Ամերիկյան նոու -հաու՞

Ամերիկյան նոու -հաու՞
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցը կսկսեն փետրվարի 7-ին: Մինչ այդ, սակայն, ամերիկացի համանախագահ Շեֆերը ժամանել է Բաքու եւ արդեն երկրորդ օրն է, ինչ Ադրբեջանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Սեկուտայի հետ հանդիպումներ է ունենում: Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ Շեֆերն այցելել է Ապշերոնի շրջանի Մազասիր ավան, որտեղ  «ապրում են հարկադիր տեղահանվածներ»։



 Ամերիկացի համանախագահը վստահեցրել է, որ իր երկիրը շահագրգռված է ԼՂ խնդրի խաղաղ-բանակցային կարգավորմամբ: Հակամարտության գոտուց տեղահանված անձանց հետ հանդիպումը կարելի է համարել մարդասիրական քայլ, որի նպատակը մարդկանց մեջ առ վերջնական կարգավորում հույսի սերմանումն է: Իսկ ահա տեղեկատվությունը, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը հանդիպել է նաեւ  «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար» Բայրամ Սաֆարովի հետ եւ քննարկել կարգավորման հետ կապված հարցեր, որոշակիորեն զգաստացնող է: Նախ, դա ամերիկացի համանախագահի՞ նախաձեռնությունն է, թե՞ նա գործում է ռուս եւ ֆրանսիացի գործընկերոջ հետ համաձայնությամբ:



Երկրորդ, վերջին շրջանում խոսվում է բանակցություններին ԼՂ մասնակցության անհրաժեշտությունից, ինչին Ադրբեջանը հակադարձել է, թե դա «կարող է տեղի ունենալ միայն երկու՝ ադրբեջանական եւ հայկական պատվիրակությունների ձեւաչափով»: Այս համատեքստում  «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի» հետ ամերիկացի համանախագահի հանդիպումից կարելի է տպավորություն ստանալ, որ Միացյալ Նահանգները փորձում է ԼՂ կարգավորման բանակցություններում կարեւորել «ադրբեջանական համայնքի» դերը: Ըստ երեւույթին, հարկ կլինի համանախագահների Լեռնային Ղարաբաղ այցելության ժամանակ փորձել այս հարցում պարզություն մտցնել: