Հացավանի առատ խնդիրները

Հացավանի առատ խնդիրները
Մարտի 11–ին հանրապետության մի շարք համայնքներում Տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են նշանակված: Կոտայքի մարզի Հացավան համայնքում հերթական ընտրություններ կլինեն՝ հացավանցիները գյուղապետ կընտրեն: Հացավանն ունի 565 բնակիչ, բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն է:



Հացահատիկով առատ երբեմնի Հացավանի մասին մեծահասակներն այժմ միայն թախծոտ ժպիտով են հիշում: Գյուղացիները պատմում են, որ գյուղի անունը Հացավան են կոչել, քանի որ առատ բերք են ունեցել. «Պատերազմի տարի էր, գյուղում առատ հացահատիկ եղավ, 1944թ.-ին գյուղը Հացավան անվանեցին: Շեն գյուղ էր, ամեն բան կար, հիմա քարուքանդ ա եղել: Գյուղապետարանի շենքը վթարային է, կուլտուրայի տունը ծառայում է որպես զուգարան եւ անասնատեղի: Աշխատանք չկա, մարդիկ գյուղից գնում եմ, ոմանք անասնապահությամբ են զբաղվում, շատերն էլ խոսպան եմ գնում: Ջահելություն չկա, էսպես որ գնա գյուղում միայն ծերերը կմնան»,-պատմում էին հացավանցիները:



Համայնքի ղեկավար Շավարշ Սարգսյանը կմասնակցի առաջիկա ընտրություններին: Ըստ նրա՝ մրցակից չի ունենա: Թե ի՞նչ է կատարել իր պաշտոնավարման 15 տարիների ընթացքում, գյուղապետն ասաց. «Գյուղապետարանի շենքում մի քիչ գործ արել ենք՝ տանիքը փոխել ենք, մի փոքր վերանորգել: Մշակույթի տան շենքում ոչինչ չի արվել: Դա մեծ ծախսերի հետ է կապված, մենք այդ հնարավորությունը չունենք: Մեր բյուջեն եւ եկամուտները շատ քիչ է՝ 13 մլն. դրամ: Ուրիշ գործեր ենք անում, որ հասանելի է: Մշակույթի տանը անգամ պատուհաններ չկան, ապակիները կոտրվել են, տանիքից անձրեւաջուրը լցվում է ներս: Ոռոգման ջուրը գալիս է Գառնիից, խմելու ջրով ապահովված է բնակչության 70 տոկոսը»: Ըստ գյուղապետի՝ 1983 թ.-ից չի գործում նաեւ համայնքի մանկապարտեզը, քանի որ համայնքում քիչ երեխաներ են ծնվում: 2005 թ. նորակառույց դպրոցում տարիներ առաջ սովորել է 150 աշակերտ, այս տարի` 30 աշակերտ է. «Դպրոց հաճախում են 30 աշակերտ: Անցած տարի ունեցել ենք 4 առաջին դասարացի, եւ 4 շրջանավարտ: 2017թ. գյուղում երկու հարսանիք է եղել՝ 2 նորաստեղծ ընտանիք: Այս տարի 1 երեխա է ծնվել գյուղում»:



Շավարշ Սարգսյանը «Ծառուկյան Դաշինք» կուսակցության անդամ է: Հարցին` օգնու՞մ է կուսակցության առաջնորդը գյուղապետն ասաց. «Օգնում է, եթե առաջարկներ լինում են՝ բուժօգնության կամ այլ օգնության, դիմում ենք»:



Հիշեցնենք, որ ըստ ընտրական հանձնաժողովի կայքի՝ թեկնածուների գրանցումը կսկսվի փետրվարի 9–ից և կավարտվի փետրվարի 14–ին: Թեկնածուներն ինքնաբացարկի դիմում կարող են ներկայացնել մինչև մարտի 1–ը ժամը 18:00–ն: Իսկ նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է փետրվարի 21–ին, ավարտվելու մարտի 9–ին, ժամը 24:00:





**Նելլի Կարապետյան**