Դռնբաց նիստերը երբեմն կաշկանդել են ինձ, եվ ես սուր հարցադրումներ եմ արել նիստից առաջ

Դռնբաց նիստերը երբեմն կաշկանդել են ինձ, եվ ես սուր հարցադրումներ եմ արել նիստից առաջ
Արդարադատության նախկին նախարար **Հովհաննես Մանուկյանն** արագ արձագանքեց գործող նախարար Դավիթ Հարությունյանի նախաձեռնությանը՝ պատասխանելով մեր հարցերին։ Հիշեցնենք, որ այս շաբաթ կառավարության նիստում Դ․ Հարությունյանը զեկուցեց մի նախագիծ, որով առաջարկում է կառավարության նիստերն ապրիլից հետո անցկացնել դռնփակ ռեժիմով։ Այսինքն՝ այլեւս ուղիղ հեռարձակումներ չեն լինի, եւ լրագրողները չեն իմանա, թե ինչ են քննարկում կառավարության նիստում։ Թեպետ առանձնապես բան էլ չէին քննարկում, բայց անգամ այդ մի ձեւական քննարկումից էլ են ուզում հանրությանը զրկել։ Եվ սա համարում են «ժողովրդավարական քայլ»՝ ինչպես արտահայտվեց Դավիթ Հարությունյանը։ Հիմնավորումն էլ այն է, որ նախարարները կաշկանդվում են լրագրողներից ու չեն կարողանում ազատ արտահայտել իրենց մտքերը։



Հիշեցնենք, որ մոտ տասը տարի առաջ՝ Տիգրան Սարգսյանի օրոք, երբ որոշվեց կառավարության նիստերն անցկացնել դռնբաց, լրիվ հակառակ տրամաբանությամբ էին հիմնավորում՝ որ դռնբաց նիստը ժողովրդավարական քայլ է։ Հիմա, պարզվում է, դեմոկրատիայի չափանիշները մեր երկրում փոխվել են։



-**Պարոն Մանուկյան, նախ՝ ինչպե՞ս եք վերաբերվում Դավիթ Հարությունյանի առաջարկած նախագծին։ Որքանո՞վ է այն ժողովրդավար քայլ, հատկապես, որ նախկինում նիստերը դռնբաց անցկացնելը հիմնավորվել է հենց դեպի ժողովրդավարություն գնալու պահանջով**։



-Անկեղծ ասած՝ չգիտեմ ինչով է հիմնավորվել կառավարության նիստերը դռնբաց անցկացնելու անհրաժեշտությունը, բայց ես դրանում ավելի շատ պոպուլիզմի տարրեր եմ նկատում։ Սակայն անցյալը թողնենք այլ մասնագետների․ այժմ առաջարկվող կարգավորումը համարում եմ ճիշտ եւ անհրաժեշտ։ Այնպես, ինչպես շատ ճիշտ էր գործադիրի նիստերի ժամանակ զեկուցողներին պարտադիր ամբիոնի մոտ հրավիրելու անիմաստ արարողակարգային պահանջի վերացումը։ Գործադիրի նիստերն ու խորհրդակցությունները դռնբաց անցկացնելու գաղափարը հայեցակարգային սխալ է պարունակում։ Դրանք երկրի օպերատիվ կառավարման եւ քաղաքական պլանավորման կարեւորագույն որոշումների կայացման միջոցներն են, որտեղ ոչ թե պիտի կայանա դասական ժողովրդավարական իմաստով քաղաքական բանավեճ, այլեւ պետք է դառնա իշխող քաղաքական միասնական թիմի brainstorming։ Այս առումով գործադիրի աշխատաոճն էականորեն տարբերվում է պառլամենտի կամ դատարանի պրոցեսուալ արարողակարգից։



-**Երբ Դուք նախարար էիք, նիստերի դռնբաց լինելն ու ուղիղ եթերով դրանց հետեւելը Ձեզ որեւէ կերպ կաշկանդե՞լ են ազատ ու բաց արտահայտել Ձեր մտքերը, քննարկում ծավալել**։



-Պիտի ասեմ, որ՝ այո, երբեմն կաշկանդել են, եւ ես ստիպված եմ եղել բավականին սուր հարցադրումներ անել նիստերից առաջ կամ հետո։ Կաբինետի կազմում ընդգրկվելու առաջին իսկ օրերին զգացի դռնբաց նիստերի աննպատակահարմարությունը եւ այդ մասին կարծիքս կիսել եմ նաեւ իմ նախկին գործընկերների եւ վարչապետի հետ։ Գիտեք, որ ես լրագրողների հետ ազատ եւ ակտիվ շփում ունեցող պաշտոնյաներից եմ եղել, եւ իմ այս կարծիքը, հուսով եմ, չի մեկնաբանվի որպես կարծրացած բյուրոկրատի կամ լրագրողներից վախեցող ու ետնամուտքով փախուստի դիմող նախարարի։ Ի դեպ, իմ կարծիքով, գործադիր իշխանության գործունեության թափանցիկությունը պետք է ապահովվի այլ եղանակով եւ գործիքներով։ Իսկ այն «պրոդուկտը», որ տալիս են մեր լրատվամիջոցները կառավարության կցկտուր նիստերից կամ նիստերի կցկտուր հեռարձակումից, բավարար ինֆորմատիվ նյութ չէ եւ, առավելապես, սկանդալային լրագրության դրսեւորում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**