Հանձնաժողով, որն այդպես էլ իրական գործող մարմին չդարձավ

Հանձնաժողով, որն այդպես էլ իրական գործող մարմին չդարձավ
Երբ տարիներ առաջ՝ 2012-ին, ստեղծվեց եւ Բաղրամյան 26 հասցեում սկսեց գործունեություն ծավալել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, շատերը կասկած հայտնեցին, թե Սերժ Սարգսյանի քթի տակ ու աչքի առաջ գործող հանձնաժողովը չի կարող անկախ, հետեւապես՝ անաչառ լինել եւ կաշկանդված է լինելու հակակոռուպցիոն մարմնի իր առաքելությունն իրականացնելիս: Այսինքն՝ այդ հանձնաժողովը հերթական ֆիկտիվ կառույցն է լինելու՝ համալրելով այդպիսի առաքելություն ունեցող կառավարական եւ ոչ կառավարական կառույցների շարքը: Սա այն հանձնաժողովն է, որը վարում է պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրերի ռեեստրը, հայտարարագրերի վերլուծության գործընթացն է կանոնակարգում եւ հրապարակում դրանք: Հանձնաժողովի առաքելություններից մեկն էլ հայտարարագրմանն առնչվող իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելն է:



Մենք հարցում էինք ուղարկել հանձնաժողով՝ խնդրելով հայտնել, թե այս ընթացքում, ինչ գործում է, ներկայացված հայտարարագրերին առնչվող քանի իրավախախտում է հայտնաբերվել, դրանց վերաբերյալ քանի գործ է կազմվել եւ քննվել: Նաեւ՝ ի՞նչ ընթացք են ստացել այդ գործերը: Խնդրել էինք նշել նաեւ այն պաշտոնատար անձանց անունները, որոնց եւ նրանց փոխկապակցված անձանց հայտարարագրերի վերաբերյալ խախտումներ են հայտնաբերվել, եւ թե, մասնավորապես, ինչ իրավախախտումներ են եղել դրանք:



Հանձնաժողովից ստացված պատասխանում նշվում է. «Հայտարարագրերի վերլուծության մեթոդների (այդ թվում՝ հայտարարագրված տվյալների արժանահավատության ստուգման), հայտարարագրմանն առնչվող խախտումների եւ դրանց համար կիրառվող պատասխանատվության միջոցների վերաբերյալ օրինադրույթներն ուժի մեջ են մտել 2017 թվականի հուլիսի 1-ից եւ կիրառելի են դրանց ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ (առնվազն՝ հայտարարագրմանն առնչվող ընթացակարգային եւ բովանդակային խախտումների (առերեւույթ խախտումների) մասով): Հետեւաբար՝ օրենսդրական մակարդակում կարգավորումների բացակայության պայմաններում խախտումներին իրավական որակումներ չէին կարող տրվել»: Այսինքն՝ եթե անգամ հանձնաժողովը որեւէ իրավախախտում է հայտնաբերել որեւէ չինովնիկի հայտարարագրում, ապա այդ չինովնիկը կարողացել է «պլստալ» պատասխանատվությունից, քանի որ համապատասխան իրավական «կարգավորումներ» այդ պահին առկա չեն եղել: Ապօրինի հարստացումը, ինչպես հայտնի է, մեր երկրում այլեւս քրեականացվել է, եւ համապատասխան օրենքն ուժի մեջ է մտել 2017 թ. հուլիսի 1-ին: Հանձնաժողովից հայտնում են նաեւ, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ հայտարարատու պաշտոնատար անձանց (բացառությամբ պաշտոնավարող բարձրաստիճան պաշտոնատար անձանց) կողմից 2017 թ. հուլիսի 1-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը 2017 թ. սեպտեմբերի 15-ն էր:



Այս հանգամանքով պայմանավորված՝ հիշյալ հայտարարագրերի վերլուծության գործընթացը, օրենսդրական նոր կարգավորումներին համապատասխան, մեկնարկել է նշված ժամկետից հետո, ներկայումս ընթացքի մեջ է: «Այդ առնչությամբ, հանձնաժողովի կողմից բացահայտված առերեւույթ խախտումները քննության կառնվեն վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության շրջանակում, որոնց վերաբերյալ տեղեկությունները կհրապարակվեն սահմանված կարգով»,- հայտնել են հանձնաժողովից: Միաժամանակ, «Հանձնաժողովը հետեւում է նաեւ լրատվամիջոցների՝ հայտարարագրման վերաբերյալ հրապարակումներին եւ այդ առնչությամբ խախտումների մասին վկայող փաստերի առկայության դեպքում նախաձեռնում համապատասխան իրավական ընթացակարգեր»:



«2017 թ. հուլիսի 1-ից հետո ներկայացված հայտարարագրերի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա Հանձնաժողովի որոշումներով հարուցվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի երկու վարույթներ (վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 5-րդ մասով («հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը») նախատեսված առերեւույթ իրավախախտումների հատկանիշներով)»,- հայտնել են հանձնաժողովից եւ մանրամասնել. գործերից մեկի (ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության ստուգումների բաժնի պետ Հակոբ Հակոբյանի կողմից հայտարարագրված տվյալի առնչությամբ) քննության արդյունքներով հանձնաժողովը որոշել է կարճել գործի վարույթը:



Նշենք, որ Հակոբյանը 20 մլն դրամ կապիտալ ունեցող «Արարատ Ֆարել» ՍՊԸ-ի բաժնետեր է, ընկերությունը գործող է, սակայն պաշտոնյան հանձնաժողով ներկայացված հայտարարագրում շահաբաժնից եկամուտ չէր հայտարարագրել: Հ. Հակոբյանը քննության ընթացքում ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում «Արարատ-Ֆարել» ՍՊԸ-ի կողմից իրեն շահաբաժին չվճարելու վերաբերյալ ապացույց, եւ հանձնաժողովը կարճել է Հակոբյանի գործի վարույթը: Մյուս գործով հանձնաժողովը, հաստատված համարելով հայտարարատու պաշտոնատար անձի՝ ՀՀ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից իր հայտարարագրում ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու փաստը, գործի քննության արդյունքներով որոշում է կայացրել Առուշանյանի նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին՝ նշանակելով տուգանք: Տուգանքի չափը թեեւ հանձնաժողովը չի նշել, սակայն, մեր տեղեկությամբ, այն կազմում է 300 հազար դրամ:



Նշենք, որ Առուշանյանին է պատկանում շինանյութի մեծածախ առեւտրի մեջ մասնագիտացած «Գոր Մետալ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը: Այդ տվյալը նա չէր նշել հայտարարագրում, որպես եկամուտ հայտարարագրել էր միայն աշխատավարձը՝ 1 մլն 520 հազար դրամ, եւ չէր հայտարարագրել շահաբաժնից ստացված եկամուտը: Այս բացերը, փաստորեն, երիտասարդ քաղաքապետի համար 300 հազար դրամ են արժեցել:





**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**