Գյուղնախարարը հորդորել է վերամշակողներին սկսել պայմանագրերի կնքման գործընթացը

Գյուղնախարարը հորդորել է վերամշակողներին սկսել պայմանագրերի կնքման գործընթացը
Գյուղատնտեսության նախարարը հանդիպում է ունեցել պտուղբանջարեղենային պահածոներ արտադրողների հետ` ընթացիկ հարցերը և զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով: Տեղեկանում ենք նախարարության լրատվության ծառայությունից։ Հանդիպման ընթացքում, Իգնատի Առաքելյանը հորդորել է վերամշակող ընկերություններին սկսել գյուղացիական տնտեսությունների հետ պայմանագրերի կնքման գործընթացը, որպեսզի նրանք վստահ լինեն, որ իրենց արտադրանքը երաշխավորված կերպով կմթերվի:



Նախարարը միաժամանակ առաջարկել է ակտիվորեն աշխատել ֆինանսական կառույցների հետ ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրից օգտվելու համար, որպեսզի մթերման սեզոնի մեկնարկին վարկերն արդեն հաստատված լինեն, և մթերումների դիմաց վճարումների կատարումն ընթանա սահուն և առանց ուշացումների:



Տեղեկացնելով, որ նախատեսվում է ընդլայնել լիզինգի պետական աջակցության ծրագրով տրամադրվող ապրանքների շրջանակը՝ Իգնատի Առաքելյանն առաջարկել է վերամշակողներին ներկայացնել իրենց անհրաժեշտ սարքավորումների ցանկը: