են, քանի որ հիմված են մեկ մարդու պահի ազդեցության տակ կայացրած որոշումների վրա՝ չունենալով գործունեության ռազմավարական եւ մարտավարական քարտեզ։ Բացի այդ, նման համակարգերում շարքային հետեւորդները վերածվում են կառավարման ձայնազուրկ սուբյեկտների եւ կորցնում են զգոնությունն ու իրականության զգացողությունը։

Մեկուսացվածությունը հանրությունից։ Ընդդիմադիրները կտրված ու մեկուսացած են հանրությունից և՝ առհասարակ նրա խնդիրներից, կարծես թե այլ մոլորակում ապրեն։ Նրանց հետեւորդների թիվը չափազանց քիչ է, դեռ ավելին, մի բան էլ պակասում է, բայց նրանք դրանից չեն ընկճվում, ավելի են գոտեպնդվում՝ կարծելով, թե ամբողջ հայ ժողովուրդը մոլորյալ է, չի գիտակցում իրավիճակի լրջությունը, իսկ իրենք բարձրագույն ճշմարտության կրողներն են՝ «մարգարեներ հեռավոր անցյալից», որոնք կանխատեսել են պետականության մոտալուտ կործանման սպառնալիքը եւ ճիշտ ժամանակին հայտնվել են ճիշտ տեղում։ Համենայն դեպս «փրկիչ առաջնորդները», այդպես են ներկայացնում իրենց մոլեռանդ, ֆանատիկոս հետեւորդներին։

Թերևս հենց այս և այլ տարատեսակ պատճառների համակցված ներգործության արդյունքում հասարակությունը օր օրի կորցնում է վստահությունն ընդդիմության նկատմամբ։ Իսկ չհավատալ ընդդիմությանը նշանակում է չհավատալ պետության ապագային, քանի որ եթե իշխանությունը պետության ներկան է, ապա ընդդիմությունը՝ ապագան։ Տառապելով անհաջողակի սինդրոմով՝ ընդիմադիրներից շատերը կորցնում են ադեկվատությունը՝ իրենց ձախողումների և անհաջողությունների ամբողջ պատասխանատվությունը բարդելով հանրության վրա։ Իբրև թե՝ ժողովուրդն է մեղավոր, որ իրենք չեն կարողանում լուրջ տպավորություն թողնել և վստահություն ներշնչել։ Կան նաև այնպիսի գործիչներ, որոնք ոչ միայն կորցրել են ադեկվատությունը, այլ նաև հասել են հոգեխանգարմունքի։ Ահա հենց այս այսօր ոչ վաղ անցյալի ամենահեղինակավոր գործիչներից մեկը սատանայի դեմ պայքարի կոչ էր անում։